Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՄՊԼԵՄԵՆՏԱՐԻԶՄՆ ԻՐԵՆ ՍՊԱՌԵ՞Լ Է

Նոյեմբեր 29,2006 00:00

\"\"«Առավոտի» ընթերցողը մեկնաբանում է Արթուր Բաղդասարյանի՝ «Standard» թերթին տված հարցազրույցը

«Օրինաց երկիր» կուսակցության լրատվական ծառայության տարածած տեղեկատվության համաձայն, այդ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը նախորդ օրը մեկնել է Իտալիա եւ Ֆրանսիա: Այդ առիթով ցանկանում եմ մի քանի դիտարկում անել ՕԵԿ-ի եւ նրա նախագահի արտաքին քաղաքական կողմնորոշումների վերաբերյալ:

Դեռ այն ժամանակ, երբ Արթուր Բաղդասարյանը ԱԺ նախագահ էր, ռուսական լրատվամիջոցները նկատել էին նրա բնավորության խիստ որոշակի առանձնահատկությունը: Մասնավորապես, մեկ տարի առաջ «Ռեգնում» ռուսական լրատվական գործակալությունը բավականին ուշագրավ մի դիտարկում էր արել՝ նշելով, որ Հայաստանի խորհրդարանի նախագահ Արթուր Բաղդասարյանի աշխարհաքաղաքական կողմնորոշումները փոփոխվում են՝ կախված նրանից, թե տվյալ պահին ո՞ր երկրում է նա գտնվում: Ոմանց ժամանակին թվում էր, թե դա ընդամենը երկրի երկրորդ դեմքի քաղաքական ճկունության մասին է խոսում, որը փորձում է կյանքի կոչել Վարդան Օսկանյանի հայտնի կոմպլեմենտարիզմը, սակայն Արթուր Բաղդասարյանի քաղաքական գործելաոճը չի փոխվել նաեւ ընդդիմություն դառնալով: Հոկտեմբեր ամսին «Օրինաց երկիրը» մի քանի անգամ գովազդել էր, որ պարոն Բաղդասարյանը հարցազրույց է տվել ավստրիական «Standard» թերթին, որը տպագրվեց նոյեմբերի 23-ին: Անդրադառնանք Արթուր Բաղդասարյանի հարցազրույցին ու օրեր առաջ Ռուսաստան կատարած նրա այցին:

ՕԵԿ պաշտոնաթերթը լայնորեն լուսաբանել է Արթուր Բաղդասարյանի ռուսաստանյան այցը, նշելով, որ իրենց լիդերին բարձր մակարդակի ընդունելություն են ցուցաբերել ՌԴ Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովը, ՌԴ Դաշնային ժողովի նախագահ Սերգեյ Միրոնովը, ինչպես նաեւ պետական բարձրաստիճան այլ այրեր: Բարձր մակարդակով նման ընդունելությունից բացի, ՌԴ-ում Արթուր Բաղդասարյանն արժանացել է ՌԴ Անվտանգության խորհրդին առընթեր Անվտանգության եւ օրինականության ակադեմիայի պատվավոր անդամի եւ պրոֆեսորի կոչման: «Օրինաց երկիր» կուսակցական պաշտոնաթերթում կարեւորելով Ռուսաստան կատարած ՕԵԿ նախագահի այցը եւ Ռուսաստանը համարելով աշխարհի ուժային կենտրոն, այդ կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը հատուկ շեշտել է, որ աշխարհի ուժային կենտրոնները բարձր են գնահատում ՕԵԿ-ի հավասարակշռված ու հստակ գործունեությունը եւ մոտեցումները: Պարզվում է, սակայն, արդեն ավստրիական «Standard» թերթին նույն օրերին տված հարցազրույցում Ռուսաստանի հետ հարաբերությունները «Օրինաց երկրի» ղեկավարի համար ընդամենը չորրորդ տեղում են: Ավելին, Արթուր Բաղդասարյանը գտնում է, որ հայտնի կոմպլեմենտարիզմը իրեն սպառել է եւ պետք է հստակ ուղենիշ բռնել դեպի միմիայն Եվրոպա։ «Պետք է հստակություն մտցվի մեր արտաքին քաղաքականության մեջ: Օսկանյանի բանաձեւը այլեւս չի հասկացվում ո՛չ Հայաստանում, ո՛չ արտերկրում։ Իմ մոտեցումները հետեւյալն են՝ առաջին հերթին ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացում՝ նրան անդամակցելու հեռանկարով, երկրորդ հերթին՝ ՆԱՏՕ-ի հետ առավել սերտ հարաբերություններ, որը մեր բանակը կուժեղացնի, երրորդ հերթին՝ քաղաքացիական հասարակության ձեւավորում եւ չորրորդ տեղում Ռուսաստանի հարցն է։ Այստեղ կա երկու ճանապարհ՝ դեպի Արեւմուտք կողմնորոշում եւ վատ հարաբերություններ ՌԴ-ի հետ եւ երկրորդ՝ Մոսկվայի հետ կոնստրուկտիվ հարաբերությունների պահպանում»,- այդ հարցազրույցում ասում է պարոն Բաղդասարյանը։

Եվ, այդուհանդերձ, իր նշած երկու տարբերակներից, «Standard» թերթի փոխանցմամբ, ո՞րն է ընտրում ԱԺ նախկին խոսնակը։ «Այն, ինչ կատարվեց Վրաստանի հետ՝ իմ սրտով չի։ Մենք պետք է խոսենք ոչ թե կոմպլեմենտարիզմի մասին, այլ բացատրենք, որ Հայաստանի ապագան Եվրոպան է»,- նշում է ՕԵԿ նախագահը։ Այստեղից կարելի է եզրակացնել, որ կոմպլեմենտարիզմի եւ ՌԴ-ի հետ վատ հարաբերությունների երկընտրանքում «Օրինաց երկիրը» ընտրում է երկրորդը: Մինչդեռ, երբ նույն այդ օրերին ՌԴ Պետդումայի նախագահ Բ. Գրիզլովը Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաեւի անունից Արթուր Բաղդասարյանին մեդալ էր շնորհում, ՕԵԿ նախագահը դժվար թե նրանց նախապես ասած լիներ, որ Օսկանյանի կոմպլեմենտարիզմն իրեն սպառել է:

Ի դեպ, «Standard» թերթի միջոցով մենք վերջապես ծանոթանում ենք նաեւ ԼՂ հիմնախնդրի՝ պարոն Բաղդասարյանի մոտեցումներին։ Պարզվում է, ԼՂ հիմնահարցը մենք պետք է դիտարկենք Թուրքիայի հետ երկխոսության շրջանակում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրի հետ համատեղ: «Մենք պետք է զրուցենք Թուրքիայի հետ Լեռնային Ղարաբաղի եւ Հայոց ցեղասպանության հարցերով: Պետք է գնալ կոմպրոմիսների. պատմությունը կարեւոր է, բայց մեր ապագան ավելի կարեւոր է»,- ԼՂ հակամարտության լուծման խնդրում ահա այսպիսի, իմ կարծիքով, վտանգավոր տեսակետ է հայտնում «Օրինաց երկրի» նախագահը:

 Պատրաստակամ ենք տպագրել նաեւ պրն Բաղդասարյանի կամ ՕԵԿ-ի պարզաբանումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել