Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԸ ԿԵՆՏՐՈՆԱՑՎՈՒՄ ԵՆ

Նոյեմբեր 23,2006 00:00

\"\"Երեկ այսպիսի գնահատական հնչեց «Հայաստանում ռադիոհեռուստատեսության բնագավառում հեռարձակման թվային համակարգի ներդրման» ծրագրի նախագծի վերաբերյալ:

Հայաստանի կառավարության միջգերատեսչական հանձնաժողովի կազմած այս ծրագրի քննարկումը կազմակերպել էր ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը: Եվ Տեղեկատվական իրավունքի եւ քաղաքականության կենտրոնի տնօրեն Դավիթ Սանդուխչյանն ընդգծեց, որ իրենց կազմակերպության բազմաթիվ հորդորներից հետո է ԵԱՀԿ-ն անդրադարձել այս խնդրին: Մինչդեռ մեր կառավարությունը չի կազմակերպել որեւէ քննարկում, չի փորձել պարզել շահագրգիռ կազմակերպությունների տեսակետը:

Քննարկման բանախոսներից մեկն անվտան գության եւ քաղաքական հարցերով վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանն էր: Պարզվում է, որ ամերիկացի այս վերլուծաբանը, որն առնվազն այս պահին չի ներկայացնում որեւէ կազմակերպություն՝ ոչ միայն տեղեկություններ ունի, թե Մոսկվան ու Վաշինգթոնն ինչ համաձայնության են եկել Հայաստանի հաջորդ նախագահի շուրջ, այլ նաեւ դիտարկումներ ունի Հայաստանում հեռարձակման թվային համակարգի ներդրման վերաբերյալ: Մեր հարցին, թե ի՞նչ կապ ունի այս ոլորտի հետ՝ Ռիչարդ Կիրակոսյանը պատասխանեց. «Ես ԱՄՆ-ում նաեւ ներգրավված եմ տեխնոլոգիաների, ներառյալ՝ ռադիոհաճախությունների կառավարման ոլորտում, որը կարեւոր է ազգային անվտանգության համար»:

Մեր թերթը հանգամանալից անդրադարձել է հեռարձակման թվային համակարգին անցնելու ծրագրին: Հիշեցնենք, որ նախատեսվում է 2013-2015-ին անցնել ամբողջապես թվային հեռարձակման: Սակայն արդեն այս տարի էին ցանկանում դադարեցնել անալոգային հեռարձակման համար արտոնագրերի տրամադրումը: Թվային հեռարձակման անցնելիս խնդիր է դրվում ձեւավորել 4-5 հեռուստածրագրից բաղկացած մեկ պարտադիր անվճար հեռուստածրագրերի սոցիալական փաթեթ: Սա «բյուջեի ֆինանսավորմամբ ստեղծվող եւ բնակչությանն առանց բաժանորդագրային սահմանափակման հաղորդվող հեռուստածրագրերի» փաթեթ է, որի ցանկը հաստատում է ՀՀ կառավարությունը:

Ահա այս վերջին դրույթն էլ երեկ քննադատվեց ամենաշատը: Առավել հիշարժան է Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանի ելույթը: «Որպես ՀՀ քաղաքացի՝ ուզում եմ, որ իմ երկիրը ժամանակակից աշխարհում ներկայանա ժամանակակից մակարդակով»,- նախ թվային հեռարձակմանը հավանություն տվեց նա: Սակայն հետո բազմաթիվ մտահոգություններ թվարկեց, որոնցից մեկն էլ հետեւյալն էր. «Մենք «Ա1+»-ի օրինակն ունենք մեր աչքի առաջ, եւ ինձ անհանգստացնում է՝ առջեւում ընտրարշավն է. մտավախություն ունեմ, որ ձեւավորվող 4 ալիքները, որոնք կլինեն պետական, կօգտագործվեն ու կտան այն տեղեկատվությունը, որը կարեւոր է իրենց՝ պետական կառավարման մարմինների համար: Այսինքն, լոյալ, անաչառ ու բազմակարծիք չի լինի այդ տեղեկատվությունը»: Ջեմմա Հասրաթյանը պնդեց, որ այս ծրագիրն ունի քաղաքական կողմ. «Եվ դա այն է, թե ինչպես մամուլը կնպաստի քաղաքացիական հասարակության ձեւավորմանը եւ ժողովրդավարական գործընթացների խորացմանը: Այս ձեւով մենք դրան չենք հասնի: Կյանքը ցույց կտա, որ ճիշտ եմ ասում՝ մենք կունենանք միակողմանի հաղորդումներ»: Սրան ի պատասխան՝ Հ1-ի ներկայացուցիչ Կարինե Քոչարյանը նշեց, որ այժմ «անթիվ-անհամար» անալոգային կայաններ կան, բայց չէր ասի, թե այդ միջոցով ապահովվում է բազմակարծություն, ուստի չարժե թվային հեռարձակումը կապել քաղաքացիական հասարակարգի ձեւավորման հետ: Այնուամենայնիվ, Դավիթ Սանդուխչյանը «սկզբունքորեն անընդունելի» համարեց ծրագրի այն դրույթը, ըստ որի՝ կառավարությունը պիտի սահմանի հեռուստածրագրերի սոցիալական փաթեթի եւ դրա հեռարձակման կարգը: Ի դեպ, դա պիտի արվի արդեն 2007-ին: Ըստ պրն Սանդուխչյանի՝ ծրագրի հեղինակները չեն ցանկանում հանել «կառավարության կողմից հաստատվող» արտահայտությունը. «Ես դա համարում եմ քաղաքական դիրքորոշում: Եվ վտանգ կա տեղեկատվական հոսքերի կենտրոնացման, սահմանափակման ու մենաշնորհացման: Ինչո՞ւ պիտի կառավարությունը, քաղաքական ուժը՝ այսօր կոալիցիան, ձեւավորի այդ փաթեթը»:

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը կարծիք հայտնեց, որ ծրագրի նախագիծը «լրատվամիջոցների օլիգարխիզացիայի ուղղությամբ հերթական քայլ է, քանի որ ավելի շատ կկենտրոնացվի սեփականությունն այս ոլորտում: Իսկ լրատվամիջոցների օլիգարխիզացիան պետության զավթման մի ձեւ է, եւ այդ ուղղությամբ գնալը շատ լուրջ հասարակական-քաղաքական խնդիրներ է առաջացնում մեզ համար ազգային անվտանգության առումով»:

… Այս բոլոր քննարկումներից առաջ՝ ներկայացվեց ԵԱՀԿ փորձագիտական եզրակացությունը, որի հեղինակ Քեթրին Նայման-Մետկալֆը նշեց. «Բազմաթիվ ալիքներ ունենալը դեռ չի նշանակում, որ դրանք լինելու են բազմակարծիք եւ բազմազան»: Ըստ նրա՝ դրան հասնելու համար անհրաժեշտ են օրենքներ. «Ոլորտում մենաշնորհից նույնպես պետք է խուսափել: Քանի որ համակարգը նոր է եւ բավականին թանկարժեք՝ ուստի վտանգ կա, որ կարող է ընդամենը 1 մասնակից լինի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930