Լրահոս
Օրվա լրահոսը

«ՋԱՎԱԽՔՈՒՄ ՆՈՐ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ»

Նոյեմբեր 02,2006 00:00

\"\"«Երկիր» հ/կ նախագահ Սեւակ Արծրունին կոչ է անում Վրաստանի եւ Հայաստանի իշխանություններին՝ հաշվի նստել դրանց հետ: \"\"

«Վրաստանում 2006թ. հոկտեմբերի 5-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքը, Ջավախքում՝ ընդհանրապես եւ Ախալքալաքում՝ մասնավորապես, փաստեցին, որ Սահակաշվիլու վարչակազմի հայտարարությունները, որ երկիրը առաջընթաց է գրանցել ժողովրդավարացման ուղղությամբ, չեն համապատասխանում իրականությանը», – երեկ «Առավոտի» հետ իր զրույցում ասաց «Երկիր» հայրենադարձության եւ հիմնավորման հասարակական կազմակերպության նախագահ Սեւակ Արծրունին: Ըստ նրա, Վրաստանի իշխանությունները «նախընտրեցին այդ ճանապարհը այն պատճառով՝ որ նրանք, ինչպես եւ անցյալում, խուսափում են իրենց պետության էթնիկ փոքրամասնություն կազմող հայ ազգաբնակչության հետ ուղղակի երկխոսությունից, ջավախահայության կենսական շահերը ներկայացնող կազմակերպությունների հետ բանակցելուց, քանի որ չեն ցանկանում իրական լուծումներ տալ ջավախահայության խնդիրներին»:

Իսկ «ինչպիսի՞ն է Վրաստանում ավարտված ՏԻՄ ընտրությունների ձեր ընդհանուր գնահատականը» «Առավոտի» հարցին Ա. Արծրունին պատասխանեց. «Մոտիկից հետեւելով այնտեղ ընթացող գործընթացներին, մեր կազմակերպությունն արձանագրել է, թե ինչպես էին Ախալքալաքում ՏԻՄ ընտրությունների օրը, Սահակաշվիլու «Միասնական ազգային շարժում» կուսակցության մեջ ընդգրկված տեղական կլանների ներկայացուցիչները բացահայտ սպառնալիքների եւ ճնշումների միջոցով գործադրում ընտրակեղծիքների մեխանիզմները՝ քվեաթերթիկների լցոնումներ, ուրիշների անձնագրերի միջոցով քվեարկություններ, ընտրատեղամասերում իշխանական կուսակցության օգտին քվեարկելու բացահայտ ցուցումներ: Արդյունքում, Ախալքալաքի շրջանի մի շարք գյուղերում գրանցվեցին ընտրողների 95%-ից բարձր մասնակցության թվեր եւ իշխող կուսակցության օգտին գյուղի բոլոր ընտրողների, այսինքն՝ 100%-ի քվեարկություն»:

Ըստ պարոն Արծրունու, «Միասնական Ջավախք» Ժողովրդավարական դաշինքը» հասարակական այն կազմակերպությունն էր, որը միավորում է երկրամասի երիտասարդության ճնշող մեծամասնությանը եւ որը ժողովրդի կողմից իշխանությունների նկատմամբ առկա դժգոհության ալիքի վրա փաստորեն հաղթեց ընտրությունները: Բոլոր օրինական ճանապարհներով՝ հանրահավաքների, բողոքի ցույցերի եւ այլ միջոցներով, ընտրությունների արդյունքները բողոքարկվել են: Հոկտեմբերի 9-ին տեղի ունեցած ցույցի ընթացքում ոստիկանապետի կողմից հրահրած սադրանքի հետեւանքով Ախալքալաքում տեղի ունեցավ հայտնի միջադեպը: Ոստիկանապետը կրակ բացեց ժողովրդի վրա եւ դրա հետեւանքով ծեծի ենթարկվեց»:

«Հայաստանում այդ դեպքերին հաջորդած աղմուկը, Վահագն Չախալյանի եւ իր ընտանիքի անդամների վրա հարձակումը, նրա ձերբակալությունը պետք է ընկալել մեկ գործոնի տրամաբանությամբ՝ Ջավախքում վերահսկողության ապահովումը, քանի որ Ջավախքը ռազմավարական նշանակություն ունեցող երկրամաս է ընկալվում տարածաշրջանում գործող բոլոր աշխարհաքաղաքական ուժերի կողմից»,- նշեց Ա. Արծրունին: Ըստ մեր զրուցակցի, Վահագն Չախալյանի եւ իր շրջապատի նկատմամբ ճնշումները ՀՀ պաշտոնական մարմինների կողմից խիստ անսպասելի էին:

«2006թ. հոկտեմբերի 5-ին Վրաստանում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները եւ դրանց հաջորդած իրադարձությունները մի յուրահատուկ բաժանարար գիծ են, որոնք փաստում են մեկ շրջափուլի ավարտ. Հայաստանի եւ Վրաստանի իշխանությունների՝ Ջավախքի «կայունացման» ավանդական քաղաքականությունը վերջնականապես ապացուցել է իր սնանկությունը,- կարծում է պարոն Արծրունին,- այժմ երկու երկրների իշխանությունները կանգնած են երկընտրանքի առջեւ. կամ ստիպված են լինելու ենթարկվել խաղի նոր կանոններին, այն է՝ հաշվի նստել ջավախահայության եւ նրա կենսական շահերը հետապնդող ուժի հետ, համագործակցաբար աշխատել երկրամասի ազգաբնակչության խնդիրներին իրական լուծում տալու ուղղությամբ, կամ փորձելու են գլխատել նոր ձեւավորված ժողովրդական այս շարժումը»:

Անդրադառնալով Վահագն Չախալյանի ձերբակալությանն ու ազատ արձակմանը, նա ասաց. «Վահագնը մեծ հեղինակություն ունի ջավախահայության մեջ: Նրա ղեկավարած կառույցը, փաստորեն, ջախջախիչ հաղթանակ է տարել հոկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններում: Այս ձերբակալությունը չի կարող անհետեւանք անցնել: Այն ավանդական քաղաքականությունը, որը վարել են Հայաստանի Հանրապետության իշխանությունները Ջավախքում, ասացինք՝ այլեւս սպառել է իրեն: Եվ սա է հանգեցրել Վահագնի ձերբակալմանը»: «Երկիր» միությունը ՀՀ իշխանություններին կոչ արեց գիտակցել, որ ի դեմս Վահագն Չախալյանի՝ գործ ունենք ջավախահայության ինքնորոշման բնազդն արտահայտող լիդերի հետ, եւ, հետեւաբար, ջավախահայության կենսական շահերի պաշտպանությանն ուղղված ներքին շարժմանը հակազդելու փորձերը հանգեցնելու են միայն երկրամասի վերջնական հայաթափմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել