Լրահոս
Օրվա լրահոսը

ՁԵՎԱՎՈՐՎԵԼ Է ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ

Հուլիս 20,2006 00:00

Քաղաքացիական շարժման միասնական շտաբն այսօր իր առաջին ակցիան կկազմակերպի ՀՀ կառավարության շենքի մոտ:

Այսօր ժամը 10:00-ին Կենտրոնի կառուցապատման ու «պետական կարիքների» անվան տակ իրենց տներից տեղահանված քաղաքացիները՝ Հյուսիսային պողոտա, Բուզանդի, Արամի փողոցներ, «Կոզեռն» թաղամաս, ՀՀ կառավարության վարչական շենքի դիմաց իրենց առաջին միասնական բողոքի ցույցն են անելու: Ինչպես ՀԺԿ մամլո խոսնակ Ռուզան Խաչատրյանն ասաց, այդ ակցիան առաջինն է լինելու իրենց իրավունքների վերականգնման համար սկսված քաղաքացիական շարժման շրջանակներում: «Արդեն երկար ժամանակ է, ինչ ամեն հինգշաբթի կառավարության շենքի մոտ պիկետ են անում Կենտրոնի թաղամասերից տեղահանված քաղաքացիները՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելով կատարված անօրինականությունների դեմ: Տարբեր ժամանակահատվածներում՝ ՍԴ հայտնի որոշումից առաջ եւ հետո, նրանք տարբեր պահանջներ են առաջադրել: Մինչեւ ՍԴ-ում իրենց հարցի քննարկումը՝ այդ մարդիկ հույս ունեին, որ ՍԴ-ն արդար որոշում կկայացնի եւ դրա հիման վրա իրենց ոտնահարված իրավունքները կվերականգնվեն: ՍԴ որոշումը նրանց փոքր-ինչ թեւաթափ արեց, բայց էլի ինչ-որ հույսեր կային, թե անօրինականությունների շղթան կկասեցվի: Բայց կյանքը ցույց է տալիս, որ այդ մասով որեւէ փոփոխություն տեղի չի ունենալու: ՍԴ որոշումն ընդամենը հնարավորություն է տալու իշխանություններին արդեն օրենքով օրինականացնելու այն անօրինականությունները, որոնք տեղի են ունեցել մարդկանց՝ սեփական տներից վտարումների ժամանակ»,- ասաց Ռ. Խաչատրյանը՝ վկայակոչելով ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրինագիծը:

Այս ամենը նկատի ունենալով՝ իրենց սեփականությունից ապօրինաբար զրկված քաղաքացիները որոշել են համատեղել իրենց պայքարը՝ համարելով, որ առանձին-առանձին իրենք անզոր են պայքարել սեփական իրավունքների վերականգնման համար, որ դա անհեռանկարային է ու անիմաստ: Ավելին, Ռ. Խաչատրյանը շեշտեց, որ երկրում տեղի ունեցող անօրինականությունները կատարվում են իշխանության միեւնույն օղակի կողմից ու նրա հրահանգով՝ ՀՀ նախագահի նստավայրից: «Դա նույնիսկ այնքան ցինիկաբար է արվում, որ այսօրվա իշխանություններն ընդունելով հանդերձ, որ տեղի են ունեցել քաղաքացիների իրավունքների ոտնահարումներ, անօրինականություններ, բայց դրանց համար պատասխանատուներին պատասխանատվության չեն կանչում՝ համարելով, որ, ինչպես ՀՀ արդարադատության նախարարը հայտարարեց ԱԺ-ում, կատարողները դա միտումնավոր չեն արել: Ուստի, մենք միանշանակ գիտակցում ենք, որ այդ անօրինականություններ կասեցնելը հենց մեր՝ հասարակության գործն է, այլապես որեւէ օրենք, դատարանների, ՍԴ որեւէ որոշում օդից կախված են մնալու ու չեն կիրառվելու»,- մեզ հետ զրույցում ասաց տիկին Խաչատրյանը:

Նրա փոխանցմամբ, արդեն ձեւավորվել է մասնավորապես Կենտրոնի տեղահանված բնակիչների գործողությունները համակարգող միասնական շտաբ՝ քաղաքացիական նախաձեռնություն անվամբ, որը ղեկավարում է «պետական կարիքների համար» ծրագրի «զոհերից» մեկը՝ Վաչագան Հակոբյանը: Շարժման նպատակ է հռչակված կասեցնել երկրում տեղի ունեցող անօրինականություններն ու պահանջել, որ պատասխանատվության ենթարկվեն դրանց համար պատասխանատու պաշտոնյաները: Ռ. Խաչատրյանը նաեւ շեշտեց, որ շարժումն ամենեւին էլ չի սահմանափակվելու իրացված կամ իրացվելիք տարածքների բնակիչների իրավունքների պաշտպանության խնդիրներով եւ առավել ընդգրկուն է լինելու՝ ներառելով ու համախմբելով նաեւ այն քաղաքացիներին, ովքեր համարում են, որ իրենց իրավունքները՝ անկախ ոլորտներից, ոտնահարվել են եւ պայքարում են այդ իրավունքների վերականգնման համար:

ՀԺԿ մամլո խոսնակն այդ թվում մատնանշեց նաեւ հայաստանյան դատարաններում ընթացող դատական անօրինական պրոցեսների «զոհերին», որոնցից մեկն էլ զինծառայողի սպանության մեջ հանիրավի մեղադրվող Ռազմիկ Սարգսյանն է ու նրա ճակատագրին արժանացած այլ քաղաքացիներ, փոքր կրպակատերերը, որոնք իրենց իրավունքների հետ կապված՝ ժամանակ առ ժամանակ խնդիրներ են ունենում, ի վերջո, նաեւ ոտնձգությունների ենթարկվող լրագրողները, երկրում «կրիմինալ ռազբորկաների» զոհ դարձածները եւ այլն: «Սրանց դեմ առանձին-առանձին պայքարելն անիմաստ է, ու հասարակության առանձին խավեր դա մենակ անել չեն կարող: Սրանց բոլոր անօրինականությունների գլուխը թաղված է նախագահականի նստավայրում: Ուստի, ՀՀ այն քաղաքացիները, ովքեր համարում են, որ իրենց իրավունքները ոտնահարված են ամենատարբեր ոլորտներում, նրանք պետք է միավորվեն: Անօրինականություններին վերջ տալու միակ ձեւը դա է»,- վստահեցրեց տիկին Խաչատրյանը:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել