Լրահոս
Օրվա լրահոսը

ՃԱՐՊԻԿ ԼԻՆԵՍ` ԷԼԻՏԱՐ ՇԵՆՔ ԿԿԱՌՈՒՑԵՍ

Նոյեմբեր 17,2006 00:00

\"\"Երեւանը շատ շուտով կդառնա էլիտար շենքերով խեղդված քաղաք \"\"

Միայն Կենտրոն համայնքում նման մի քանի տասնյակ շենքեր են կառուցվել, որոնք մասամբ են բնակեցված, բայց արի ու տես, որ ոմանք ու հիմնականում մեր հասարակության «էլիտան» համարվող մարդիկ ՀՀ կառավարությունում եւ Երեւանի քաղաքապետարանում ծանոթություն, խնամի-բարեկամություն խաղացնելով՝ շարունակում են կառուցել ու կառուցել: Միայն Գնունու, Չարենցի փողոցների վրա կարելի է հանդիպել մի քանի կիսակառույց էլիտար, բայց անմարդաբնակ շենքերի: Այդուհանդերձ, այսօր էլիտար շենքերի շինարարությունը ընդգրկել է նաեւ Կենտրոնից ավելի հեռու գտնվող համայնքները՝ Արաբկիրն ու Քանաքեռ-Զեյթունը, անգամ Նոր Նորքը:

Օրինակ, Արաբկիր համայնքի Կոմիտասի պողոտայի վրա գտնվող նախկին բաղնիքի տեղում, որը արդեն մեկ ամիս առաջ է հողին հավասարեցվել, մեծ թափով շինարարություն է գնում: Ըստ մեր աղբյուրների, այդ տարածքի իրացման համար հայտարարված մրցույթում շահել է «Սպիտակ տնակ» ՍՊԸ-ն՝ ի դեմս Ստեփան Ախոյանի: Նա մտադիր է շուրջ 1800 քմ մակերես ունեցող այդ տարածքում հերթական էլիտար շենք կառուցել: Ըստ մեր աղբյուրների, թեեւ հիշյալ մրցույթում այլ ընկերություններ էլ են եղել, բայց նախապատվությունը տրվել է «Սպիտակ տնակին», որը, կարծես թե, մասնագիտացել է էլիտար շենքերի կառուցման մեջ: Այսպես, նա շենքեր է կառուցում ոչ միայն Արաբկիր համայնքում՝ Կոմիտասի պողոտայի եւ Մամիկոնյանց փողոցի վրա, այլեւ Կենտրոնում՝ Խորենացու փողոցի վրա, նախկին բաղնիքին հարող տարածքում, նաեւ Քանաքեռ-Զեյթուն համայնքի Տիգրան Մեծ ու Ներսիսյան փողոցների խաչմերուկում:

Մեր այն հարցին, թե ինչպե՞ս է պատահում, որ Ստ. Ախոյանն է շահում բոլոր այն մրցույթներում, որտեղ թեեւ ավելի հայտնի շինարարական ընկերություններ չկան, բայց ոչ պակաս լուրջ մրցակցություն կա, մեր աղբյուրները նկատեցին՝ երեւի նա ավելի ճարպիկ է: Միաժամանակ այսօր արդեն շատ քչերն են հավատում, որ նորակառույց էլիտարները մի օր լիովին կբնակեցվեն, այն պարզ պատճառով, որ այսօր Հայաստանում այդքան հարուստ մարդիկ չկան, որ ի վիճակի լինեն բնակարաններ գնել, այն էլ՝ մեկ քմ-ն 800-1500 դոլարով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել