Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԻԿ ԴԱՐՉԻՆՅԱՆԸ ՌԵՍՏՈՐԱՆ Է ԲԱՑԵԼ

Օգոստոս 24,2006 00:00

Բայց
պրոֆեսիոնալ ռինգին հրաժեշտ տալ չի պատրաստվում Թեթեւագույն՝ մինչեւ 50,8
կգ քաշային կարգում IBF-ի եւ IBO-ի վարկածներով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը
անցած հանգստյան օրերին Սիդնեյում բացել է իր առաջին ռեստորանը: «Իմ մտերիմ
ու բիզնեսում գործընկեր Հարի Օբին առաջարկել էր ռինգի իմ մականունով («Raging Bull»)
ռեստորան բացել,- «Secondsout.com»-ին այդ առիթով տված հարցազրույցում ասել է Վիկը:-
Առաջարկը ինձ դուր եկավ: Կարծում եմ, որ այս հաստատությունը ճանաչում կունենա ինչպես
Սիդնեյի բնակչության, այնպես էլ հյուրերի շրջանում»: Իսկ Օբին հայտարարել է. «Ես
Վախթանգի մենամարտերից շատերն եմ տեսել եւ պետք է ասեմ, որ դրանք ինձ շատ են դուր
գալիս: Առաջ ես Ջեֆ Ֆենեկի մեծ երկրպագուն էի (Ֆենեկը հիմա Դարչինյանի մարզիչն է):
Իսկ հիմա պաշտում եմ Վիկին: Նրա նման մարդկանց հետ աշխատելը մեծագույն հաճույք է»:
Դարչինյանի խոսքերով՝ ռեստորան բացելն ամենեւին էլ բռնցքամարտիկի կարիերան
շուտ ավարտել չի նշանակում: «Հեռանա՞լ: Ո՜չ: Ես առաջիկայում ռինգը թողնել չեմ ցանկանում:
Դեռ մի քանի տիտղոսներ ունեմ նվաճելու»,- հայտարարել է նա: 30-ամյա բռնցքամարտիկի
հաջորդ մենամարտը նշանակված է հոկտեմբերի 7-ին: Բայց մրցակիցը WBO-ի վարկածով արգենտինացի
Օմար Նարվաեսը չի լինելու: Վերջինս չի համաձայնել Դարչինյանի հետ մենամարտել անգամ
պրոումոթեր Հերրի Շոուի՝ Արգենտինա կատարած հատուկ այցից հետո: «Ես Նարվաեսի մասին
այլեւս չեմ մտածում,- հայտարարել է Վախթանգը:- Ինչո՞վ բացատրել նրա՝ Ամերիկա մեկնելուց
ու ինձ հետ մենամարտելուց հրաժարվելը: Միայն ինձ պարտվելու ահից»: Վիկը վստահ է,
որ իր քաշային կարգում ի վիճակի է հաղթել յուրաքանչյուրին, բայց նաեւ համոզված է,
որ անդրկուլիսային խաղերը խանգարում են իրեն միավորել տիտղոսները: «Այսպիսին է ժամանակակից
բռնցքամարտը,- ասում է Վախթանգի մարզիչ Ջեֆ Ֆենեկը:- Լավագույններն այլեւս միմյանց
հետ չեն մրցում: Հակառակ դեպքում Վախթանգը կմիավորի բոլոր գոտիները եւ ամենքը կհամոզվեն,
որ նա է իսկապես լավագույնը»: Ֆենեկը նաեւ ասել է, որ իր սանի համար ամենացանկալի
մրցակիցը մնում է հիմա մարզավիճակի գագաթին գտնվող մեքսիկացի Խորխե Արսեն, ով վերջերս
որոշել է ավելի բարձր քաշային կարգ տեղափոխվել: «Խորխեն դեմք է բռնցքամարտում, ու
Վախթանգը պատրաստ է նրա հետեւից գնալ առաջին թեթեւագույն քաշ: Ես ընդամենն ուզում
եմ, որ Դարչինյանը շարունակի անել այն, ինչը մինչեւ հիմա գերազանց է կատարում: Եթե
նա շարունակի իրեն հատուկ ձեւով մարզվել, նրան կանգնեցնող չի լինի»: Պատր.
Ք. ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել