Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՉ ՄԻ ԹԻԶ ՀՈՂ»

Հուլիս 05,2006 00:00

«Փոխզիջմանը
կողմ են հայրենիք չունեցողներն ու ստամոքս ունեցողները՝ Վարդան Օսկանյանը, Անդրանիկ
Մարգարյանը, Տիգրան Թորոսյանը եւ 131 պատգամավորից չգիտեմ քանիսը»,- ասում է Անկախության
բանակ ռազմաքաղաքական միավորման նախագահ Լյովա Սահակյանը: Երեկ «Փաստարկ»
ակումբում էին հավաքվել արցախյան ազատամարտի հրամանատարները՝ Արկադի Կարապետյանը
(Արցախի պաշտպանական ուժերի առաջին հրամանատար), Միքայել Ապրեսյանը («Արցախ» գնդի
հրամանատար) եւ Մանվել Եղիազարյանը («Արաբո» ջոկատի հրամանատար): Նրանք հանդես եկան
միասնական հայտարարությամբ՝ կապված Արցախի հարցի քննարկվող փոխզիջման տարբերակի հետ:
Այն մարդիկ, ովքեր պատերազմել են, զոհվել հայրենիքի համար կամ վիրավորվել, բայց հաղթել՝
չունեն կարգավիճակ: Նրանց մոտ 90%-ն այսօր գտնվում է սոցիալական ծանր պայմաններում
եւ իշխող օղակների կողմից ամեն ինչ արվում է, որ նրանց անցած ուղին վարկաբեկվի հասարակության
աչքում: Ըստ բանախոսների, այսօր խեղաթյուրվում է մեր շարժման պատմությունը,
եւ մարդիկ, ովքեր բացարձակապես կապ չունեն այդ պատերազմի հետ, որոշում են, թե ով
ինչ է արել եւ գնահատում են մասնակիցների արժանիքները: Նրանք մեկ անգամ եւս բարձրաձայնում
են, որ մեծ զոհերի գնով ազատագրված հայրենիքը՝ Արցախը, այսօր բանակցային գործընթացի
արդյունքում փորձում են տալ թշնամուն: Ուստի նրանք հայտարարում են. «Նա, ով ձեռք
կբարձրացնի մեր հայրենիքի թեկուզ ամենափոքրիկ մասի վրա, մեխանիկորեն իրեն դնում է
թուրք զավթիչի կարգավիճակում» եւ կոչ են անում բոլոր հայրենասեր ուժերին՝ միավորվել
եւ պաշտպանել վտանգված հայրենիքը: Արկադի Կարապետյանն ասաց. «Սկզբում մի գյուղ կտան,
հետո՝ մի շրջան, հետո՝ ԼՂՀ-ն, հետո՝ Հայաստանը, եւ դրա պատճառը իշխանությունների
թուլությունն է»: «Առավոտի» այն հարցին, թե առկա սոցիալական խնդիրներն արդյոք
իրենց անհետեւողականության արդյունքը չե՞ն, ինչից օգտվելով էլ իշխանությունները մի
քանի միլիոն են շպրտում ազատամարտիկների սոցիալական հարցերով զբաղվող հ/կ-ներին եւ
դրանով լռեցնում ձեր ձայնը, Մ. Եղիազարյանը պատասխանեց, որ սոցիալական հարցերի կցումը
սույն պահանջագրին ամենեւին էլ պատահական չէ. «Մենք գիտենք, որ լինելու է Արցախի
հարց եւ այս իշխանություններին մենք հիշեցնում ենք, որ գոյություն ունի ազատամարտ
եւ իրենց վարած պարտվողական քաղաքականությունը վատ վախճան է ունենալու: Մենք գիտենք
ով է օլիգարխը, հողատերը, իշխանավորը, ով ինչ է արել, եւ վստահաբար ասում եմ, որ
նրանք այդպիսին են եղել նաեւ արցախյան պատերազմի ժամանակ. հարմարվելով, կարագ ծախելով,
բանսարկելով՝ մարդիկ վերեւ են բարձրացել եւ այսօր հաղթելուց հետո փոշիացնում են պայքարը
եւ արժեզրկում են ամեն ինչ»: Նրա կարծիքով, քննարկվող տարբերակը փոխզիջում
չէ: Փոխզիջումն այն է, որ, օրինակ, տալիս ենք Աղդամը, վերցնում Շահումյանը. «Պարզապես
մարդիկ կուտակել են իրենց միլիարդները, վախենում են դրանց համար եւ մտածում են, թե
ինչպես ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հետ քյալա տան եւ ուզում են զիջել: Ես իմ զոհված եղբայրներին
չեմ կարող պատասխան տալ: 21 անհետ կորած տղաներ ունեմ, նրանց մայրերին ի՞նչ ասեմ՝
ինչի համար են նրանք կորել: Եթե առաջարկվող տարբերակին համաձայնվենք, վաղը մեր «եղբայր»
Ալիեւը կասի՝ տվեք ինձ պատերազմի հանցագործներին, հետո ասելու է՝ տվեք կանայք հարեմի
համար: Ես վստահ եմ, որ Ռոբերտ Քոչարյանը չի համաձայնելու, իսկ եթե կողքինները հորդորում
են նրան գնալ այդ քայլին, վաղը ամենաբարձրն են գոռալու, որ դավաճանը Քոչարյանն է
իսկ իրենք չէին ուզում: Մեկը ես՝ չեմ ներելու: Ամենաթույլ մարդը, որ ուզենա իր կյանքի
գնով վրեժխնդիր լինել, ամենաուժեղին էլ կհաղթի, իսկ մենք թույլ տղաներ չենք»,- ասաց
Մ. Եղիազարյանը: Լ. Սահակյանն էլ հիշեց ներկայիս պատգամավորներից մեկին, որն
իր կողմից պատժվել էր «թուրքերի ցավը տանեմ» արտահայտության համար եւ որի գլխին 9
կար էին տվել: Մ. Ապրեսյանն էլ խոսեց տարածաշրջան խաղաղապահներ մտցնելու հետեւանքների
մասին. «Ղարաբաղից արտահոսք կլինի, ադրբեջանցիներն էլ կրոլիկի նման շատանում են:
Նրանք կշատանան, հայերին էլ կբերեն 50 դոլար կտան, կասեն՝ եղբայր, ձայնդ տուր Իբրահիմին:
Եվ վերջում կտեսնենք, որ հանրաքվեի արդյունքում ընտրվել է ոչ թե Իսահակը, այլ Իբրահիմը»:
Համենայնդեպս, հրամանատարները հավատում են, որ իրենք հաղթելու են: Է.
ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել