Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ԿԱՐԳԵՐ ԵՎ ԿՈՉՈՒՄՆԵՐ

Հունիս 23,2006 00:00

ՆՈՐ
ԿԱՐԳԵՐ ԵՎ ԿՈՉՈՒՄՆԵՐ Անկախացումից հետո Հայաստանում ֆիզիկական
կուլտուրայի եւ սպորտի բնագավառում որոշակի խորհրդանիշներ, մարզական կարգեր եւ կոչումներ
շնորհելու սկզբունքներն ու չափորոշիչները փոփոխման կարիք էին զգում: Այսօր այդ խնդիրն
արդեն կարգավորվել է: Թե այսուհետ հանրապետությունում մարզական, ֆիզկուլտուրային
ի՞նչ կարգեր ու կոչումներ են լինելու եւ ի՞նչ սկզբունքներով են դրանք շնորհվելու՝
«Առավոտին» պատմեց ՀՀ սպորտպետկոմի նախագահի տեղակալ Միքայել Իսպիրյանը: «Խորհրդային
Միությունում կային ամենատարբեր մարզական կարգեր ու կոչումներ՝ սկսած պատանեկան առաջին
կարգից, մինչեւ սպորտի վաստակավոր վարպետ եւ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր
գործիչ, որոնք նորանկախ պետության պայմաններում արդեն ժամանակավրեպ էին: Այդ բացը
լրացնելու նպատակով անցած տարիներին սպորտի պետական կառույցը եւ ՀԱՕԿ-ը, խնդիրը բոլոր
իրավասու գերատեսչությունների հետ մանրամասն քննարկելով եւ ստացված առաջարկներն ու
կարծիքները հաշվի առնելով, կազմեցին մի փաթեթ եւ հեռանկարային հայեցակարգի տեսքով
ներկայացրին կառավարություն: Փաթեթով առաջարկվում է մարզական կարգերի առումով Հայաստանի
Հանրապետությունում սահմանել մեծահասակների համար միջազգային կարգի սպորտի վարպետ,
Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ եւ մարզական 1-ին կարգ, պատանիների համար՝
պատանեկան կարգ: Առաջարկը, որով ապահովվում է մարզիկի մարզական ցուցանիշների շարունակականությունը,
կառավարությունը հաստատել է, որից հետո այն վավերացրեց նաեւ ՀՀ նախագահը: Հաստատվել
են նաեւ մարզական կարգերի շնորհման չափորոշիչները եւ կարգը, որոնք մոտավորապես այսպիսին
են. Մանկապատանեկան կարգ շնորհում են մարզադպրոցները: Առաջին կարգ
կարող են շնորհել ըստ մարզաձեւերի հանրապետական ֆեդերացիաները, մարզական ընկերություններն
ու միությունները, մարզական խոշոր ակումբները, մարզական թեքումով գործող երկու քոլեջները:
Սպորտի վարպետի եւ միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում շնորհելու իրավունքը
վերապահված է բացառապես Սպորտպետկոմին: Ֆեդերացիաները հայտերը ներկայացնում են սպորտի
պետական կառույց: Դրանք ուսումնասիրվում են վարչություններում եւ համապատասխան եզրակացությունից
հետո որոշումն իր ստորագրությամբ հաստատում է Սպորտպետկոմի նախագահը: Կառավարությունը
հանձնարարել է նաեւ ներկայացնել այս կոչումների համար նախատեսված կրծքանշանների,
ինչպես նաեւ վկայականների ձեւերն ու բովանդակությունը: Դա նույնպես արված է: Կարծում
եմ՝ առաջիկա 10-15 օրում դրանք էլ կհաստատվեն: Ինչ վերաբերում է կոչումներին,
ֆիզիկական կուլտուրայի ոլորտում ունեցած ծառայությունների համար սահմանվում է ֆիզիկական
կուլտուրայի վաստակավոր աշխատողի, իսկ բարձր ցուցանիշներ ցույց տված մարզիկների մարզիչներին՝
վաստակավոր մարզչի կոչումներ: Այստեղ էլ սահմանվում են ընտրության չափորոշիչներն
ու ներկայացման կարգը ու շնորհելու իրավունք տրվում է միայն սպորտի պետական կառույցին:
Այստեղ մի թյուրըմբռնում կա, որը հարկ եմ համարում անպայման մեկնաբանել: Շատերը կարծում
են, թե սրանք պատվավոր կոչումներ են, որը շնորհելու իրավունք ունի միայն հանրապետության
նախագահը: Իրոք, պատվավոր լինելով՝ այդուհանդերձ, սրանք նախ եւ առաջ մարզական կոչումներ
են, որ շնորհել կարող է սպորտի պետական կառույցը: Քանի որ սա նորություն է
մեր հանրապետությունում, կառավարությունը ֆինանսների եւ արդարադատության նախարարությունների
հետ համատեղ «ՀՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» մայր օրենքում համապատասխան
փոփոխություններ ու լրացումներ է կատարել ու փաթեթը՝ նախագծի տեսքով, հաստատման ներկայացրել
Ազգային ժողով»: Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել