Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԿԻՆ ԵՎ ԳՈՐԾՈՂ ԼԻԴԵՐՆԵՐԻ ՆԱԽԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հուլիս 05,2006 00:00

Աշխատանքից ազատ ժամերին ինչո՞վ են զբաղվում աշխարհի գործող կամ նախկին լիդերները

Բրիտանական «Independent» թերթը նշում է, որ նրանք ազատ ժամանակը տրամադրում են տարբեր նախասիրությունների, որոնք երբեմն արտառոց են լինում:

Այսպես, Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը ճապոնական սումո ըմբշամարտի ջերմ սիրահար է եւ սիրում է այդ մենամարտերին հետեւել Ելիսեյան պալատում հանգստանալիս: Ընդ որում, Շիրակը հաճախ արժանին է մատուցում ֆրանսիացու համար բավականին տարօրինակ այնպիսի ըմպելիքի, ինչպիսին մեքսիկական գարեջուրն է: Հետաքրքիր է, որ նախագահի նախկին հովանավորյալ, իսկ հիմա հակառակորդ Նիկոլյա Սարկոզին Շիրակի հրապուրանքը «այնքան էլ ինտելեկտուալ» չի համարում՝ սումոն դասելով «տակաշորերով հաստլիկների» մարզաձեւերի շարքին:

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտնի է բեյսբոլի նկատմամբ անսահման սիրով: Նա բազմիցս է խոստովանել, որ երիտասարդ տարիքում բանակ գնացել է միայն այդ մարզաձեւով զբաղվելու եւ այդ ոլորտում փառքի հասնելու նպատակով: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը տեղեկացնում է, որ Չավեսը հրապուրված է նաեւ ազգագրական երգերով ու գեղանկարչությամբ:

Ճապոնիայի վարչապետ Կոիձումին Էլվիս Փրեսլիի մոլի երկրպագու է: Նա ոչ միայն հաճույքով լսում է ռոք-ն-ռոլի արքայի երգերը, այլեւ չի քաշվում անձամբ կատարել նրա ստեղծագործությունները: Օրինակ, նա անցած տարի Սիդնեյում երգել է Ավստրալիայի ԱԳ նախարար Ալեքսանդեր Դաուների հետ երկյակ կազմած, իսկ «I Want You, I Lov You» (Ուզում եմ քեզ, սիրում եմ քեզ) երգը կատարել է Բուշի ծննդյան օրը: Ավելին, Կոիձումին 2001 թվականին Էլվիսի երգերի իր ամբողջական հավաքածուից ընտրել է 25 երգ եւ սկավառակ թողարկել, որի կազմի վրա իր եւ իր կուռքի նկարն է: Սկավառակի 200 հազար օրինակն էլ արագ սպառվել է:

Երաժշտության հանդեպ ունեցած սիրով Կոիձումիին չի զիջում Իտալիայի արդեն նախկին պրեմիեր Սիլվիո Բեռլուսկոնին: Նա սիրո մասին նեապոլիտանական ոճի բազմաթիվ երգերի համար բառեր է գրել ու սկավառակներ թողարկել: Բեռլուսկոնին նաեւ գեղանկարների անչափ հարուստ հավաքածու ունի:

ՀԱՀ-ի նախագահ Տաբո Մբեկին չի հոգնում ինտերնետով ճանապարհորդելուց: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ նա անգիր հիշում է ինտերնետի համաշխարհային ցանցից իր քաղած ամբողջ ինֆորմացիան:

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Իրը կինոյից այն կողմ բան չի տեսնում: Նրա հավաքածուում 10 հազար կինոժապավեն կա: Ամենից շատ սիրում է «Կնքահայրը», «Ջեյմս Բոնդ» ֆիլմերը, ինչպես նաեւ Դաֆֆի բադիկի մասնակցությամբ մուլտերը: Կիմ Չեն Իրը Հյուսիսային Կորեայի պատմությանը նվիրված 100 մասանոց ֆիլմ է ստեղծել, գիրք է գրել կինեմատոգրաֆիայի տեսության մասին: Եվ սա դեռ ամենը չէ: Հյուսիսկորեացի լիդերի՝ կինոյի հանդեպ ունեցած մոլուցքից տուժում են նաեւ մարդիկ: Այսպես, 1978 թվականին նրա հրամանով Հոնկոնգում առեւանգվել ու Փխենյան բերման է ենթարկվել հարավկորեացի դերասանուհի Չոյ Յուն Խին: Ավելի ուշ ԿԺԴՀ-ի հատուկ ծառայությունները առեւանգել են նաեւ նրա ամուսնուն: Սակայն ամուսինները միմյանց հանդիպել են միայն հինգ տարի հետո՝ Կիմ Չեն Իրի մոտ ընդունելության ժամանակ, որտեղ երկրի ղեկավարը ներողամտություն հայցելով՝ նրանց խնդրել է իր համար կինո նկարել: Ամուսինները մինչեւ 1986 թվականին Արեւմուտք փախչելը ստիպված են եղել յոթ կինոժապավեն նկարահանել:

Իսկ Հորդանանի թագավոր Աբդուլլա 2-րդը սիրում է ռիսկը: Նա պարբերաբար մասնակցում է ավտոարշավների, ցատկում պարաշյուտով, անձամբ նստում օդանավի կամ ուղղաթիռի ղեկին:

Իրաքի նախկին առաջնորդ Սադամ Հուսեյնը սիրում է գիրք գրել: Նրա բեստսելլեր դարձած առաջին վեպը՝ «Զաբիբին եւ թագավորը», որ լույս է տեսել 2002 թվականին, երկրի տիրակալի եւ գեղջուկ աղջկա սիրո մասին է եւ ընդգրկված է եղել դպրոցական ուսումնական ծրագիր: Ճիշտ է, 2004 թվականին սկանդալ առաջացավ. լրատվամիջոցները տեղեկատվություն էին տարածել, թե Սադամի փոխարեն գրում են ուրիշները, իսկ ինքը ընդամենը որոշ ճշտումներ է մտցնում: Պնդում էին նաեւ, որ Սադամի «համահեղինակներից» մեկը 2003 թվականին մութ պատճառներով սպանվել է:

Բոլորը գիտեն, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զբաղվել է ձյուդոյով, ունի սպորտի վարպետի կոչում եւ հիմա էլ տատամի մտնելու առիթը բաց չի թողնում եւ նույնպես սիրում է անձամբ ռազմական ինքնաթիռներ վարել:

Իսկ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը գերազանց տիրապետում է բասկետբոլին, լեռնադահուկային սպորտին, հրաշալի լողում է, սեղանի թենիս խաղում:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել