Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԵԺ ԱՄԱՌ-2006

Հուլիս 20,2006 00:00

Այսօր
հանրապետությունում սկսվում են ընդունելության քննությունները: 12 առարկաների գծով
առաջին օրը տարբեր բուհերում քննություններ կհանձնեն հազարավոր դիմորդներ: Հանրապետական
ընդունող հանձնաժողովը խոստանում է աշխատել հնարավորինս թափանցիկ եւ պաշտպանել բոլոր
դիմորդների շահերը: Լրագրողներս նույնպես առաջիկա մեկ ամսում կհետեւենք քննությունների
ընթացքին եւ կփորձենք համակողմանիորեն անդրադառնալ մեր ընթերցողներին ու դիմորդներին
հուզող հարցերին: Հաջողություն ենք մաղթում բոլոր դիմորդներին եւ անդրադառնում այն
մասնագիտությունների մրցութային պատկերին, որոնց մեր նախորդ հրապարակումներում չենք
անդրադարձել: Երեւանի պետական Ճարտարագիտական համալսարանում դիմորդների թիվը
1575 է: Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Արտաշես Թադեւոսյանն ասում
է, որ այն 101-ով ավելի է անցյալ տարվա համեմատ: Այս բուհում առավելագույն թվով դիմումներ
են գրանցվել մաթեմատիկայի դեպարտամենտում՝ 41 դիմում 5 անվճար եւ 10 ատ-ով տեղի համար:
Կոմպյուտերային համակարգեր եւ ինֆորմատիկայի դեպարտամենտում ցուցանիշներն են հաջորդաբար
356, 55,46, ընդերքաբանության եւ մետալուրգիայի դեպարտամենտում՝ 162,27,35: Նշված
երեք բաժիններում էլ աճել է դիմորդների թիվը: Ա. Թադեւոսյանը տեղեկացրեց, որ իրենք
աշխատել են 4 փնջերով, իսկ դեպարտամենտների վարիչները ձեւավորել են գովազդային բաժիններ,
որտեղ ցուցանակներով ներկայացրել են դիմորդներին տվյալ բաժինը: Բրյուսովի
անվան պետական լեզվաբանական համալսարան այս տարի դիմել է 1078 հոգի։ Ընդունող հանձնաժողովի
պատասխանատու քարտուղար Հայկազ Բադիկյանը տեղեկացրեց, որ իրենց բուհ դիմողների թիվը
95-ով ավելի է նախորդ տարվանից։ «Այս 95 դիմումները հիմնականում բաշխվում են լեզվաբանություն
եւ միջմշակութային հաղորդակցություն, ռուսաց լեզու եւ գրականություն եւ օտար լեզուների
ֆակուլտետների վրա։ Մեծացել է հետաքրքրությունը ֆրանսերեն եւ գերմաներեն մասնագիտությունների
նկատմամբ»,- ավելացրեց Հ. Բադիկյանը։ Օտար լեզուների ֆակուլտետի անգլերեն
լեզվի բաժնում գրանցվել են առավելագույն թվով դիմումներ՝ 330՝ 40 անվճար տեղի համար։
892 հոգի նախընտրել է Երեւանի պետական բժշկական համալսարանը։ Ընդունող հանձնաժողովի
պատասխանատու քարտուղար Գեւորգ Ադամյանը տեղեկացրեց, որ ընդհանուր բժշկություն եւ
մանկաբուժություն բաժին է դիմել 553, ստոմատոլոգիական՝ 160, դեղագործական՝ 64, բուժական
գործ զինված ուժերում՝ 115 հոգի։ Հիշեցնենք, որ նշված երեք եւ ռազմաբժշկական բաժնի
համար հատկացված են 148 պետպատվերով եւ շուրջ 300 վճարովի տեղեր։ Այժմ բուհերի ընդունող
հանձնաժողովները պատրաստվում են ընդունելության քննություններին՝ դրանք առավելագույնս
արդյունավետ կազմակերպելու համար: Ընդհանուր առմամբ, այս տարի սուր մրցակցություն
է սպասվում հատկապես անգլերեն լեզու (մանկավարժականում մրցույթը 6 անվճար տեղի համար
142 է, լեզվաբանական համալսարանում՝ 40-330, ԵՊՀ-ում՝ 15-340) եւ տնտեսագիտություն
մասնագիտությունների դեպքում: Միայն ԵՊՀ տեսական տնտեսագիտություն, ֆինանսներ եւ
վարկ մասնագիտության դեպքում 25 տեղի համար 392 դիմում է: Տնտեսագիտական համալսարանում
անվճար տեղերի թիվը 272 է, իսկ առաջին հայտով ստացված դիմումները 1633-ն են: Այս
տարի, նախորդ տարիների համեմատ, դիմորդների թվի աննախադեպ աճ է գրանցվել ԵՊՀ Իջեւանի
մասնաճյուղում՝ 420 եւ Գավառի պետական համալսարանում՝ 395: Վերջին տարիներին
պահանջարկ չի նկատվում այն մասնագիտությունների գծով, որոնք, ըստ ԿԳ նախարար Լ. Մկրտչյանի,
մեծ նշանակություն ունեն մեր երկրի ապագայի համար: Դրանք են՝ բնագիտական ուղղվածությամբ
մասնագիտությունները, հիմնարար մաթեմատիկան, կենսաբանությունը, ֆիզիկան: Այսինքն՝
այն մասնագիտությունները, որոնցով այսօր փող չես աշխատի: ՏԱԹԵՎ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել