Լրահոս
Օրվա լրահոսը

Դարբինյանն ընդդեմ Ռյազանովի

Նոյեմբեր 29,2006 00:00

ՀՀ նախկին վարչապետը «Գազպրոմի» փոխնախագահի դիմակը պատռելու «դուխ» ունի

«Ես գոհ եմ, որ «Գազպրոմ» ընկերության փոխնախագահի պաշտոնից Ալեքսանդր Ռյազանովը հրաժարական է տվել»,- երեկ այսպիսի բովանդակությամբ հաղորդագրություն է տարածել Հայաստանի նախկին վարչապետ, Սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը: Նա հայտարարել է, որ Ռյազանովն է Հայաստանի շահերի խոչընդոտողը՝ «Գազպրոմ»-Հայաստան հարաբերություններում. «Նա իրանական գազի տարանցման հարցում բավականին հանդուգն եւ ցինիկ խախտում է թույլ տվել՝ Երեւանում գտնվելիս հայտարարելով, թե նման բան երբեք չի կարող լինել»,- ասել է պարոն Դարբինյանը՝ գազի ոլորտի բոլոր ռյազանովանման քաղաքական գործիչներին նետելով, որ դա ոչ միայն կարող է լինել, այլեւ անպայման կլինի:

Նկատենք, որ Ալեքսանդր Ռյազանովը գրեթե միշտ առաջինն է եղել, ով Հայաստանի համար գազի սակագների բարձրացման մասին պաշտոնական հայտարարություն է արել ու պնդել, որ եղբայրական հարաբերությունները չեն կարող երկար ժամանակ գազի գինը շուկայական գներից ցածր պահել եւ որ գազը թանկանալու է ԱՊՀ բոլոր երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար: Այս առումով գուցեեւ պարոն Դարբինյանի կարծիքը Ռյազանովի ու նրա հակահայկական քաղաքականության մասին տեղին է, բայց խնդիրն այն է, որ ՀՀ նախկին վարչապետը միայն Ռյազանովի պաշտոնաթողությունից հետո է հասկացել, թե իրականում ով էր «Գազպրոմի» փոխնախագահը: Թե ինչու էր պարոն Դարբինյանը որոշել հենց հիմա պատռել Ռյազանովի դիմակը եւ արդյոք անձնական խնդիրներ չունի՞ «Գազպրոմի» այդ բարձրաստիճան պաշտոնյայի հետ՝ երեկ մենք փորձեցինք պարզել իրենից՝ պարոն Դարբինյանից: «Ես Ռյազանովին կյանքում չեմ տեսել, նրան չեմ ճանաչում, պարզապես նա անպատվել է մեր ժողովրդին, եւ դա ինձ խիստ զայրացրել է, իսկ այդ մասին բարձրաձայնել եմ հիմա, որովհետեւ նոր են այդ մարդուն գործից հանել: Մեր երկրի պաշտոնյաները դուխ չունեն, որ այդ մասին ասեն, ես ունեմ: Ես հակագազպրոմային հայտարարություններ բազմիցս եմ արել, հուսով եմ՝ այս հայտարարության համար Ռուսաստանում էլ ինձ կհասկանան ու կներեն»:

Արմեն Դարբինյանի խոսքերով՝ «Ես հեռու եմ այն մտքից, որ Ռյազանովին ազատել են հատկապես մեր առիթով: Ըստ երեւույթին, նա նման անխոհեմություն է ցուցաբերել նաեւ «Գազպրոմի» կորպորատիվ շահերի առնչությամբ»: Պարոն Դարբինյանը հայտարարությունում «Գազպրոմի» ղեկավարությանը խորհուրդ է տվել, որ այսուհետեւ միջազգային գործունեության համար պատասխանատուներ նշանակելիս առավել շրջահայաց լինեն:

«Այն, ինչ շահավետ է «Գազպրոմին», շահավետ է Ռուսաստանին բանաձեւը միշտ չէ, որ ճիշտ է, մեր տարածաշրջանում ընկերության համար պատասխանատու մարդիկ պետք է առաջին հերթին կարողանան «Գազպրոմի» շահերը փնտրել եւ գտնել այնտեղ, որտեղ միանշանակ առկա են Ռուսաստանի շահերն ու հետաքրքրությունները: Միայն այդ դեպքում նշված բանաձեւը կաշխատի, մնացած բոլոր դեպքերում այն աշխատում է ի վնաս Ռուսաստանի»,- ասում է ՀՀ նախկին վարչապետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել