Լրահոս
Օրվա լրահոսը

Վճիռ՝ առանց համակողմանի քննության

Դեկտեմբեր 13,2006 00:00

Մասնագետներն իրենց խոսքը չասացին

Նոյեմբերի 22-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում լսվեց աննախադեպ մի գործ՝ Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող Արտակ Նավասարդյանի հայցն ընդդեմ 2005թ. ընդունելության քննությունների հանրապետական հանձնաժողովի՝ անգլերեն եւ հայոց պատմություն առարկաների քննությունների գնահատականները բարձրացնելու պահանջի մասին:

Ըստ հայցվոր կողմի, նշյալ առարկաներից ընդունելության քննության իր գրավոր աշխատանքները ակնհայտ սուբյեկտիվ դրսեւորումներով են գնահատվել: Արդյունքում՝ դիմորդն ընդունվել է լրացուցիչ մրցույթով՝ առանց տարկետման իրավունքի: Եվ դատարան դիմելու առիթը եղավ այն, որ պարզվեց՝ ԱՏ-ով սովորող ուսանողները, ըստ ուսանողական նպաստի լրիվ կամ մասնակի փոխհատուցման (1 տարվա առաջադիմության արդյունքում վճարովիից անվճար եւ հակառակը տեղափոխվելու՝ ռոտացիոն սկզբունք) կարգի, չեն կարող մասնակցել ռոտացիոն մրցույթին: Իսկ Արտակը սովորում է բացարձակ գերազանց գնահատականներով, եւ այս օրերին արդեն կգնա բանակ:

Հիշեցնենք՝ դատական առաջին նիստին ներկայացել էր 2005թ. ընդունելության քննությունների անգլերենի առարկայական հանձնաժողովի նախագահ Սվետլանա Մարգարյանը, ով իր հերթին արդարացրել էր հանձնաժողովի վերաբերմունքը՝ Արտակի գրավորի նկատմամբ: Հանձնաժողովը, օրինակ, սխալ էր համարել այն, որ տրված «նավ» բառը, որով պահանջվում էր նախադասություն կազմել, դիմորդն օգտագործել է որպես տեղի պարագա եւ ոչ՝ որոշիչ: Իսկ պահանջի մեջ նշված չի եղել, թե հանձնաժողովը հատկապես նախադասության ինչ անդամի տեսքով է ուզում տեսնել այդ չարաբաստիկ «նավ» բառը: Բացի այդ, Ս. Մարգարյանն իբրեւ ապացույց վկայաբերել էր իր նախընտրած քերականական դասագրքերը, որոնք, ըստ հայցվորի, տեսական գրքեր էին եւ ընդունելության քննությունների համար հիմք չէին կարող լինել: Առաջին դատական նիստը հետաձգվել էր պատմություն առարկայից պատասխանող կողմի մասնագետի բացակայության պատճառով: Սակայն պատմության մասնագետ այդպես էլ չներկայացավ եւ ոչ մի նիստում: Նոյեմբերի 27-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը՝ Գայանե Կարախանյանի նախագահությամբ, իր վճռով մերժեց Արտակ Նավասարդյանի հայցը՝ առանց մասնագիտական եզրակացությունները հաշվի առնելու եւ առանց պատմության հանձնաժողովի որեւէ մասնագետի կամ փորձագետի լսելու: Վերջին դատական նիստում ԿԳՆ-ից իբրեւ պատասխանող կողմ հանդես եկավ ԿԳՆ իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ Արա Սեդրակյանը, ով փոխանցեց հարցի շուրջ ԿԳՆ աշխատակազմի ղեկավարի ներկայացրած առարկությունները: Ըստ այդմ, պատասխանող կողմը մեջբերեց արդարադատության նախարարության կողմից հաստատված ընդունելության կարգը, որով սահմանվում է, որ գնահատականների հրապարակումից հետո սահմանված ժամկետում դիմորդը իրավունք ունի բողոքարկել իր գնահատականը՝ նախ դիմելով առարկայական եւ ապա՝ Հանրապետական ընդունող հանձնաժողով: Իսկ հայցվորը գրավորներն այդ ընթացքում չի բողոքարկել, հետեւաբար, պատասխանող կողմի կարծիքով, նա համաձայն է եղել իր գնահատականներին: Այսինքն՝ պատասխանողը անհիմն էր համարում հայցվորի դիմումը, սակայն հայցվորն իր հերթին նշեց, որ ինքն իրավունք ունի իր խախտված իրավունքները բողոքարկել դատական կարգով, ինչը եւ անում է: Արտակը նաեւ դատարանին ներկայացրեց, թե հատկապես որտեղ է հանձնաժողովն անտեղի 1.5 միավոր հանել եւ իբրեւ ապացույց մեջբերումներ արեց համապատասխան գրքերից: Պատասխանողը պատմություն առարկայի հետ կապված որեւէ առարկություն չներկայացրեց՝ հավանաբար այն պատճառով, որ չէր տիրապետում մասնագիտական հարցերին, իսկ մասնագետ, ինչպես արդեն նշեցինք, պատասխանող կողմն այդպես էլ որեւէ դատական նիստում չներկայացրեց: Ի դեպ, հայցվորը տարբեր դպրոցների ուսուցիչներից նաեւ մասնագիտական եզրակացություններ էր բերել անգլերեն գրավորի վերաբերյալ, որտեղ մասնագետները որեւէ սխալ չէին գտել:

Հայցվոր կողմը պատրաստվում է դիմել վերաքննիչ դատարան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել