Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐՋԻՆ ՀՈՒՅՍԸ ՎԱՐՉԱՊԵՏՆ Է

Հուլիս 19,2006 00:00

Այս եզրահանգմանն է եկել անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանը

Ա.Հարությունյանի ստեղծագործություններին բնորոշ են ազգային վառ նկարագիրը, ժանրային բազմազանությունը, ոճական ամբողջականությունը եւ անթերի ձեւը: 86-ամյա անվանի կոմպոզիտորի երկերը հնչել եւ հնչում են բոլոր մայրցամաքներում, աշխարհահռչակ մենակատարների, դիրիժորների ու կոլեկտիվների մեկնաբանությամբ: Ա. Հարությունյան կոմպոզիտորի ստեղծագործություններին շարունակում են անդրադառնալ արտերկրի հայտնի երաժշտական քննադատները, հեղինակավոր հրատարակչությունները, ռադիո եւ հեռուստաալիքները: Վերջին տարիներին, ինչպես կոմպոզիտորն է խոստովանում, իր գործերը հայրենիքում հնչում են միայն իր հոբելյանական երեկոներին: Ասվածին որպես եզակի բացառություն, օրերս Մոսկվայի «Կոմպոզիտոր» հրատարակչությունը լույս է ընծայել երաժշտագետ, կոմպոզիտոր, Երեւանի պետկոնսերվատորիայի պրոֆեսոր Միքայել Կոկժաեւի «Կոմպոզիտորական ոճի առանձնահատկությունները» գիրքը՝ նվիրված Ալ. Հարությունյանի կոմպոզիտորական արվեստին: Ընդ որում, գրքում զետեղված է երկու CD՝ կոմպոզիտորի ստեղծագործություններով: Ըստ մեր տեղեկությունների, գրքի հեղինակը հրաժարվել է իր հոնորարից, փոխարենը որոշ քանակությամբ գրքեր Հայաստան բերելու պայմանով:

«Առավոտը» քանիցս անդրադարձել է Հայաստանում ժամանակակից մեր կոմպոզիտորների երկերը հազվադեպ կամ ընդհանրապես չհնչեցնելու խնդրին: Հայտնի կոմպոզիտորը մտահոգված է ժամանակակից հայ կոմպոզիտորների, այդ թվում՝ իր գործերի հանդեպ անտարբեր վերաբերմունքից: Հետաքրքրվեցինք, թե նա այդ խնդրով դիմե՞լ է մշակույթի նախարարությանը: Պարոն Հարությունյանը նշեց, որ վերջին անգամ դիմել է մշակույթի էքս նախարար Հովիկ Հովեյանին, ստանալով հետեւյալ պատասխանը. «Մաեստրո, ես պետք է խոստովանեմ, որ այստեղ՝ նախարարի աթոռին ես ինձ զգում եմ «ժէկի» պետի դերում»: Հետաքրքրությանը՝ նոր նախարարին չի՞ դիմել, կոմպոզիտորն ասաց. «Հասմիկ Պողոսյանին, բնականաբար, ես գիտեմ վաղուց՝ ԱՕԿՍ-ում աշխատելու տարիներից: Մեծ հույսեր եմ կապում նրա հետ, մանավանդ որ Հասմիկը, իմ կարծիքով, հայաստանյան հեռուստառադիոոլորտի ամենաբանիմաց ու լավ կառավարիչ Ստեփան Կարպիչի դուստրն է, իսկ ես շատ եմ կարեւորում այդ հանգամանքը: Բայց նա դեռ նոր է այդ պաշտոնին. թողնենք մի քիչ հունի մեջ մտնի»:

Հետաքրքրությանը՝ թե խորհրդային տարիներին կոմպոզիտորը իր ստեղծագործական հարցերով անհանգստացրե՞լ է որեւէ պաշտոնյայի, պարոն Հարությունյանը կատակեց. «Նրանք էին ինձ անհանգստացնում»: Անվանի արվեստագետի հետ զրույցում անդրադարձ եղավ նրա «Սայաթ-Նովա» օպերային: Տեղեկացնենք, որ այն Երեւանի օպերային թատրոնում բեմ է բարձրացել 1969թ.՝ մեծանուն ռեժիսորներ Վարդան Աճեմյանի եւ Ռաֆայել Ջրբաշյանի բեմադրությամբ: Օպերայի կյանքը տեւել է շուրջ տասը տարի: Այն ներկայացվել է նաեւ Մոսկվայի Մեծ թատրոնում:

Ալ. Հարությունյանը մեզ ցույց տվեց մեծանուն կոմպոզիտորներ Արամ Խաչատրյանի եւ Դմիտրի Կոբալեւսկու նամակները՝ ուղղված իրեն, ուր կարդում ենք. «Ալեքսանդր, դու հավերժացրել ես ոչ միայն 18-րդ դարի աշուղին, այլեւ քեզ, բարձրացնելով աշուղական երգարվեստը դասականի բարձունքին: Թույլ տուր ասել, որ 20-րդ դարի հայ ոչ մի կոմպոզիտոր այդպիսի պրոֆեսիոնալիզմով չէր համեմի աշուղական երգարվեստը ժամանակակից երաժշտությամբ»: Իսկ թե ինչու օպերան վաղուց բացակայում է ազգային թատրոնի խաղացանկից՝ չհետաքրքրվեցինք կոմպոզիտորից, քաջ գիտենալով, որ միակ պատճառը ֆինանսն է: Հարցին՝ պատրաստվո՞ւմ եք գոնե կյանքում մեկ անգամ, «Սայաթ-Նովայի» կապակցությամբ դիմել որեւէ պաշտոնյայի, Ալ. Հարությունյանը պատասխանեց կարճ ու կոնկրետ. «Վերջին հույսս վարչապետն է»:

Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել