Լրահոս
Օրվա լրահոսը

Անառողջ մթնոլորտ՝ դպրոցում

Հուլիս 04,2006 00:00

Երեւանի թիվ 125 դպրոցում վերջին ամիսներին անառողջ մթնոլորտ է տիրում

Կերպարվեստի ուսուցչուհի Նաիրա Տոռոզյանը բողոքի նամակներ է հղել քաղաքապետարանի կրթության վարչության պետին, քաղաքապետին, ԿԳՆ հանրակրթության վարչություն, խմբագրություն՝ տեղեկացնելով, որ դպրոցի տնօրենն իր դեմ ակցիա է սկսել, չի գնահատում իրեն եւ որոշ աշակերտների իբր սովորեցրել է, որ ասեն, թե ուսուցիչն իրենց ծեծել է:

Մայիսի 18-ին դպրոցի տնօրեն Ծովինար Ղազարյանը խիստ նկատողություն է տվել Ն. Տոռոզյանին՝ սովորողների նկատմամբ բազմաթիվ անգամ հոգեկան եւ ֆիզիկական բռնություն գործադրելու համար: Նկատողության համար հիմք են հանդիսացել արհկոմի նիստի արձանագրությունը, երեխայի իրավունքների մասին օրենքը, դպրոցի կանոնադրությունը եւ այլն: Մի քանի օրից տնօրենը նրան ազատել է աշխատանքից՝ այս անգամ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ դասարանների վերակոմպլեկտավորման արդյունքում ուսուցչի համար բավարար ժամաքանակ չի ապահովվում, բացի այդ, նա չունի համապատասխան կրթություն: Վերջին փաստը չի խանգարել, սակայն, որ Ն. Տոռոզյանը 15 տարի աշխատի դպրոցում:

Երեկ մենք եղանք թիվ 125 դպրոցում: Ներկա էր կոլեկտիվը, ինչպես նաեւ Նաիրա Տոռոզյանը, որ եկել էր իր ֆինանսական վերջնահաշվարկն անելու: Տնօրենը վերջինիս հրավիրեց՝ ներկա գտնվել խոսակցությանը եւ հայտնել իր անհամաձայնությունները՝ հնչող կարծիքների վերաբերյալ: Ն. Տոռոզյանը, սակայն, չհամաձայնեց ներկա գտնվել եւ հեռացավ: Մենք տեսանք այն բողոքները, որոնք ներկայացրել են ծնողները՝ Ն. Տոռոզյանի հասցեին:

Դասվարներից մեկը պատմում էր, որ երեխաներից բողոքներ է ստացել, որ կերպարվեստի ուսուցչուհին կոպիտ է վարվում իրենց հետ, եւ ինքն էլ ստիպված է ներկա գտնվել բոլոր դասերին, որպեսզի ուսուցչուհին հանկարծ հունից դուրս չգա: Տնօրենն էլ ասում է, որ եթե դասվարը չպետք է հանգստանա իր ազատ ժամերին, ուրեմն թող հենց ինքն էլ պարապի այդ դասերը, մանավանդ որ՝ դասվարին այդ դասաժամն օրենքով հասնում է: Ավելին, դեռ 3 տարի առաջ Ն. Տոռոզյանը օպտիմալացման տակ էր ընկնում, սակայն աշխատանքից չեն ազատել՝ ընտանեկան վիճակը հաշվի առնելով: Իսկ ուսուցիչներն ասում էին, որ «շատ բաներ հանդուրժել են, ծածկադմփոց են արել՝ իր մոր խաթեր»: Իսկ մայրը երկար տարիներ աշխատել է նույն դպրոցում, դասավանդել կերպարվեստ՝ աղջկանից առաջ:

ԿԳՆ հանրակրթության բաժնից եւ քաղաքապետարանի կրթության վարչության տեսուչ Սամսոն Շաշիկյանից տեղեկացանք, որ իրենք լսել են բոլոր կողմերին եւ համոզվել, որ տնօրենը գործել է օրենքի սահմաններում:

Կարծում ենք՝ այս պատմության մեջ կարեւոր է այն խնդիրը, թե ինչպես է այսօր ուսուցիչն աշխատանքի տեղավորվում. բացառապես՝ տնօրենի կամ ավելի վերեւների քմահաճույքով: Առաջիկայում ԿԳՆ-ում կմշակվի կարգ, ըստ որի ուսուցիչը իրավունք կունենա դպրոց մտնել միայն հատուկ հանձնաժողովի որոշումից հետո: Իսկ հանձնաժողովում ոլորտի պատասխանատուներից զատ կլինեն հոգեբաններ եւ մանկավարժներ, որոնք կտան իրենց հատուկ եզրակացությունները: Ի դեպ, կվերանայվեն նաեւ տնօրենների ընտրության մեխանիզմները:

ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել