Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՏՕ-Ն ԱՅԼԵՎՍ ԱՌԱՋՎԱՆԸ ՉԷ

Նոյեմբեր 20,2006 00:00

\"\"Նոր մարտահրավերներ եւ նորացված արժեքներ

Անցյալ եւ ներկա

ՆԱՏՕ կոչված ռազմաքաղաքական կազմավորման բուն անվանումը Հայաստանի հասարակայնության լայն շրջանակներում (առավելապես տարեցների շրջանում) զուգորդվում է շատ կոնկրետ զգացողությունների հետ: Այսինքն, երբ ասում ենք ՆԱՏՕ, շատերի մտապատկերում անմիջապես հառնում է սառը պատերազմի տարիների համաշխարհային խիստ բեւեռացված առճակատման տագնապալի եւ տհաճ պատկերը: Այդ զգացողությունները, իհարկե, միանգամայն հասկանալի են, հաշվի առնելով, որ ՆԱՏՕ – «Վարշավյան պայմանագիր» հակամարտության երկար ու ձիգ տարիներին մենք գտնվում էինք ՆԱՏՕ-ի հակադիր ճամբարում, այդ ողջ ընթացքում եփվելով խորհրդային համապատասխան քարոզչության ապուրի մեջ: Հասկանալի, սակայն արդեն միանգամայն ժամանակավրեպ եւ անհիմն: ՆԱՏՕ-ն այսօր բոլորովին այն չէ, ինչպիսին հանդիսանում էր 70-ականներին, եւ պարզապես ասել, թե այդ կազմակերպությունը փոխվել է, նշանակում է ոչինչ չասել:

1989-ին, երբ Բեռլինի պատի անկումով նշանավորվեց սառը պատերազմի ավարտն ու սկիզբ դրվեց Խորհրդային Միության փլուզմանը, հենց այդ պահից սկսած ՆԱՏՕ-ն այլեւս կորցրեց իր նախնական նշանակությունն ու իմաստը: Կարճ ժամանակ անց Կենտրոնական ու Արեւելյան Եվրոպայում տեղի ունեցող փոփոխությունների արագ ընթացքը ՆԱՏՕ-ին կանգնեցրեց անվտանգության նոր ու բնույթով բոլորովին այլ խնդիրների առջեւ: Նախկին՝ խորհրդային «ծագման» սպառնալիքները, ճիշտ է, արդեն բացակայում էին, սակայն միջազգային քաղաքական նոր իրողություններն իրենց հետ բերեցին որակապես նոր, ոչ պակաս մտահոգիչ սպառնալիքներ: Հյուսիսատլանտյան դաշինքն ընտրության առջեւ էր. կամ քննարկել հետագա գոյության նպատակահարմարությունը, կամ արմատապես բարեփոխվել՝ կազմակերպության կառուցվածքն ու գործունեության բնույթը համապատասխանեցնելով նոր ժամանակների պահանջներին: Դաշինքն ընտրեց երկրորդ տարբերակը, եւ հենց այդ ընտրությունից հետո էլ, ըստ էության, սկիզբ դրվեց տարբեր ոլորտներում միջազգային աննախադեպ համագործակցության պատմությանը: Այսօր ՆԱՏՕ-ի անդամ 26 եւ գործընկեր 20 երկրները (որոնց թվում եւ Հայաստանը՝ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (IPAP) շրջանակում) համատեղ իրականացնում են խաղաղապահական, հակաճգնաժամային, հակաահաբեկչական, հումանիտար եւ բազմաթիվ այլ նպատակների միտված չափազանց կարեւոր գործողություններ: ՆԱՏՕ-ի շրջանակներում այսօր գործում են հարյուրավոր ծրագրեր եւ նախաձեռնություններ, որոնց կարող են մասնակցել ինչպես կազմակերպության լիարժեք անդամներն ու գործընկերները, այնպես էլ ցանկացած այլ երկիր, ում համար այդ ծրագրերի եւ նախաձեռնությունների վերջնանպատակներն ընդունելի են:

Հարկ է նշել, սակայն, որ այդ բոլոր ձեռնարկումները, իրենց բարի նպատակներով հանդերձ, ոչ միշտ են իրականացվում անհրաժեշտ արդյունավետությամբ: Լիարժեք հաջողության հասնելուն երբեմն խանգարում է մասնակից երկրների հասարակություններում կազմակերպության առաքելության ոչ այնքան օբյեկտիվ, հաճախ անհարկի քաղաքականացված ընկալումը: Դրանում, իհարկե, որոշակի դեր է խաղում անցյալի իներցիան: Երբեմն էլ ՆԱՏՕ-ի գործոնը որոշակի շրջանակների կողմից միտումնավոր ձեւախեղվում է զուտ քաղաքական կամ, ավելի ճիշտ՝ ներքաղաքական նկատառումներով: Թերեւս հենց այս կարգի թյուրըմբռնումները վերացնելու եւ ՆԱՏՕ-ի ներկայիս նպատակների մասին առավել ամբողջական եւ ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելու համար էլ ՆԱՏՕ-ն պարբերաբար իր կենտրոնակայանում հյուրընկալում է տարբեր երկրներ ներկայացնող լրագրողների խմբերի: Մի քանի օր առաջ ՆԱՏՕ-ի՝ Բրյուսելում տեղակայված կենտրոնակայանում հյուրընկալվել էր նաեւ Հայաստանից ժամանած լրագրողների մի խումբ:

Չափանիշներ եւ արժեքներ

ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կազմակերպության տարբեր ստորաբաժանումները ներկայացնող պաշտոնյաների հետ ունեցած մեր հանդիպումներից առաջ մեզ խնդրում էին հետագա հրապարակումներում հղումներ չկատարել կոնկրետ անձանց անուններին եւ խուսափել մեջբերումներից: Ոչինչ անել չես կարող. կարգն է այդպիսին: Այդ իսկ պատճառով ես կփորձեմ հնարավորինս ընդհանրական գծերով ներկայացնել մեր, այսպես կոչված՝ «կենդանի շփումներից» քաղված առավել էական տպավորությունները:

Եվ այսպես, ո՞րն էր մեր գրեթե բոլոր բանախոսների ասելիքի լեյտմոտիվը: Իմ ընկալմամբ՝ հետեւյալը. ՆԱՏՕ-ն իր ժամանակակից տեսքով եւ բովանդակությամբ սոսկ կազմակերպություն չէ, որն իր առջեւ դնում է ինչ-որ խնդիրներ եւ փորձում իրագործել դրանք: ՆԱՏՕ-ն նախ եւ առաջ ընդհանուր արժեքների եւ մոտեցումների համակարգ է, եւ որեւէ երկրի՝ այս կազմակերպության հետ համագործակցության հաջողության հիմնական գրավականը հավատարմությունն է այդ արժեքներին: Այստեղ որեւէ խորհրդավոր բան չկա, եւ ցանկության դեպքում դժվար չէ համոզվելը, որ առանց այդ արժեքների իմաստավորման՝ դժվար է ինչ-որ արդյունք ակնկալելը: Պատահական չէ, որ ՆԱՏՕ-ի շրջանակներում գործող մի շարք ծրագրեր ենթադրում են մասնակից երկրներում ժողովրդավարական եւ քաղաքացիական ինստիտուտների զարգացում եւ կատարելագործում: Իսկ դա, իր հերթին, նշանակում է պետական եւ հասարակական բոլոր կառույցների եւ օղակների համագործակցված, ներդաշնակ աշխատանք: Սա այն անհրաժեշտ ֆոնն է, առանց որի դժվար է պատկերացնել ինչպես տեղային, այնպես էլ, առավել եւս՝ միջազգային նշանակության ինչ-որ ծրագրի կենսագործման հաջողությունը: ՆԱՏՕ-ի կողմից դավանվող անկյունաքարային արժեքի մեկ այլ օրինակ. ազգություն եւ դեմք չունեցող ահաբեկչության դեմ միջազգային համագործակցված պայքարի կարեւորության գիտակցումը: Այս խնդիրն այսօր ինչպես ՆԱՏՕ-ին, այնպես էլ, ընդհանուր առմամբ, ողջ քաղաքակիրթ աշխարհին նետված թերեւս ամենալուրջ մարտահրավերներից է, եւ դրա գիտակցման համատեքստում առնվազն անհեթեթ, եթե չասենք՝ ծիծաղելի են հնչում այն պնդումները, թե ՆԱՏՕ-ն ձգտում է քաղաքական-գաղափարական էքսպանսիայի ենթարկել իր ծավալման դաշտում եւ հարակից տարածաշրջաններում գտնվող երկրներին, փորձելով իր ոճը պարտադրել նրանց: Դժվար է պատկերացնել, որ ահաբեկչություն կոչված երեւույթը, այն էլ իր ժամանակակից դրսեւորումներով, կարող է արժանանալ այլ գնահատականի եւ հակազդեցության, քան ՆԱՏՕ-ի կողմից դրա նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքն է:

Հարցեր եւ պատասխաններ

Անդրադառնամ հայ լրագրողների հնչեցրած որոշ հարցերի եւ ՆԱՏՕ-ի պաշտոնյաների՝ դրանց տրված պատասխաններին, դարձյալ պահպանելով անանունության սկզբունքը: Այդ հարցերից մեկը, ի դեպ, բանախոսների կողմից սպասված էր, հետեւաբար եւ՝ կար պատրաստի պատասխան, քանի որ այն նախկինում բազմիցս հրամցվել է ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի այլ լրագրողների: Արդեն կռահեցիք, որ խոսքը ԼՂ հակամարտության կարգավորման եւ դրանում ՆԱՏՕ-ի հավանական ներգրավման մասին է: Ոչ, ՆԱՏՕ-ն ամենեւին էլ նման մտադրություն չունի եւ ամբողջությամբ սատարում է բանակցությունների ներկայիս միջնորդ կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Եվ առհասարակ, միջնորդային գործունեությունը կամ որեւէ կերպ նման հակամարտություններին միջամտելն այս կազմակերպության գործառույթների մեջ չի մտնում: Իսկ արդյո՞ք հավանական են համարում այստեղ Հայաստանի՝ ՆԱՏՕ-ին լիարժեքորեն անդամակցելու հեռանկարը: Անդամակցությունն ինքնանպատակ չէ եւ ոչ էլ՝ գերխնդիր: ՆԱՏՕ-ի հետ կարելի է հրաշալի համագործակցել նաեւ առանց անդամակցելու՝ կազմակերպության առաջարկած բազմաթիվ նախաձեռնությունների շրջանակներում: Ավելին, կարելի է անգամ հանդես գալ սեփական նախաձեռնություններով: Կարեւորը, ինչպես արդեն վերը նշվեց, կազմակերպության առաջադրած չափանիշներին համապատասխանելու իրական ձգտումն է: Բացի այդ, իմաստ չունի խոսել մի բանի մասին, ինչը գոյություն չունի: Այսինքն, Հայաստանն ինքը ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ չի ներկայացրել: Եթե նման բան տեղի ունենա, այն ժամանակ էլ կխոսենք: Այդպիսի հայտ, սակայն, ներկայացրել է Վրաստանը. հարավկովկասյան այս երկիրն արդեն թեւակոխել է ՆԱՏՕ-ի հետ «ինտենսիվ երկխոսության» փուլը: Որքանո՞վ է իրական Վրաստանի անդամակցությունը: Միանգամայն ճիշտ է, Վրաստանը բարձրաձայնել է ՆԱՏՕ-ին անդամակցելու իր ցանկությունը: Սակայն նա դեռեւս երկար ճանապարհ ունի անցնելու: Մի բան է՝ հայտ ներկայացնել, բոլորովին այլ բան՝ համապատասխանել կազմակերպության չափանիշներին: Թեեւ այդ ցանկության հրապարակումը կարող է եւ բարեփոխումների ինտենսիվացման որոշակի խթան հանդիսանալ: Մի խոսքով՝ կապրենք, կտեսնենք: Իսկ ինչպե՞ս են զարգանում հարաբերությունները Ռուսաստանի հետ, հատկապես հաշվի առնելով մի կողմից Ռուսաստան-Վրաստան, մյուս կողմից՝ Ռուսաստան-Ուկրաինա ոչ անքան անամպ հարաբերությունները: Նորմալ: Ինչպես հայտնի է, 2002 թվականին ստեղծվել է ՆԱՏՕ-Ռուսաստան խորհուրդ, եւ ձեր նշած հարաբերությունները զարգանում են հենց այդ համատեքստում: Ինչ վերաբերում է վերոհիշյալ անհամաձայնություններին, ապա այդպիսիք, ցավոք, կան, եւ ՆԱՏՕ-ն կցանկանար հնարավորինս արագ կարգավորված տեսնել դրանք: Մյուս կողմից, ինչպես արդեն նշել ենք, ՆԱՏՕ-ն չի միջամտում եւ լուծումներ չի առաջարկում հակամարտությունների համար: Նախ մենք միանգամայն գիտակցում ենք Ռուսաստանի բավականաչափ զգայուն դերը խնդրո առարկա տարածաշրջաններում: Եվ ապա, պետք է նկատի առնել, որ ՆԱՏՕ-ն ինքը համասեռ կառույց չէ. այս կազմակերպության մեջ ներգրավված են բազմաթիվ երկրներ, որոնք կարող են տարբեր մոտեցումներ ունենալ տարբեր խնդիրների նկատմամբ, ինչի օրինակները, ի դեպ, կան եւ դուք այդ մասին շատ լավ գիտեք: ՆԱՏՕ-ն ընդամենը ձգտում է առաջարկել այն հնարավոր դաշտը, որի վրա համագործակցության տեղ կգտնվի բոլորի համար, անկախ ինչ-ինչ տարաձայնություններից: Վերջապես, պետք չէ մոռանալ, որ ՆԱՏՕ-ի հետապնդած խնդիրներն ու մտահոգություններն ընդհանուր են բոլորի համար:

Լինե՞լ, թե՞ չլինել ՆԱՏՕ-ի անդամ

Վերը բերված պարզաբանումների լույսի տակ այս հարցադրումն ինքնին կորցնում է իր նախնական գրավչությունը: Դրա փոխարեն կարելի է բազմաթիվ այլ հարցադրումներ անել: Օրինակ՝ բարեփոխե՞լ, թե՞ չբարեփոխել պետական-հասարակական ինստիտուտները, մոդեռնացնել՞, թե՞ չմոդեռնացնել զինված ուժերը, պայքարե՞լ, թե՞ չպայքարել միջազգային ահաբեկչության դեմ: Ընդունե՞լ, թե՞ չընդունել ճգնաժամերի կառավարման հարցում միջազգային համագործակցության կարեւորությունը, մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել խաղաղապահ գործողություններին եւ այլն: Եթե մենք, իբրեւ պատասխան, ընտրում ենք այս հարցերի առաջին մասը եւ ըստ ամենայնի հետամուտ ենք լինում այդ մասով պայմանավորված պարտավորությունների կատարմանը, ապա կարելի է եւ յոլա գնալ առանց ՆԱՏՕ-ին անդամակցելու: Թեեւ այդ դեպքում անդամակցությունն արդեն դառնում է, ինչպես ասում են՝ ընդամենը տեխնիկայի խնդիր: Իսկ եթե, առնվազն ներքուստ, մենք ընտրում ենք հիշյալ հարցերի երկրորդ մասը, ապա կարող ենք թեկուզ կոկորդ պատռելով բղավել ՆԱՏՕ մտնելու մեր ցանկության մասին: Մեզ պարզապես լուրջ չեն ընդունի: Հասարակ օրինակ. 10 տարեկան երեխան, որքան էլ ցանկանա, չի կարող մեքենա վարել՝ այն պարզ պատճառով, որ նրա ոտքերը չեն հասնի մեքենայի ոտնակներին: Դրա համար նա նախ պետք է հասակ առնի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել