Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում, ինչպես Հայաստանում

Հուլիս 05,2006 00:00

Թատրոնի մարդկանց վիճակն ամենուր նույնն է

Շարունակվում է հուլիսի 2-ին մեկնարկած, անվանի դերասանուհի Մետաքսյա Սիմոնյանի ծննդյան 80-ամյակին նվիրված հանրապետական թատերական փառատոնը:

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում հուլիսի 6-ին «Արտոնված եղեռն» պիեսի ներկայացմամբ (ըստ Աննա Պետրոսյանի «Եղերապատում» վավերագրության) հանդես կգա Արցախի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը: Հանդիպեցինք թատրոնի գեղարվեստական ղեկավար Լեոնիդ Հարությունյանին:

– Ճի՞շտ է, որ 1800-ականներին Շուշիի թատերարվեստը զուգահեռվել է Փարիզի հետ…

– Շուշիի թատրոնը 1860թ. հիմնադրել է Նիկիտա Խանդամիրյանը: Նա մեծահարուստի որդի էր, մինչ այդ իր հոր հորդորով Նիկիտան մեկնել էր Փարիզ՝ մանուֆակտուրայի գործը ուսումնասիրելու: Այնտեղ նա սիրահարվում է թատերարվեստին, վերադառնում Արցախ ու մեկենասություն անում Շուշիի թատրոնում: Այստեղ են խաղացել Պետրոս Ադամյանը, Ժասմենը, Սիրանույշը, Հովհաննես Աբելյանը եւ այլ երեւելիներ: 1905թ. արտաքինից ծաղկանոց հիշեցնող Շուշիի թատրոնի շենքը ադրբեջանցիներն են այրել: Վաղարշ Վաղարշյանը իր հուշերում գրում է, որ Ցարական Ռուսաստանի զինվորները հանգիստ հետեւում էին, թե ինչպես էր այրվում թատրոնի շենքը: 1932-ին որոշում է ընդունվում Ստեփանակերտում բացել հայկական թատրոն:

– Ասում են՝ Արցախի թատերական գործիչների դարդ ու ցավը հայաստանցիներից չի տարբերվում…

– Մենք նույն խնդիրներն ունենք: Շուրջ 19 դերասան է աշխատում մեր թատրոնում: Օրինակ, 40 տարի անընդմեջ բեմ բարձրացողը ստանում է 35000 դրամ, գոնե 100000 դրամ չստանա՞ր: Խաղացանկում ունենք 7-8 ընթացիկ ներկայացում, ամսական 14-15 ներկայացում ենք խաղում՝ ոչ միայն Ստեփանակերտում:

– Վերջերս, երբ զրուցում էինք Ստեփանակերտում համեմատաբար նորաստեղծ կամերային նվագախմբի ղեկավարի հետ, նա դրական խոսքեր շռայլեց Արցախի պաշտոնյաների հասցեին: Մի՞թե վերջիններս չեն կարողանում լուծել թատրոնի շենքի վերանորոգման հարցը:

– Դասական երաժշտության նվագախումբը Արցախում նորություն է, գուցե վերեւների լավ վերաբերմունքը կապված է դրա հետ: Չմոռանանք, որ նրանց ի սկզբանե հովանավորում է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը: Իհարկե, Արցախում էլ կան մեծահարուստներ, բայց, չգիտես ինչու, վերաբերմունքը թատրոնի հանդեպ այն չէ, նրանք նախընտրում են հովանավորել թեթեւ ժանրի միջոցառումներ:

Հուսով եմ, որ Արցախի նախագահ Արկադի Ղուկասյանի ուշադրության կենտրոնում գտնվող թատրոնի շենքի նորոգման աշխատանքները շուտով կսկսվեն: Մեր թատրոնը բազմիցս ունեցել է հրավերներ Ֆրանսիայից, Իրանից, Ավստրալիայից եւ այլ երկրներից, բայց դրամի հետ կապված պրոբլեմի պատճառով չենք կարողացել մեկնել:

Զրուցեց Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել