Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵԾԻԿ-ՄԵԾԻԿ ՈՐ ԽՈՍՈՒՄ ԵՆ, ԱՅԴՔԱՆ ՁԱՅՆ ՈՒՆԵ՞Ն»

Դեկտեմբեր 05,2006 00:00

\"\"Ընդդիմադիր լիդերների՝ մեծամասնականով առաջադրվելու մասին առաջինն արտահայտված ԺՈՒԿ նախագահ Մանուկ Գասպարյանը վստահ է, որ ընդդիմադիրների իրական վարկանիշը կերեւա միայն այն դեպքում, երբ նրանք առանձին-առանձին կփորձեն ստանալ ժողովրդի քվեն:

Նախորդ շաբաթ մամուլում հրապարակում կար, որ «Հանրապետություն» կուսակցությունը սկսել է կոնսուլտացիաները՝ մեծամասնական ընտրակարգով ընդդիմության լիդերների առաջադրման վերաբերյալ: Մենք փորձեցինք հստակեցնել, թե հատկապես խորհրդարանական ո՞ր ուժերի հետ են եղել կոնսուլտացիաներ: Ընդհանրապես, մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու հարցը դարձել է ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր ուժերի համար թասիբի հարց: Եթե իշխանական ուժերի ներկայացուցիչները փորձելու են դարձյալ հայտնվել խորհրդարանում, քանի որ ընտրողներին ձեթ ու կարտոֆիլ են բաժանել, ապա ընդդիմադիրները պարզապես փորձելու են ընտրողներին խոսքով եւ խոստումներով «կաշառել»: Եվ այս իրավիճակում իշխանական ուժերին ակնհայտորեն չի անհանգստացնում, որ ընդդիմադիր որոշ ուժերի լիդերներ պատրաստ են առաջադրվել իրենց հետ նույն ընտրատարածքներում: Նրանք վստահ են, որ կռիվը թեժանալու է ոչ թե իրենց եւ ընդդիմադիրների, այլ՝ իրենց եւ իրենց միջեւ, այսինքն՝ նույն իշխանական ուժերի միջեւ: Մոտավորապես այդպիսի բան ասաց մեզ հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը. «Տեսակետս հետեւյալն է՝ ինչքան քաղաքական դաշտից բացակայեն հայհոյանքներն ու զրպարտանքները, այնքան հնարավոր կդառնա եւ տեղերում, եւ քաղաքական ուժերի միջեւ համաձայնության հասնելը: Ըստ էության, մեր թեւը քաղաքական դաշտում բավականին պատրաստված մեծամասնական թեկնածուներ ունի, եւ վերջին տարիները դա ապացուցել են»: Մեր հարցին՝ որեւէ անհանգստություն չունե՞ն, որ ընդդիմադիր լիդերները կգրավեն հանրապետականների տեղը, պարոն Սահակյանը պատասխանեց. «Բնականաբար՝ ոչ: Միայն պետք է հասնել նրան, որ կոռեկտ ընտրություններ լինեն, առավել եւս, եթե «ԸՕ»-ն ընդունվի, ընդդիմադիր թեւը ընտրությունների ընթացքը վերահսկելու ավելի մեծ մեխանիզմներ կունենա, քանի որ վստահված անձանց լիազորությունները հավասարեցվել են հանձնաժողովի անդամի լիազորություններին»:

Գալուստ Սահակյանը նաեւ հերքեց այն լուրերը, թե արդեն կա որոշում, որ մեծամասնականով Հանրապետականը 25 թեկնածու է առաջադրելու: Ասելով, թե նման կոնկրետ որոշում դեռ չկա, հավելեց. «Այսօր նաեւ վերագրումների ժամանակաշրջանն է, եւ բյուջեի հետ կապված արդեն տեղերում շփոթության մեջ են գցում հանրությանը՝ բյուջեի հատկացումները իրենց վերագրելով, մանավանդ՝ կրթական համակարգերի հետ կապված, ոմանք հայտարարում են, թե ամեն ինչ արել են, որ այս կամ այն դպրոցը վերակառուցվի, եւ դա ներկայացնում են որպես իրենց շնորհք: Մինչդեռ այդպես չէ, եւ ոչ մեկը իր ունեցվածքից ոչինչ չի տալիս դպրոցին, դա պետբյուջեն է տալիս»: Ասաց նաեւ, որ իր մեղադրանքը կոալիցիոն գործընկերներին չի վերաբերում, այլ «ավելի շատ այն ուժերին, որոնք ընդդիմադիր են կամ ընդդիմադիր կեցվածք ունեն»:

ՕԵԿ խմբակցության անդամ Մհեր Շահգելդյանը մեր հարցին ի պատասխան՝ «Հանրապետություն» կուսակցությունը կոնկրետ ՕԵԿ-ի հետ արդեն սկսե՞լ է կոնսուլտացիաներ՝ մեծամասնականով առաջադրվելու վերաբերյալ, ասաց. «Մեզ այդպիսի առաջարկություն չի արվել այսօրվա դրությամբ»: Իսկ ՕԵԿ-ը մեծամասնականով առաջադրվելու մտադրություն ունի՞. «Իհարկե, մենք առաջադրվելու ենք, արդեն ասել ենք, իսկ թե ով որտե՞ղ եւ ե՞րբ, մամուլին կտեղեկացնենք»,- եղավ ՕԵԿ փոխնախագահի պատասխանը:

«Ազգային միաբանություն» խմբակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը շատ դրական է վերաբերվում ընդդիմության՝ մեծամասնականով առաջադրվելու նախաձեռնությանը: «Ազգային միաբանությունում» դեռեւս քննարկվում է, թե քանի մեծամասնական թեկնածու կառաջադրվի իրենց կողմից:

ԺՈՒԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանուկ Գասպարյանը նախ մեզնից նեղացավ, երբ հարցրինք, թե ինչպես է վերաբերվում «Հանրապետություն» կուսակցության նախաձեռնությանը՝ կոնսուլտացիաներ սկսել մեծամասնականով առաջադրվելու վերաբերյալ. «Էդ գաղափարը ախր ես եմ առաջարկել, «Հանրապետություն» կուսակցությունը չի առաջարկել, դա ես եմ ասել ու շեշտել եմ, որ հատկապես ընդդիմության բոլոր լիդերները պարտավոր են ամեն մեկը մի մեծամասնական տեղում դնեն (խոսքը առաջադրվելու մասին է- Մ. Ե.), որովհետեւ նրանք պատրաստվում են նախագահի թեկնածու դառնալ, հըլը մի հատ փորձեն մի տարածքում՝ իրենք ունե՞ն համապատասխան ռեյտինգ, որ հավակնում են նախագահ առաջադրվել: Եվ ասել եմ, եթե իրենք կուսակցության լիդեր են եւ մեծիկ-մեծիկ խոսում են, պարտավոր են առաջադրվել եւ հաղթել, չհաղթեն էլ, ոչինչ, ես ուզում եմ, որ իրենց ռեյտինգը իրենք իմանան, որ իրենց արտահայտվելու մեծությունը երեւա, որ հասկանան՝ եթե այս տոնը վերցնում են, այդքան ձայն ժողովրդի մեջ ունե՞ն, թե՞ չունեն: Սա ես եմ առաջարկել, հիմա «Հանրապետությունը» կոնսուլտացիաներ է անում, լավ է անում: Ես երկու ձեռքով համաձայն եմ»: Մանուկ Գասպարյանն ասաց նաեւ, որ իրենից բացի, իր կուսակցության եւս հինգ-վեց անդամ կառաջադրվեն մեծամասնականով: Ըստ մեր զրուցակցի, խորհրդարանական ընտրությունների ժամանակ առճակատումը կլինի ոչ թե ընդդիմության եւ իշխանական ուժերի միջեւ, այլ՝ փողատերերի. «Կռիվ կլինի այնտեղ, որտեղ շատ փողատերեր կառաջադրվեն, իրենց մեջ է կռիվը գնալու»: Սակայն նաեւ ինքն իրեն հակասեց, ասելով. «Ես երբեւիցե փող չեմ ունեցել, փող չեմ դրել, բայց միշտ անցել եմ, էդ ո՞նց է եղել: Պիտի պայքարես քո ձայների համար, պետք է ունենաս քո իմիջը ժողովրդի մեջ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել