Լրահոս
Օրվա լրահոսը

Բարոյական հարց

Նոյեմբեր 24,2006 00:00

ՀՀ առաջին նախագահի մամլո խոսնակ Լեւոն Զուրաբյանը կարծում է, որ Ցեղասպանությունը ոչ թե քաղաքական, այլ բարոյական հարց է:

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, ՀՅԴ ներկայացուցիչ Ռուբեն Հովսեփյանն ու ՀՀ առաջին նախագահի մամլո խոսնակ, անկուսակցական Լեւոն Զուրաբյանը երեկ «Հայելի» ակումբում քննարկում էին Հայոց ցեղասպանության եւ դրան առնչվող հարցեր:

Լեւոն Զուրաբյանի կարծիքով, Ցեղասպանության ճանաչման հարցը բարոյական է եւ այն քաղաքական դարձնելը կամ դառնալը ունեցավ վատ զարգացումներ. «Ցեղասպանության ճանաչման հարցը բերելով քաղաքական հարթություն՝ մենք այն նսեմացնում ենք: Քաղաքականությունը քաղաքական շահերի առեւտուր է, եւ Ցեղասպանության հարցը դարձնելով քաղաքական օրակարգի հարց՝ մենք այն դարձնում ենք քաղաքական առեւտրի հարց»: Նա արձանագրեց, որ ՀՀ նախկին նախագահի աշխատակազմը հարցը հենց բարոյական հարթությունում էր պահում եւ հենց դրա շնորհիվ էր, որ հաջողվեց Թուրքիային հանել Ադրբեջանի հետ կուռ դաշինքից, հայ-թուրքական հարաբերություններն առանձնացնել հայ-ադրբեջանական հարաբերություններից: Լ. Զուրաբյանը նաեւ հիշեցրեց, թե ժամանակին ՀՀ-ն ինչպես ձեռք մեկնեց Թուրքիային, որից հետո «ուղղակի Թուրքիան թույլ չտվեց, որ Հայաստանը կոլապսի մատնվի: 1992 թվականին 50 հազար տոննա հաց ներկրվեց Թուրքիայով»: ՀՅԴ անդամ Ռուբեն Հովսեփյանը այս պնդման հետ համաձայն չէր: Ըստ նրա, Թուրքիան դա արել էր ՄԱԿ-ի պահանջով: Լ. Զուրաբյանն իր հերթին հակադարձեց, թե նույն միջազգային կառույցները այժմ էլ են Թուրքիային հորդորում բացել սահմանը, սակայն Թուրքիան այսօր դա չի անում, ավելին՝ «Հայաստանը դարձել է Թուրքիայի թիվ մեկ թշնամին, իսկ Ցեղասպանության հարցը քաղաքական հարթություն տեղափոխելուց հետո Թուրքիան հնարավորություն է ստացել հարցականի տակ դնել Ցեղասպանության փաստը»: Նրա համոզմամբ, գործող նախագահի վարչակազմը Ցեղասպանության հարցը ձեւական է բարձրացնում, իսկ իրականում հետապնդում է Ցեղասպանության հետ կապ չունեցող երկու նպատակ՝ Հայաստանում մարդկանց ուշադրությունը շեղել տնտեսական խնդիրներից եւ կոռուպցիոն երեւույթներից, Հայաստանից դուրս` սփյուռքում, ստանալ այն մարդկանց քաղաքական աջակցությունը, ովքեր զբաղվում են Ցեղասպանության հարցով: Ռ. Հովսեփյանը սրան էլ, իհարկե, չհամաձայնեց:

Լեւոն Զուրաբյանը կարծում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը շահարկվում է ինչպես միջազգային, այնպես էլ այս կամ այն պետության ներպետական խնդիրներում: Ռուբեն Հովսեփյանը կարծես թե համաձայն է սրա հետ, քանի որ արձանագրում է. շատերը հայերի ցեղասպանությունը չեն ճանաչում` «սպասում են Ամերիկայի ճանաչմանը, որից հետո բոլորը իրար հետեւից կճանաչեն»: Բայց նրա խոսքով՝ մենք չէ, մեր նախագահները չեն, որ հարցը քաղաքական են դարձրել. «աշխարհի վիճակն է այդպիսին, Թուրքիայի վիճակն է այդպիսին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել