Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԻՆՉՈՒ ԵՆ ՍՊԱՆԵԼ ՍԵԴՐԱԿ ԶԱՏԻԿՅԱՆԻՆ

Հունիս 24,2006 00:00

«Հին»
թշնամա՞նք, թե՞ տնտեսական շահեր Հունիսի 22-ին Երեւանի Սեբաստիա եւ Տիչինա
փողոցների խաչմերուկում տեղի ունեցած ողբերգության արդյունքում քննությամբ չպարզված
անձը շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանելու դիտավորությամբ ինքնաձիգից
կրակահերթ է արձակել «Բրաբուս-Մերսեդես» մակնիշի 10 ՏՏ 045 պետհամարանիշի մեքենան
վարող 26-ամյա Սեդրակ Զատիկյանի վրա: Հիշեցնենք, որ Սեդրակը Մալաթիա-Սեբաստիա համայնքի
նախկին թաղապետ, արժանահիշատակ Վահան Զատիկյանի ավագ որդին է: Արձակված կրակահերթի
հետեւանքով վերջինս, ինչպես նաեւ պատահական անցորդ Կարինե Սարգսյանը (1969 թ. ծնված)
ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել են: ՀՀ գլխավոր դատախազության փոխանցած
տեղեկությունների համաձայն, փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քր. օր.-ի 104
հոդվածի 2-րդ մասի եւ 1-ին եւ 6-րդ կետերի, նաեւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Հետաքրքիրն այն է, որ իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել ու առգրավել
են 24 պարկուճ, որոնք արձակված են եղել միեւնույն զենքից: Բանն այն է, որ
որոշ ականատեսներ վկայել են տեղի ունեցած փոխհրաձգության մասին: Ավելին, մեր աղբյուրների
ասելով, այսօր հետախուզման մեջ է գտնվում Ս. Զատիկյանի ավտոմեքենային հետեւած ջիփերից
միայն մեկը՝ 10… 050 պետհամարանիշով (սերիան պարզել չհաջողվեց): Շրջանառվող ոչ
պաշտոնական տեղեկությունների համաձայն, դեպքին անմիջական մասնակցություն են ունեցել
եւս 2-3 ջիփեր, որոնց վերաբերյալ որեւէ պաշտոնական տեղեկություն առայժմ չկա: Հավելյալ
տեղեկությունը, որ մենք ստացանք մեր աղբյուրներից, այն է, որ արդեն սպանված Ս. Զատիկյանի
վրա, նախնական վարկածով, ստուգողական կրակոց է արձակվել նրան հետապնդող մեքենայից:
Ընդ որում, ականատեսների ասելով, Ս. Զատիկյանի մեքենայում եղել են եւս երկու հոգի,
որոնցից մեկը մարմնական վնասվածք է ստացել, իսկ մյուսը դիմել է փախուստի, եւ նրա
ով լինելը դեռեւս պարզված չէ: Կատարվածի առնչությամբ ոչ պաշտոնական շրջանակներում
հնչող վարկածներից ամենահիմնականը կապվում է դեռեւս 2003թ. մարտի 31-ից սկսված Սեդրակ
Զատիկյանի եւ Մալաթիա-Սեբաստիա համայնքից ընտրված ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի
եղբոր՝ Սիմոն Հակոբյանի որդու՝ Վարդան Հակոբյանի միջեւ ծագած լարվածության ու դրա
նախապատմության հետ, որին դեռ 2004թ.-ին «Առավոտն» անդրադարձել էր: Ըստ այդմ, երկու
երիտասարդների՝ Վարդան Հակոբյանի ու Սեդրակ Զատիկյանի հարաբերությունները սկսել էին
լարվել դեռեւս 2003-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի օրերին։ Թիվ 11
ընտրատարածքում իր թեկնածությունը դրած Հակոբ Հակոբյանի եղբորորդին՝ Վարդան Հակոբյանը
եւ այս «ճամբարի» այլ ներկայացուցիչներ սկսել են աշխատել հարեւան՝ թիվ 10 ընտրատարածքում
առաջադրված Վահան Զատիկյանի եղբոր՝ Վարազդատ Զատիկյանի մրցակից Սմբատ Այվազյանի օգտին:
Մոտ մեկամյա «սառը պատերազմի» ընթացքում երկու կողմից էլ եղել են փոխադարձ խայթոցներ,
սակայն առաջին լուրջ բախումը տեղի է ունեցել 2004թ.-ին` Օպերայի մերձակայքում: Գիշերային
ակումբներից մեկում հանդիպել են Վարդան Հակոբյանը՝ իր ընկերներով, եւ Սեդրակ Զատիկյանը՝
իր ընկերների հետ, որոնցից մեկն էլ ՀՀ զինված ուժերի զորամասի հրամանատար Մուշեղ
Բաբայանի (ջերմուկցի Համո) որդին է: Ըստ մեր աղբյուրի, այդ ժամանակ բախումը հրահրել
էր Վարդան Հակոբյանի «թիմը» եւ քանակական գերազանցությունը օգտագործելով՝ մարմնական
վնասվածքների աստիճանի ծեծել «հակառակորդին»: Ասում են, որ տեղի ոստիկանները վերջում
փորձել են կանխել դեպքը, բայց քանի որ ծեծողների մեջ է եղել ՀՀ ոստիկանությունում
ոչ ցածր պաշտոն զբաղեցնող մեկի որդին, վերջիններս չեն էլ արձանագրել դեպքը եւ դեռ
հասարակական կարգը խախտողներին են վերադարձրել «առգրավված» մահակները: Սրանից
հետո հարցը «խաղաղ բանակցություններով» լուծելու փորձ են արել Մուշեղ Բաբայանը, ՊՆ
փոխնախարար Մանվել Գրիգորյանի որդին (վերջինս Հակոբ Հակոբյանի փեսան է եւ Սեդրակ
Զատիկյանի մտերիմ ընկերը), նաեւ Հակոբ Հակոբյանն էր ե՛ւ այն ժամանակ, ե՛ւ դրանից
հետո փորձել կարգի հրավիրել իր զարմիկին, սակայն՝ ապարդյուն: Վ. Հակոբյանն ու նրա
ընկերները ծեծել էին Սեդրակ Զատիկյանի ընկերներից մեկին: Հենց այս դեպքից հետո էլ
Զատիկյանների «թիմը» հակահարված էր հասցրել Վարդան Հակոբյանին ու նրա ընկերներին:
2004թ. ապրիլի 1-ին, ժամը 16.00-ին, «Մալաթիա» բուժկենտրոնից ոստիկանության
Մալաթիա բաժին ահազանգ էր ստացվել, որ ձախ ձեռքի եւ աջ ոտքի հրազենային վնասվածքներով
իրենց մոտ է տեղափոխվել 1982թ. ծնված Նարեկ Խաչատրյանը եւ գլխի կոտրվածքով՝ 1980թ.
ծնված Վարդան Հակոբյանը: Ըստ պաշտոնական աղբյուրի, պարզվել էր, որ նույն օրը
Մալաթիա փողոցում խուլիգանական դրդումներով տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Վ.
Հակոբյանին մարմնական վնասվածքները հասցրել էին Սեդրակ եւ Անդրանիկ Զատիկյանները:
Վերջիններս իրենց մոտ եղած ինքնաձիգից եւ «Մակարով» տիպի ատրճանակից կրակել էին ու
ծեծել Վ. Հակոբյանին ու նրա ընկերոջը: Այն ժամանակ իրավապահները միջոցներ էին ձեռնարկել
Զատիկյան եղբայրներին եւ հանցագործության մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ,
բայց ինչպես պարզվում է՝ այդպես էլ ի հայտ չէին բերել, մինչեւ օրերս տեղի ունեցած
ողբերգությունը: Այն ժամանակ տեղեկություններ կային նաեւ, թե սույն միջադեպի այլ
մասնակիցներից մեկն էլ եղել էր ՀՀ ՊՆ փոխնախարար, ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ
Մանվել Գրիգորյանի որդին, ով տուժած Վարդան Հակոբյանի հետ վաղուցվանից ինչ-ինչ պրոբլեմներ
է ունեցել: Մեր աղբյուրները համարյա պնդում են, որ օրերս տեղի ունեցած «ռազբորկան»
հենց այս վաղեմի պատմության շարունակությունն է, առավել եւս, որ, ըստ որոշ ու չճշտված
տեղեկությունների, ողբերգության նախօրեին դարձյալ ինչ-ինչ «ռազբորկաներ» են եղել
Ս. Զատիկյանի մասնակցությամբ: Կան նաեւ այլ վարկածներ, որոնցից մեկով՝ Ս.
Զատիկյանն ինչ-որ մեկին գումար է պարտք եղել ու չի վերադարձրել, եւ իբր, նրան օր
առաջ զգուշացրած են եղել, որ եթե գումարը չվերադարձնի՝ կսպանեն: Սակայն քննությունը
վարող Երեւանի դատախազությանը մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ, բացի վերը
ներկայացված վարկածից, քննարկվում է նաեւ երկրորդ՝ հիմնական վարկած, որը կապված է
Վահան Զատիկյանին, իսկ այսօր արդեն Սեդրակ Զատիկյանին պատկանող «Փարոս» ռեստորանի
շուրջ ծագած վեճի հետ: Ըստ այդ վարկածի, մոտ մեկ շաբաթ առաջ Սեդրակ Զատիկյանը ԵԿՄ-ում
հանդիպել է ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի հետ, որտեղից նրանք գնացել են Արշալույս
գյուղում գտնվող սաունան, որտեղ էլ, իբր, Մ. Գրիգորյանը Սեդրակին առաջարկել է «Փարոսը»
վաճառել իրեն, ինչին վերջինս չէր համաձայնել: Դատախազությունում չեն բացառում, որ
սա նույնպես կարող է լինել տեղի ունեցածի մոտիվը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել