Լրահոս
Օրվա լրահոսը

Վախենո՞ւմ են հարյուր տոկոսանոց համամասնականից

Հուլիս 26,2006 00:00

Երեկ ԱԺ նախագահի մոտ ավարտվեցին «Ընտրական օրենսգրքի» քննարկումները

Դրանք կշարունակվեն օգոստոսի վերջերին, երբ Հայաստան կժամանեն Վենետիկի հանձնաժողովի փորձագետները եւ իրենց «տղամարդու» խոսքը կասեն հայ օրենսդիրների տքնաջան աշխատանքի մասին: Երեկ պատգամավորները ՀՀԿ խմբակցության եւ «Ժողպատգամավոր» խմբի թեթեւ ձեռքով չեն քննարկել հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու «Արդարություն» խմբակցության առաջարկը` այն դեպքում, երբ դրան կողմ են եւ ՀՅԴ-ն, եւ ՄԱԿ-ը, եւ ՕԵԿ-ն ու «Ազգային միաբանությունը»: Ըստ էության, Հանրապետականը կարողացավ չարաշահել իր դիրքը եւ խանգարեց այդ խիստ կարեւոր հարցի քննարկումը` այդպիսով ապացուցելով, որ մեծամասնական ընտրակարգը իր համար հույժ կարեւոր է առաջիկա ընտրություններում մեծամասնություն ապահովելու համար:

«Արդարություն» խմբակցության ներկայացուցիչ Վարդան Մկրտչյանը մեզ տեղեկացրեց, որ, ըստ ամենայնի, «Արդարությունը» իր ստորագրությունը ետ կվերցնի «Ընտրական օրենսգրքի» նախագծից, քանի որ չեն պահպանվում պայմանավորվածությունները, եւ իրենց համար կարեւոր, սկզբունքային նշանակություն ունեցող այդ հարցը չի էլ քննարկվում խորհրդարանական մեծամասնության կողմից, երբ այդ նույն մեծամասնության ուժերից ընդամենը միայն մեկն է դեմ: Վարդան Մկրտչյանը ասաց, որ վերջնական որոշումը կկայացվի խմբակցության առաջիկա նիստի ժամանակ:

Վարդան Մկրտչյանը կարեւորեց նաեւ հանձնաժողովների ձեւավորման հարցը: Ըստ ընդդիմության ներկայացուցչի, հանձնաժողովների ձեւավորմանը պետք է մասնակցեն միմիայն քաղաքական ուժերը, այսինքն` ԱԺ խմբակցությունները, իսկ ՀՀ նախագահը, դատավորները եւ «Ժողպատգամավոր» խումբը այդ գործին մասնակցություն չպետք է ունենան:

«Ազգային միաբանություն» խմբակցության քարտուղար Ալեքսան Կարապետյանը տեղեկացրեց, որ իրենք տարբեր կարեւոր հարցերի վերաբերյալ շուրջ 19 առաջարկ են ներկայացրել, որոնք ընդունվել են, եւ միայն դրանց պահպանման համար իրենք կստորագրեն «ԸՕ»-ի նախագծի տակ` համամասնական ընտրակարգի վերաբերյալ վեճը խորհրդարանի դահլիճ տեղափոխելու հեռանկարով: Պարոն Կարապետյանը արտահայտեց նաեւ իրենց խմբակցության հատուկ դիրքորոշումը. «ԱՄ»-ն քաջ գիտակցում է, որ իշխանությունը բռնազավթած Քոչարյան-Սարգսյան զույգի օրոք, անգամ ամենակատարյալ «Ընտրական օրենսգրքի» պայմաններում, խախտումներ անելու ձգտումը ներհատուկ է լինելու նաեւ ԱԺ առաջիկա ընտրություններում»:

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել