Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՆԹԱԴՐՈՒԹՅԱՄԲ՝ ՉՈՐՍ ՏԱՐԻ ՏՎԵՑԻՆ

Նոյեմբեր 07,2006 00:00

Երեկ ժուռնալիստների միությունում ասուլիս էին հրավիրել փաստաբաններ Ռոբերտ Գրիգորյանը, Զարուհի Փոստանջյանը, Հայկ Ալումյանը: Վերջին երկուսը տեղեկացրին, որ այսուհետեւ իրականացնելու են «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի պաշտպանությունը: Տեղեկացնենք, որ քրեական գործերով վերաքննիչ դատարանում նոյեմբերի 7-ից սկսվելու է խմբագրի վերաքննիչ բողոքի քննությունը: Փաստաբան Ռ. Գրիգորյանը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 16-ին դիմել են պաշտպանության նախարարություն եւ սպասում են պատասխանի: Ա. Բաբաջանյանի նկատմամբ, ըստ փաստաբանների, պետք է դադարեցվի քրեական հետապնդումը, քանի որ կիրառվել է ոչ ադեկվատ «խիստ պատիժ»: Բաբաջանյանը պատրաստ է մուծել գումար (նախատեսվում է նման դեպքերում մինչեւ 1 մլն 800 դրամ) եւ օրինական հիմքերով ստանալ զինգրքույկը: Փաստաբանների կարծիքով, Ա. Բաբաջանյանը ազատազրկվել է ենթադրությունների հիման վրա: Հայկ Ալումյանի դիտարկմամբ, ի սկզբանե այս գործը սովորական չէր, քանի որ քննությունը կատարվեց գլխավոր դատախազությունում, գրավ չկիրառվեց, զինծառայությունից խուսափելու համար սահմանվեց այդ հանցատեսակի համար առավելագույն չափի պատիժ: Զարուհի Փոստանջյանն էլ ասաց, որ դատավարությանը կմասնակցի Փարիզի փաստաբանների միության նախագահ Ալեքսանդր Գյումջյանը: Անդրադառնալով խմբագրի՝ մասնագիտական գործունեությունից զրկվելու մասին հարցին՝ Զ. Փոստանջյանը նշեց, որ Բաբաջանյանը գտնվում է 10 հոգանոց խցում եւ համակարգիչ ունենալու խնդրանքին էլ պատասխանել էին 2 օրով մեկուսարանի համակարգիչը տրամադրելով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել