Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵՔ ԱՄՍԱԿԱՆ «ԿԱԼԱՆԱՎՈՐԻՆ» ԱԶԱՏԵԼ ԵՆ

Նոյեմբեր 09,2006 00:00

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում 3 օր անցկացնելուց հետո «ազատ է արձակվել» բարուրի մեջ փաթաթված հայ «ամենաերիտասարդ» կալանավորը՝ 3 ամսական Էդգար Սաֆոյանը իր մոր՝
Գրետա Մարկոսյանի հետ:

Երեկ Գ. Մարկոսյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ինչպես նաեւ ՀՀ նախագահի աշխատակազմին բողոք-հեռագրեր էր ուղարկել իր հետ կատարվածի մասին: Երեք անչափահաս երեխաների մայրը, ինչպես նշել էինք («Առավոտ», 2 նոյեմբերի), մեղադրվում է խարդախության մեջ, նրա նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն էլ իրականացնում է Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների դատախազությունը: Հիշեցնենք, որ 1993-ին Ռուսաստան մեկնած Մարկոսյանի հորեղբայրը՝ Հայկը, որը դատարանով ճանաչվել էր մահացած, վերադարձել է այս տարի Հայաստան եւ «պարզել», որ Արցախի փողոցի թիվ 20 շենքի 20 բնակարանը, որտեղ տարիներ շարունակ ապրել է 79-ամյա կաթվածահար մայրը, վաճառվել է: Ըստ Գ. Մարկոսյանի, տատիկին պահել էր ինքը եւ տատիկն էլ լիազորագիր էր տվել իրեն՝ բնակարանը վաճառելու համար: Վաճառքի մասին ՌԴ-ից վերադարձած «հանգուցյալը» դիմում է դատախազություն: Սակայն ակնհայտ է, որ սա այն դեպքը չէր, երբ երեք անչափահաս երեխաների մոր համար խափանման միջոց պետք է ընտրվեր կալանքը: Գրետա Մարկոսյանը մինչեւ հոկտեմբերի 30-ը իր նորածին երեխային գրկած պարբերաբար ներկայացել է Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների դատախազության քննիչ Կարեն Թորոսյանին, բացի այդ, ամեն օր գնացել է է մանկական պոլիկլինիկա, այսինքն՝ եղել է բոլորի ուշադրության կենտրոնում: Սակայն Էրեբունիի դատախազության քննիչը Գրետային «հետախուզում» հայտարարելու մասին որոշում է կայացնում, այն էլ՝ նույն օրը, երբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանքը: Տարօրինակ է, որ այդ երկու որոշումների մեջ քննիչը կեղծիք է թույլ տալիս. հետախուզման որոշման մեջ Գ. Մարկոսյանի տվյալների դիմաց գրում է «չամուսնացած», իսկ կալանքի որոշման մեջ Գրետան ոչ միայն «չամուսնացած» էր, այլ ընդհանրապես «խնամքի տակ որեւէ մեկը չուներ»: Սրանով քննիչը մոլորեցնում է Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանին: Ահա թե ինչու, երբ «Աբովյան» ՔԿՀ-ում Գրետային տեսան 3 ամսական երեխայի հետ, կաթնամթերքը ձեռքին, հիմնարկի աշխատակիցները խիստ զարմացան, ինչպես հետագայում զարմացել էին ՀՀ օմբուդսմենը եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, որոնք արձագանքել էին «Առավոտի» հրապարակմանը: Հետախուզման հետ կապված քննչական գործողությունների ժամանակ Գ. Մարկոսյանը մի քանի անգամ հեռագրեր, նամակներ է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն, իսկ գլխավոր դատախազության հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության պետ Վ. Գրիգորյանն էլ օգոստոսի 31-ին եւ սեպտեմբերի 13-ին «հետախուզվողին» պատասխանել է: Այն, որ Գ. Մարկոսյանը երբեւէ չի խուսափել քննությունից, հաստատվել է նաեւ ոստիկանության տեսուչների պարբերական այցերով իրենց բնակարան, բժիշկների այցելություններով: «Ամբողջ հանրապետությունը զարմացած էր, որ 3 ամսական երեխայիս հետ կալանավորվել եմ: Կալանավորվել եմ նրա համար, որ եղել եմ տատիկիս կողմից լիազորված անձ, մարդ չեմ սպանել: Դիմել եմ գլխավոր դատախազին, ասելով, որ կերակրող մայր եմ, ժամերով չեմ կարող մնալ դատախազությունում: Նա էլ նամակը ուղարկել էր համայնքի ներկայիս դատախազ, գլխավոր դատախազության նախկինում հատկապես կարեւորագույն գործերով քննիչ Հակոբ Բաբայանին: 13 օր սպասելուց հետո ներկայացրել եմ 2-րդ դիմումը: Քննիչը տեղեկանալով դիմումիս մասին, սպառնալով զանգահարեց մեր տուն, ասելով՝ «բողո՞ք ես գրել իմ վրա, հիմա կտեսնես»: «Զայրույթն էլ պատճառ դարձավ, որ ես 3 ամսական երեխայի հետ հայտնվեմ կալանավայրում»,- ասում է Գ. Մարկոսյանը: Վերջինս նաեւ «Առավոտին» ասաց՝ որպեսզի բարուրի երեխաները չհայտնվեն այդ վիճակում, ինքը բողոքելու է համայնքի դատախազության քննիչի գործողությունների դեմ:

Համայնքի դատախազ Հակոբ Բաբայանը ցանկացած մեղադրյալի պարագայում ունի իր թեւավոր խոսքը՝ «Նա քայլող մեղադրական եզրակացություն է»:

Տվյալ դեպքում խոսքը ճշգրիտ չէ. Էդգար Սաֆոյանն առայժմ քայլել չի կարող:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել