Լրահոս
Օրվա լրահոսը

«Անեծքը քաղաքական կատեգորիա չէ»

Հոկտեմբեր 24,2006 00:00

Հիշեցնում է ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը

Խորհրդարանը երեկ միահամուռ դեմ արտահայտվեց պատգամավոր Թաթուլ Մանասերյանի օրենսդրական նախաձեռնությանը՝ ստեղծել ցեղասպանության հարցերը քննարկող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով: Իր այս դիրքորոշմամբ, ըստ էության, խորհրդարանը դեմ կանգնեց նաեւ կառավարությանը, քանի որ պատգամավորի այս առաջարկությանը նախ դրական կարծիք էր ներկայացրել կառավարությունը: Սակայն, ինչպես պարզվեց, կառավարությունը ոչ մի դրական կարծիք էլ չէր հայտնել եւ արդարադատության նախարարը ինքն իրեն հենց այնպես ասել էր, թե կառավարությունը կողմ է: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը բացառիկ որոշում կայացրեց՝ տվյալ հարցը քվեարկել փաթեթից դուրս, առանձին. «Ես կիսում եմ իմ գործընկերների այն մտահոգությունը, որ նման հանձնաժողովի ստեղծումը հնարավորություն է տալու հարեւան երկրին՝ ասելու, որ այս Հայաստանի խորհրդարանը անում է այն, ինչ իրենք առաջարկում էին: Անգամ գրված է, որ պետք է ճշտվի հայոց ցեղասպանություն հասկացությունը: Ի՞նչ պիտի ճշտենք, ինձ համար անընդունելի է նման հանձնաժողովի ստեղծման գաղափարն իսկ»: Իսկ ԱԺ փոխնախագահը նկատեց. «Որպես փորձ ունեցող մարդ՝ ասեմ, որ ժամանակավոր հանձնաժողովներն այդքան էֆեկտիվ չեն մեր հասարակության մեջ, որովհետեւ դրանց մեջ առաջացած տարաձայնությունները դառնում են հասարակության սեփականություն, արտացոլվում են թերթերում եւ ստեղծում են մի մթնոլորտ, որից մենք միայն ու միայն տուժելու ենք»։

Առավել էմոցիոնալ էր «Գերակա շահի» մասին մի անգամ մերժված օրենքի՝ օրակարգ մտցնելու հարցի քննարկումը։ ԱԺ նախագահը իր ելույթում ասաց, որ «անկախ որեւէ մեկի ցանկությունից, օրենքը պարտադրում է, որ մենք այս փաթեթը անպայման այս քառօրյայում քննարկենք, մնում է մի բան՝ աշխատել օրենքի նախագիծը բարելավելու վրա»: Կառավարությունը համառորեն խորհրդարան է բերում մի նախագիծ, որին անգամ մեծամասնությունը կողմ չի քվեարկում, որի շուրջ տեղի ունեցան լսումներ, եւ որը դարձյալ ներկայացվեց առանց այդ լսումների ժամանակ արված առաջարկությունների: Թե ինչո՞ւ է կառավարությունը այդքան համառում եւ հետեւողականորեն պարտվում, դեռ հայտնի չէ, մի բան պարզ է. այս հարցը եւս դարձել է հերթական շոուի բաղկացուցիչ, եւ խորհրդարանի մոտ հավաքված բազմությունը, մարդիկ, ովքեր տուժել են կառավարության թեթեւ ձեռքով՝ զրկվելով Կենտրոնի եւ Բուզանդի փողոցի իրենց տներից, դրա դիմաց բավարար եւ արժանապատիվ փոխհատուցում անգամ չստանալով, երեկ դարձյալ հավաքվել էին ԱԺ շենքի մոտ՝ պահանջում էին, որ պատգամավորները օրինագիծը չընդունեն եւ հաշվի առնեն իրենց առաջարկությունները: Ցուցապաստառներ եւս բերել էին, մասնավորապես՝ «Տնաքանդությունը մեղք է» եւ այլ կարգախոսներով: Այս օրինագծին դեմ դարձյալ ակտիվորեն խոսում էին «Արդարություն» եւ ՕԵԿ խմբակցությունները: Հովհաննես Մարգարյանը, մասնավորապես, հիշեցրեց, որ նույն հարցի առիթով հրավիրված խորհրդարանական լսումների ընթացքում տուժածներից մեկը անիծեց իրենց բռնահանածներին, օրենքը ներկայացնողներին եւ այն ընդունողներին: Վահան Հովհաննիսյանը իր հերթին առաջարկեց «Անեծքը քաղաքական կատեգորիա չդարձնել, որովհետեւ հայհոյանքն արդեն սկսել է դառնալ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել