Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՏՐՈՒԿՆԵՐ ԷՐ ՊԱՀԵԼ

Դեկտեմբեր 13,2006 00:00

«Բրիգադիրը» հրաժարվել էր աշխատավարձ տալ եւ թաքցրել էր «ստրուկների» անձնագրերը

Երեկ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում մեղադրյալի աթոռին հայտնվել էր Ոսկեհասկ գյուղի բնակիչ Արարատ Մուրադյանը, ով խաբել է իր հարազատներին՝ նրանց մի տարի հեռավոր Թաթարստանում պահել ու կատարած ծանր շինարարական աշխատանքի դիմաց նրանց գումար չի վճարել: Աշխատանքային թրաֆիքինգի զոհերի՝ Ռոբերտ Կարապետյանի ու Աշոտ Գրիգորյանի վկայակոչմամբ, Արարատ Մուրադյանը նախապես՝ հայրենիքում իրենց հետ բանավոր պայմանավորվել էր, հավատացնելով, որ թե բանվորին, թե արհեստավորին հստակ աշխատավարձ կտա, մեկին ամսական 11000 ռուսական ռուբլի, մյուսին՝ 12000: Ամբաստանյալն այնպիսի դրախտային պայմաններ էր առաջարկել, որ անապահով վիճակում գտնվող նրա մորաքրոջ որդին՝ Ռոբերտ Կարապետյանը որոշել է դպրոցից հանել ու խոպան տանել նաեւ իր անչափահաս զավակին՝ Էդգար Կարապետյանին: Նա միջնորդել էր նաեւ իր կնոջ մորաքրոջ տղայի՝ Աշոտ Գրիգորյանի համար: Դատարանում զոհերը պատմեցին, որ իրենց խոսակցությունը սկսվել էր մեռելատանը՝ Ռոբերտ Կարապետյանի եղբոր թաղման ժամանակ: Ամբաստանյալը առաջարկել էր ճանապարհածախս ճարել՝ խոստացել էր տեղ հասնելուն պես պարտքը շինարարների ընտանիքին ուղարկել: «Խոպանչիները» պարտք էին վերցրել ու 2004թ. ապրիլի վերջերին Արարատ Մուրադյանի հետ մեկնել Թաթարական հանրապետություն: Աշխատել են օրը տասներկու ժամ, յոթ հոգով բնակվել են կենցաղային տարրական հարմարություններից զուրկ սենյակում:

Տուժողներն ասացին, որ իրենք հարկադրված են եղել ուտել նաեւ կաղամբի կոթ, եղինջ, իսկ սնունդը հետագայում նրանց աշխատավարձից գանձելու պայմանով ապահովել է Արարատ Մուրադյանը, որն էլ բավարարվել է շինարարներին մակարոն հրամցնելով: Խաբվածները նույնպես հաստատեցին, որ Մուրադյանը իբրեւ թե ժամանակավոր գրանցում կատարելու համար իրենց ձեռքից վերցրել է անձնագրերը, ինչպես նաեւ անչափահաս Էդգար Կարապետյանի երաշխավորագիրը ու այլեւս չի վերադարձրել: Ըստ վկաների, Արարատ Մուրադյանը իրենց մի քանի ամիս շարունակ խաբել է, թե աշխատավարձը տներն է ուղարկում՝ Հայաստան, սակայն Աշոտ Գրիգորյանի կնոջ հեռախոսազանգից հետո պարզվել է ամբաստանյալի սուտը: Խաբվածների՝ «հո ձեռդ պլեն չե՞նք, պասպորտներս տուր, էրթանք» պահանջին հետեւել է Արարատ Մուրադյանի արձագանքը ծեծուջարդի տեսքով: Սակայն Արարատ Մուրադյանի խաբեությունը սրանով չի ավարտվել, նա իր «բրիգադի» անդամներին ուղարկել է իր ծանոթների մոտ աշխատելու, որոնք Արարատ Մուրադյանի հետ նախնական պայմանավորվածության համաձայն, դարձյալ աշխատողներին գումար չեն վճարել: Վկաներից Հ. Կարապետյանը նաեւ դժգոհեց, որ ամբաստանյալը Հայաստանում լուրեր է տարածել, թե շինարարները «սաղ օրը պատերի տակ հարբած ընկած են, մատը մատին չեն տա»: Մեղադրող Արմեն Բոշնաղյանի այն հարցին, թե ինչո՞ւ տեղի ոստիկանությանը չեն բողոքել զոհերը, նրանք պատասխանեցին. «Ո՞ւմ բողոքեինք: Արարատը միլիցեքի ու գողերի հետ ախպեր էր, մեզի էլ կտաներ դատախազների ու ռեկետյորների տների վրա աշխատցնելու»: Դատարանում Ռոբերտ Կարապետյանի կինը՝ Հայկանդուխտ Կարապետյանն ասաց, որ խաբեությունը իրեն հաջողվեց բացել մեծ դժվարությամբ՝ տարբեր ատյանների դիմելով: Նրանց, այդ թվում եւ Արարատ Մուրադյանի անձնագրում «դեպորտ» էին խփել ու հայրենիք ճանապարհել:

«Բրիգադիրը» որեւէ հարցի չպատասխանեց, միայն նշեց, որ ինքը տարիներ շարունակ աշխատել էր Ռուսաստանում բնակվող իր ընկերոջ՝ Մանվել Մուրադյանի հետ, սակայն այս անգամ որոշել էր անձամբ «բրիգադիրություն» անել: Վերջինս թեեւ չհամաձայնեց իր հասցեին հնչող մեղադրանքներին, սակայն փորձ էլ չարեց իր անձը պաշտպանելու: Միայն նախագահող դատավոր Էդուարդ Մանուկյանի այն հարցին, թե մարդիկ հազարավոր կիլոմետր կտրել էին, որ «պեչենի՞ ուտեին»՝ հպարտ-հպարտ պատասխանեց. «Ով ասեց, նրանք ծնունդ էլ են արել, կնունք էլ»:

Երեկ հրապարակվեց նաեւ Արարատ Մուրադյանի դատավճիռը. նա դատապարտվեց 5 տարի ազատազրկման եւ նրա տնտեսությունից հօգուտ տուժողների կբռնագանձվի 11.400 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել