Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՅՈՒՋԵՆ ԵՐԲԵՎԷ ԿԳՈՀԱՑՆԻ՞

Դեկտեմբեր 04,2006 00:00

\"\"Եթե ստվերային տնտեսությունը կրճատվի, բյուջեում ունենաք ավելցուկ եւ ոչ թե պակասուրդ, արտահանումը գերազանցի ներմուծմանը, թերեւս, դա հնարավոր է:

Այդ ինչպե՞ս է պատահում, որ վերջին տարիներին երկնիշ տնտեսական աճ արձանագրող Հայաստանում աղքատությունը գնալով աճում է, իսկ, օրինակ, ԱՄՆ-ում, Ճապոնիայում եւ Եվրամիության երկրներում այդ նույն տարիներին արձանագրված միանիշ՝ 1-4% տնտեսական աճի պայմաններում ե՛ւ գործազրկությունն է կրճատվում, ե՛ւ բնակչության եկամուտներն են ավելանում, ե՛ւ առեւտրաշրջանառությունն է մեծանում: Գաղտնիքը մեկն է. պետք չէ վերականգնողական տեմպերն անվանել տնտեսական աճի տեմպեր: Տնտեսական աճը բոլորովին այլ բան է: Ինչ վերաբերում է մեր երկրի վերականգնողական տեմպերին, ապա դրանք բնավ գոհացուցիչ չեն՝ ընդամենը 10-14%, մինչդեռ միայն ետպատերազմյան Գերմանիայում դրանք կազմել են տարեկան 35% եւ ավելի: Այնպես որ, իրերը պետք է իրենց անուններով կոչել:

Երկրի տնտեսական ճիշտ քաղաքականության համար խիստ կարեւոր է բյուջեն ճիշտ կազմելը: Արդեն որերորդ տարին է՝ բյուջեի նախագծերում նշվում է «համաշխարհային տնտեսության մեջ հանրապետության ինտեգրման գործընթացի» խորացման մասին, սակայն նման ինտեգրման սկիզբն անգամ չի երեւում, ուր մնաց «խորացումը»: Համաշխարհային տնտեսությանն ինտեգրումից առաջ, նախ, պետք է ինտեգրվել տարածաշրջանային հնարավոր գործընթացներին, որոնցից մեր երկրի մեկուսացումը, ցավոք, ակնհայտ է:

Հայաստանի տնտեսության համար կարեւորագույն նշանակություն եւ դերակատարություն ունեցող գիտության բնագավառին նախատեսված է հատկացնել 5712,1 մլն դրամ, որը կազմում է պետբյուջեի հազիվ 1%-ը (ի սկզբանե, գիտության մասին օրենքը նախատեսում էր բյուջեի առնվազն 3%-ը): Գիտությանը հատկացված գումարը շատ քիչ է տարբերվում Հանրային հեռուստատեսության հատկացումներից, որն առանց այդ էլ առեւտրային զգալի եկամուտներ ունի: Գիտությանը տրամադրվող գումարն աննշան է՝ տնտեսության գերակա ոլորտ համարվող ճյուղի զարգացման համար: Հարկ է հաշվի առնել նաեւ, որ դրա մի զգալի մասը կգնա նախորդ տարիներին ոլորտին փաստացի թերվճարված գումարները ծածկելու, իսկ մյուս մասը, ինչպես եւ նախորդ տարիներին, լիովին չի հատկացվի: Արդյունքում՝ ոչ «ուղեղների արտահոսքը» կկանխվի, ոչ էլ լուրջ ծրագրեր հնարավոր կլինի իրականացնել:  Եվ քանի որ ամեն ինչ ավելի լավ է ընկալվում համեմատության մեջ, ապա նշենք մի քանի համեմատական հաշվարկներ. այն ժամանակ, երբ անցյալ տարիներին ՀՀ-ում գիտությանը փաստացի հատկացվել է մոտ 1,5 մլն դոլարի համարժեք դրամ, Վրաստանը հատկացրել է 4,5 մլն դոլար, իսկ Ադրբեջանը՝ ավելի քան 12 մլն: Արտաբյուջետային ֆինանսավորումը Հայաստանի դեպքում կազմում է 2,6 մլն դոլար, իսկ հարեւաններինը՝ համապատասխանաբար 6,4 մլն եւ 20 մլն դոլար: Այս ամենը, ի դեպ, արվում է՝ առանց գիտությունը գերակա ճյուղ հռչակելու: Պետբյուջեն միակ աղբյուրը չէ գիտության, դրա հիմնարար ճյուղերի ֆինանսավորման համար: Պետության կողմից խնդրի հստակ ձեւակերպման դեպքում միջազգային կառույցներից եւ Սփյուռքից հնարավոր է ստանալ շատ ավելին, քան մեր հարեւանները, որը եւ թույլ կտա բեկում մտցնել հիշյալ ոլորտում:

Կարելի է կրճատել մաքսանենգությունը, հարկման դաշտ բերել ստվերային շահույթները, եւ ամեն ինչ կընկնի իր տեղը:

Այսօր միայն շինարարության ոլորտում 90-95% ստվեր կա. մի ոլորտ, ուր երկրի մասշտաբով ստացվում է մոտ 80 մլրդ դրամի շահույթ, որից 55 մլրդ դրամը՝ Երեւանում կառուցվող շենքերից: Փորձեք համեմատել այս թվերը պետբյուջեում մուտքագրված շինարարության ոլորտից գանձված շահութահարկի հետ եւ կհամոզվեք կառավարության «հարկային վարչարարության» սկզբունքայնության եւ հետեւողականության մեջ: Դրա մեջ բաժին ունեն հենց գործադիրի տարբեր թեւերի ներկայացուցիչները, ուստի ստվերային տնտեսության կրճատումն այս դեպքում ուղղակի պաշտոնյաների գրպանին վնասել է նշանակում:

Մեկ այլ օրինակ է եկամուտների հավաքագրման բաժնում ծխախոտի արտադրանքի, ներմուծվող բենզինի եւ դիզվառելիքի համար հաստատագրված վճարների մուտքերը, որոնք ակնհայտորեն թերհավաքվում են: Չմոռանանք, որ, համաձայն պաշտոնական վիճակագրության, ներմուծված ավտոմեքենաների թիվը մոտ 5 անգամ գերազանցում է 1995-ի մակարդակը, մինչդեռ բենզինի ներկրման թվերը կրկնակի կրճատվել են:

Իրականում կարելի է ունենալ պետական բյուջե, որից երբեւէ գոհ կլինեն թե՛ երկրի շարքային քաղաքացիները, թե՛ այն ձեւավորած կառավարությունը: Դա հնարավոր է, սակայն՝ պայմանով, որ

ա) ստվերային տնտեսությունը կկրճատվի եւ կհասցվի կառավարելի համարվող միանիշ թվերի,

բ) ապրանքների եւ ծառայությունների արտահանումը կգերազանցի ներմուծման ծավալները,

գ) պետական բյուջեի մնացորդում կունենաք ավելցուկ եւ ոչ թե պակասուրդ,

դ) երբ կարտահանվեն ոչ թե մարմնավաճառներ, խոպանչիներ եւ տնտեսական գաղթականներ, այլ գիտելիք, գիտատար արտադրանք եւ այլ մրցունակ ապրանքներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել