Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼՈՒՍԱՆԿԱՐՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ԿՏԱՎ Է»

Նոյեմբեր 27,2006 00:00

Նոյեմբերի 29-ին «Մոսկվա» կինոթատրոնում «Հայ-Արտ» մշակութային կենտրոնը կներկայացնի բանաստեղծ, գեղանկարիչ Սամվել Սեւադայի լուսանկարչական ստեղծագործությունների ցուցահանդեսը՝ «Լույս-A-Նկար» խորագրով:

Ցուցահանդեսը Երեւանում կմնա մինչեւ դեկտեմբերի 11-ը, այնուհետեւ կմեկնի Գյումրի, Վանաձոր, Աբովյան, ապա Լոս Անջելես ու Փարիզ: Արվեստագետը երկար տարիներ բնակվել է ԱՄՆ-ում՝ այնտեղ հիմնելով գեղարվեստի սեփական դպրոցը՝ Sevada Art Studio: Այս տարվա սեպտեմբերից նա նմանատիպ դպրոց բացել է Երեւանում: Սամվել Սեւադան սիրով հյուրընկալվեց «Առավոտում»:

– Ձեզ գիտենք որպես նկարիչ եւ բանաստեղծ, ինչո՞ւ որոշեցիք արտահայտվել նաեւ լուսանկարների լեզվով:

– Արտահայտվելու միջոցները շատ են ու բազմազան, եւ ես երբեք դրանց միջեւ խտրականություն չեմ դնում: Այս անգամ ասելիքս այնպիսին է, որ օգնության է եկել լուսանկարչությունը: Ի դեպ, իմ լուսանկարներում ռեպորտաժ չեմ անում, դրանցից յուրաքանչյուրն ինձ համար գեղարվեստական ստեղծագործություն է, յուրաքանչյուր կադրի վրա մանրամասն աշխատում եմ, մինչեւ որ ծնվի, դառնա ստեղծագործություն: Չնայած ինձ երբեք պրոֆեսիոնալ լուսանկարիչ չեմ համարել: Ես ուղղակի ֆոտոխցիկն օգտագործում եմ վրձնի փոխարեն: Այժմ աշխարհի տարբեր ֆոտոսայթերում տեղադրված են լուսանկարներս, բազմաթիվ հեղինակավոր մրցույթների եմ մասնակցել, շատ մրցանակներ ստացել:

– Ովքե՞ր են ձեր լուսանկարների հերոսները: Արդյո՞ք դուք էլ շատերի նման ունեք շարքեր…

– Հստակ բաժանում չկա, ուրիշները հատուկ նկարում են մեծերին կամ, ասենք՝ բանվոր դասակարգ: Ես այդպիսին չեմ: Կարող է անսպասելի ինչ-որ կադր դուր գալ, ու անմիջապես գողանամ այն, աշխատեմ վրան, ինձ համար կտավ դառնա: Անգամ Գյումրին, որ ծննդավայրս է, իմ աշխատանքներում չկա, այն իմ սրտում է:

– Իսկ ինչո՞ւ որոշեցիք համագործակցել «Հայ-Արտի» հետ:

– Ես 28 անհատական ցուցահանդես եմ ունեցել մինչեւ հիմա: Սա 29-րդն է: Զգացի, որ փաստի առաջ եմ կանգնել եւ մեկը պետք է, որ կարգին կազմակերպի ցուցահանդեսս: Դա սիրով ստանձնեց «Հայ-Արտի» տնօրեն Ռիտա Շառոյանը:

– Չե՞ք մտածել այնպիսի ցուցահանդեսի մասին, որտեղ ձեր գեղանկարչությունը, լուսանկարչությունն ու պոեզիան միատեղ հանդես գան:

– Հույս ունեմ, որ դա մի օր կպատահի: ԱՄՆ-ում պետք է այդպիսի ալբոմ լույս տեսներ, անգամ շապիկն էր պատրաստ՝ երբ վերադարձա Հայաստան:

Հուսամ՝ ալբոմս այստեղ կհրատարակեմ: Շուտով բանաստեղծությունների ժողովածու լույս կտեսնի, որին կհաջորդի գեղանկարչական ցուցահանդեսը: Նախատեսել եմ նաեւ պոեզիայի երեկո կազմակերպել:

– Դուք որեւէ ստեղծագործական միության անդա՞մ եք:

– Ոչ… բայց որոշել եմ դառնալ, իսկ Նկարիչների միության նախագահի հետ խոսել ենք միությունում լուսանկարչական բաժին ստեղծելու մասին: Երիտասարդ շատ լուսանկարիչներ կան Հայաստանում, որոնք մեծ էնտուզիազմով են աշխատում: Երբ ԱՄՆ-ից վերադարձա, իրենք, որ ֆոտոներս տեսել էին տարբեր սայթերում, շտապեցին ինձ հանդիպել: Տեղեկացա, որ անգամ հայ լուսանկարիչների վեբ-կայք կա՝ www.yerevan.ru/35mm, որի տերը՝ 21 տարեկան երիտասարդ, իր շուրջն է հավաքել 50 շնորհալի լուսանկարչի: Իրենց հետ հաճախ շրջում եմ Հայաստանով մեկ, նկարներ ենք անում: Արժե համատեղ ցուցահանդեսներ կազմակերպել: Այսօր լուսանկարչությունը նկարչության հետ հավասար է քայլում… Հիմա ես նոր բան եմ անում՝ լուսանկարը տպում եմ կտավի վրա եւ այդ տեսակ լուսանկարչությունը գեղանկարչությունից չի տարբերվում: Վելասկեսի գործերն են հիշեցնում…

– Իսկ ե՞րբ սպասենք կտավի վրա տպված լուսանկարների ձեր ցուցահանդեսին:

– Շատ լավ գաղափար տվեցիք: Եկող տարի միայն նման աշխատանքներով հանդես կգամ: Երեւի մի քիչ կոմերցիոն նպատակներ հետապնդեմ: Թե չէ՝ լուսանկարների համար փող չեմ վերցնում, դրանք շատ թանկ եմ գնահատում: Մտածում եմ՝ ավելի լավ է ձրի տամ, քան չնչին գումար վերցնեմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել