Լրահոս
Օրվա լրահոսը

«Որ հայկական պարը գրաբար չդառնա»

Նոյեմբեր 28,2006 00:00

Այս կարգախոսով է աշխատում պարուսույց Գագիկ Գինոսյանը

Դեկտեմբերի 2-ին հերթական անգամ «Կարին» պարային համույթը (գեղարվեստական ղեկավար՝ Գագիկ Գինոսյան) հանդես կգա յուրատեսակ «հաշվետվությամբ»: Երեկոյի ընթացքում նրանք ոչ միայն կպարեն հայկական ազգային պարեր, այլեւ կներկայացնեն յուրաքանչյուր պարի պատմությունը, կբացատրեն ամեն շարժումը: Դեկտեմբերի կեսերին էլ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Կարինի» մենահամերգը:

Ավանդական դարձած պարային երեկոների ընթացքում Գ. Գինոսյանն ու իր ղեկավարած համույթի անդամները ցանկացողներին կսովորեցնեն պարել տոհմիկ պարեր: Նման հավաքներով նրանք փորձում են արմատախիլ անել ազգային պար մուտք գործած օտար էլեմենտները:

Արմատներով կարինցի Գ. Գինոսյանը «Կարինը» ստեղծելով՝ նպատակ ուներ վերականգնել հատկապես Էրզրումի պարերը: «Մեզ բոլորիս հայտնի են Սասնա, Վանա եւ այլ պատմական գավառների պարեր, սակայն էրզրումցիների պարը հանգամանքների բերումով այդքան էլ ուսումնասիրված չէ»,- պարզաբանեց նա:

Մեր զրուցակիցը շրջել է հայկական գյուղերում, տատիկ-պապիկներից հավաքել արդեն մոռացվող հայկական պարերն ու պարեղանակները, նոտագրել դրանք: Այս ամենից հետո է հասունացել պարային համույթ ստեղծելու գաղափարը: 2000-2001 թվականներն էին, երբ նման գործունեությունը անօգուտ զբաղմունք էր համարվում: Գ. Գինոսյանի խոսքերով՝ «ավելի հեշտ էր պատերազմի դաշտում մահապարտների գնդում կռվելը, քան դժվարին պայմաններում պարային գործունեություն ծավալելը»: Ամեն ինչ սկսվեց պատահաբար՝ ընկերական հավաքույթից, երբ Գինոսյանի պարը նկատեց երաժշտագետ, կոմպոզիտոր Ծովակ Համբարձումյանը (Գ. Գինոսյանը Հայրիկ եւ Մարո Մուրադյանների ղեկավարած «Վան» ու «Ակունք» ազգագրական համույթների կազմում դարձել է չորս միջազգային փառատոների դափնեկիր): Ծ. Համբարձումյանի խորհրդով նախ ստեղծվեց «Ծովակ» մանկական պարային համույթը (2000թ.), որի գործունեությունը ընդհատվեց կոմպոզիտորի հանկարծահաս մահով: «Դրանից հետո սեփական ուժերով ստեղծեցինք «Կարինը»: Նույնիսկ տարազներ կարելու համար գումար չունեինք: Ընկերներիցս մեկը կտոր գնեց մեզ համար՝ իր այդ քայլը հիմնավորելով նրանով, որ ժամանակին լքել էր այն հայրենիքը, որի համար արյուն էր թափել ու ընկերներն էին զոհվել»,- պատմեց Գ. Գինոսյանը:

Ո՞րն է «Կարինի» գոյատեւման գրավականը. այսօր շատ համույթներ արագ ստեղծվում, արագ էլ վերանում են: «Պիտի նվիրվես գործին, 80% քրտինք թափես, որ 20% կարողանաս վայելել: Ազգային պարը պահպանելով՝ պահպանում ենք մեր տեսակը»,- պատասխանեց Գ. Գինոսյանը: Հարցին, ըստ մասնագետի, ինչպիսի՞ն է հայկական պարի վիճակը Հայաստանում: Պատասխանը մտահոգիչ էր. «Նման տեմպերով շարունակելու դեպքում հայկական պարն էլ կդառնա գրաբար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել