Լրահոս
Օրվա լրահոսը

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԽՃԱՆԿԱՐ

Հուլիս 07,2006 00:00

Մոտենում է եվրագավաթների ժամանակը

Ֆուտբոլի աշխարհի առաջնության հուլիսի 9-ին կայանալիք Ֆրանսիա-Իտալիա եզրափակիչ խաղից, որում կորոշվի հողագնդի ներկայիս ուժեղագույն ազգային հավաքականը, ընդամենը երկու օր հետո հայ ֆուտբոլասերների ուշադրության կենտրոնում կլինեն եվրագավաթների խաղարկության հանդիպումները, որոնց մասնակցում են մեր հանրապետության առաջատար ակումբները:

Չեմպիոնների լիգայի առաջին որակավորման փուլի մեկնարկային խաղում Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» հուլիսի 11-ին, ժամը 19-ին կհյուրընկալի Մոլդովայի բազմակի չեմպիոն Տիրասպոլի «Շերիֆին»: Այս երկու թիմերը միմյանց հետ հանդիպել են 2002 թվականին՝ «Համագործակցության գավաթի» խաղարկությունում: Այն ժամանակ հաջողությունն ուղեկցել է մոլդովացիներին: Այնպես որ, վիճակահանությունը «Փյունիկին» վրեժխնդիր լինելու լավ հնարավորություն է ընձեռել: Միանշանակ է, որ երեւանյան հակամարտությունում դաշտի տերերը պետք է ամեն բան անեն մրցակցին հաղթելու համար, այն էլ՝ որքան հնարավոր է մեծ հաշվով, քանի որ հաջորդ փուլ անցնելու մասին մտածելուց առաջ դեռ պատասխան հանդիպում կա հուլիսի 18-ին՝ Մոլդովայում:

Քանի որ առաջին արգելքը հաղթահարող թիմը հանդիպելու է երկրորդ շրջանից պայքարի մեջ ներգրավվող Մոսկվայի «Սպարտակի» հետ, այդ ակումբի գլխավոր մարզիչ Վլադիմիր Ֆեդոտովը ցանկություն է հայտնել ներկա լինել «Փյունիկ»-«Շերիֆ» խաղին: «Մենք գիտենք, որ երկուսն էլ լավ թիմեր են, գլխավորում են իրենց երկրների ազգային առաջնությունները, մշտապես մասնակցում «Համագործակցության գավաթի» խաղարկությանը,- հայտարարել է նա «rus.spartak.com»-ում:- Սակայն կողմերի իրական հնարավորությունների մասին ճիշտ պատկերացում կկազմենք նրանց մրցապայքարին հետեւելուց հետո միայն»:

ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում Հայաստանը ներկայացնելու են երկրի փոխչեմպիոն Աշտարակի «Միկան» եւ բրոնզե մեդալակիր Երեւանի «Բանանցը»: Հուլիսի 13-ին «Միկան» ընդունելու է Շվեյցարիայի առաջնության երրորդ մրցանակակիր «Յանգ Բոյզին», իսկ «Բանանցը» նույն օրը Թբիլիսիում ուժերն է չափելու Վրաստանի գավաթակիր «Ամերիի» հետ: Պատասխան խաղերը նշանակված են հուլիսի 27-ին:

Արտաշես Բաղդասարյանը՝ ավստրիական ակումբում

Զանգվածային լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Երեւանի «Կիլիկիա» ֆուտբոլային ակումբի, Հայաստանի երիտասարդական եւ ազգային հավաքականների պաշտպան Արտաշես Բաղդասարյանը օրերս պայմանագիր է ստորագրել Ավստրիայի «Սուպերֆունդի» հետ եւ տեղափոխվել այդ ակումբ:

Հայ ֆուտբոլիստը, որ փորձաշրջան էր անցնում այնտեղ, «Սուպերֆունդի» կազմում վերջերս մասնակցել է Ուկրաինայի «Տավրիայի» հետ կայացած ընկերական հանդիպմանը, որում նրա թիմը հաղթել է 3:2 հաշվով: Արտաշեսի խաղը դուր է եկել ավստրիական ակումբի ղեկավարությանը, որը նրան հանձնել է 5 համարի մարզաշապիկը, իսկ մարզիչները Արտաշես Բաղդասարյանին արդեն իսկ հայտավորել են ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության հանդիպումներին:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել