Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ի՞նչ եւ ինչո՞ւ խոսեց Բրայզան

Հունիս 24,2006 00:00

Ի՞նչ
եւ ինչո՞ւ խոսեց Բրայզան «Ազատություն» ռ/կ-ին տված բացառիկ
հարցազրույցում Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի եւ Ասիայի հարցերով տեղակալի
օգնական, այժմ արդեն ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հրապարակել
է այն հիմնարար սկզբունքները կամ առաջարկությունների փաթեթը, որն այսօր դրված է ղարաբաղյան
բանակցությունների սեղանին: «Մենք ունենք շրջանակային համաձայնագիր, որը
կոչ է անում դուրս բերել հայկական զորքերը Ադրբեջանի այն տարածքներից, որտեղ նրանք
ներկայումս տեղակայված են»,- հայտարարել է Մեթյու Բրայզան: «Մյուս կողմից, համաձայնագիրը
նախատեսում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տնտեսական եւ դիվանագիտական կապերի նորմալացում:
Կան նաեւ այլ դրույթներ, ինչպես, ասենք՝ խաղաղապահների տեղակայում, միջազգային տնտեսական
օժանդակություն Ղարաբաղի տարածաշրջանի համար եւ տնտեսական զարգացում: Այսինքն՝ սեղանի
վրա կա փաթեթային առաջարկ»,- հավելել է ամերիկացի դիվանագետը, անմիջապես էլ հակառակը՝
այսինքն փաստաթղթի փուլային բնույթն ապացուցող դրույթները ներկայացնելով. «Եվ վերջում,
ինչ-որ մի պահի նախատեսված է նաեւ քվեարկություն՝ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի
հարցով: Ահա սա է բանակցությունների սեղանին դրված առաջարկի հիմնական ուրվագիծը»:
Փաստորեն, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին ներկայացված է կոնկրետ առաջարկ,
նրանց սեղանին դրված է կոնկրետ համաձայնագիր, որը նրանք առայժմ հրաժարվում են ընդունել:
Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը հրաժարվել է մանրամասնել, թե հատկապես ո՞ր դրույթի
շուրջ չեն համաձայնում նախագահները: Մեթյու Բրայզան հորդորել է Հայաստանի եւ Ադրբեջանի
նախագահներին ընդունել այս համաձայնագիրը: «Մենք քաջալերում ենք նախագահներին ընդունել
շրջանակային համաձայնագիրը, ինչը քաղաքական քաջություն է պահանջում»,- ասել է նա:
Ինչպես տեսնում ենք, Բրայզայի որոշ ձեւակերպումներ բավական մշուշոտ են եւ
մի շարք հարցեր են առաջացնում: Դրանցից կարելի է առանձնացնել, օրինակ, հետեւյալը.
«կոչ է անում դուրս բերել հայկական զորքերը Ադրբեջանի այն տարածքներից, որտեղ նրանք
ներկայումս տեղակայված են»: Այստեղ, կարծես միտումնավոր, չի հստակեցվում, թե հատկապես
որ տարածքներն են նկատի առնվում: Կարելի է ենթադրել, իհարկե, որ նման բազմիմաստ սահմանման
հեռահար նպատակը ցանկացած պահի ցանկացած ձեւով այն մեկնաբանելու հնարավորություն
ունենալն է, ու թերեւս հենց այս իրադրության համար է ասված՝ սատանան մանրուքների
մեջ է: Բացի այս, հարկ է արձանագրել, որ ինչ-որ չափով տարօրինակ է Քոչարյանին
եւ Ալիեւին առաջարկված շրջանակային համաձայնագրի բովանդակության հրապարակման բուն
փաստը, եւ այն էլ՝ պաշտոնական միջնորդի կողմից: Ճիշտ է, ԼՂ խնդրի կարգավորման մոտ
տասներկուամյա պատմության մեջ նման «բացահայտումներ» էլի են եղել, սակայն, նախ՝ այդպիսիք
արվել են հակամարտող կողմերի մամուլ սպրդած արտահոսքի տեսքով, եւ ապա՝ ամեն անգամ
այդպիսով նշանավորվել է բանակցությունների հերթական ձախողումը: Տ.
Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել