Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ ԽՈՒՍԱՓԵԼ «ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒՄԻՑ»

Նոյեմբեր 22,2006 00:00

\"\"Մի խումբ հասարակական գործիչների կարծիքով, միակ ճանապարհը քաղաքացիական անհնազանդությունն է

Երեկ հասարակական ու քաղաքական մի շարք գործիչներ, իրավապաշտպաններ, նախկին պետպաշտոնյաներ, մտավորականության ներկայացուցիչներ, քաղաքական ու տնտեսական փորձագետներ քննարկում եւ փորձում էին ձեւակերպել Հայաստանում քաղաքացիական անհնազանդության շարժման խնդիրներն ու անելիքները: Բայց նախ իր ամփոփ խոսքում իրավապաշտպան Վարդան Հարությունյանը նկատեց, որ «տարիներ շարունակ իշխանության ղեկին եղած մարդիկ իրենց իշխանավարության ընթացքում կարողացել են այնքան արատավորել իրենք իրենց, կարողացել են այնքան խրվել քրեականացված փոխհարաբերությունների մեջ, այնքան մանր ու մեծ զանցանքներ ու հանցանքներ են գործել, որ այսօր հանգիստ խղճով իշխանությունը հանձնելու հնարավորություն չունեն», ուստի՝ հասկանալի է, թե ինչու են նրանք ամեն գնով փորձում պահել իշխանությունն ու վերարտադրվել: Քննարկման մասնակիցները վստահ էին, որ այս իշխանությունները, չնայած հնչող հայտարարություններին, չեն կարող եւ չեն ցանկանալու առաջիկա ընտրություններն ազատ ու արդար կազմակերպել, որովհետեւ այդ դեպքում իշխանության որեւէ ներկայացուցիչ հաստատ չի ընտրվի: Շարժման ակտիվիստների համոզմամբ, երկրում իրավիճակը փոխել հնարավոր է այսպես՝ «ստեղծել մի այնպիսի իրավիճակ, որի պարագայում հնարավոր կլինի կազմակերպել ու իրականացնել արդար ու թափանցիկ ընտրություններ, որոնց արդյունքում կձեւավորվեն օրինական իշխանություններ, ովքեր կկարողանան իրականացնել բարեփոխումներ, երկիրը վերադարձնել ժողովրդավարական ուղի եւ դուրս բերել մեկուսացումից»: Իսկ նման հաջողության հասնելու համար, Վ. Հարությունյանի համոզմամբ, պետք է կարողանալ կազմակերպել հուսահատված ժողովրդի ակտիվացում, համաժողովրդական բողոքի ալիք: Թե ինչպե՞ս դա անել՝ ակամա հուշել են իրենց իրավունքների ոտնահարման դեմ արդեն վաղուց բողոքի ակցիաներ նախաձեռնած՝ «պետական կարիքների համար» իրենց սեփականությունից ապօրինաբար զրկված մարդիկ:

Ընդդիմության համար այս նախաձեռնությունը փայլուն շանս էր հասարակության աչքին ռեաբիլիտացվելու եւ ՀՀ քաղաքացիների տարրական իրավունքներն ու հիմնարար ազատությունները վերականգնելու ճանապարհին, եթե, իհարկե, ոչ թե իշխանության գալը, այլ՝ հենց այդ սկզբունքն է կարեւոր: Ու մինչ կուսակցական լիդերները փակ քննարկումներում ծանրութեթեւ են անում իրենց անելիքները, կուսակցական ամբիցիաների տակ չկռացած մարդիկ որոշել են իրենք միանալ այդ շարժմանն ու դրա հենքի վրա ձեւավորել քաղաքացիական անհնազանդության շարժում: Համենայնդեպս, Վ. Հարությունյանի կարծիքով, երկրում իրավիճակը փոխելու «ազդեցիկ եւ արդյունավետ ձեւ են գտել իրացված ու իրացվող տարածքների բնակիչները»՝ իրենց շարունակական ու հրապարակային բողոքի ակցիաներով, օրըստօրե ավելի մարդաշատ դառնալով ու արդեն նաեւ քաղաքական կարգախոսներ առաջ քաշելով, որովհետեւ նրանք «երկարատեւ պայքարի արդյունքում համոզվել են, որ իրենց ու այլոց նկատմամբ կատարվող անօրինականություններն ու կամայականությունները հնարավոր կլինի կանխել միայն երկրում քաղաքական համակարգի փոփոխության դեպքում»: Դրա ամենաարդյունավետ ձեւերից մեկը ներկաները համարեցին քաղաքացիական անհնազանդությունը՝ «իրավունքի գիտակցում եւ պայքար գիտակցված իրավունքի համար»: «Եվ ինչքան խիտ լինեն պայքարողների շարքերը, այնքան կարճատեւ ու արդյունավետ կլինի պայքարը: Ուղղակի հարկավոր է համախմբվել, եւ ոչ թե որեւէ ուժի, կուսակցության կամ անհատի, այլ՝ իշխանությունների վերարտադրումը կանխելու եւ երկիրը ժողովրդավարական ուղի մտցնելու գաղափարի շուրջ»,- առաջարկեց Վ. Հարությունյանը, ով երեկ խոստացավ, որ քաղաքացիական շարժման ակտիվիստները այսուհետ եւս կմասնակցեն «պետական կարիքների զոհերի» բողոքի ակցիաներին:

Երեկվա քննարկումներն առանց լուրջ «դեբատների» չանցան: Ոմանք կարծիք էին հայտնում, թե շարժում նախաձեռնելու համար ծրագիր, գաղափարներ պետք է լինեն՝ թե չէ ոչինչ էլի չի ստացվի: Մյուսները պնդում էին, թե մեր ժողովուրդը ոչ թե գաղափարների ու ծրագրերի, այլ անձերի ետեւից է գնում:

ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանի համոզմամբ, «փայլուն գաղափարներ ունեցող ուժի կողքին միշտ էլ հայտնվում են այլ ուժեր, որոնք դրա հետ համաձայն չեն: Պետք է ունենալ մեկ պարզ նպատակ՝ երկու կետանոց. ապօրինի իշխանությունները պետք է հեռացվեն, պետք է ապահովվեն արդար ընտրություններ»: Նույնն էր պնդում նաեւ նախկին նախարար Վահան Շիրխանյանը, ում կարծիքով՝ «անհնար է հերթական ընտրություններով հասնել օրինական իշխանության ձեւավորմանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել