Լրահոս
Օրվա լրահոսը

Ասեղ՝ «Բարի սամարացու» վետչինայում

Հունվար 12,2007 00:00

\"\"ՀՀ որակի տեսչությունը ոչ թե քաղաքացու, այլ արտադրողի՞ կողմնակիցն է

«Մոտ մեկուկես ամիս առաջ Երեւանի մի սուպերմարքեթից գնեցի «Բարի սամարացի» ընկերության վետչինա տեսակի մսամթերք, գինը՝ 2200 դրամ: Ուտելիս ատամիս տակ ինչ-որ անսովոր կոշտություն զգացի, պարզվեց՝ վետչինայի մեջ ասեղ է: Այն, որ սննդի մեջ հաճախ հայտնաբերում ենք, ասենք, մազ, թել, արդեն սովորական է դարձել, բայց որ մեր արտադրողների անփութությունն այնտեղ է հասել, որ կարող են մսամթերքի մեջ ասեղի առկայություն թույլ տալ, սա արդեն արտառոց է»,- «Առավոտին» դժգոհեց սպառող Լուսինե Մարգարյանը: Ըստ նրա՝ «Սննդի, ապրանքի մեջ անորակություններ, թերություններ հայտնաբերելիս երբեւէ չեմ մտածել դիմել համապատասխան պետական մարմինների, բայց այս դեպքն իսկապես արտառոց էր, չէ՞ որ վետչինայի մեջ եղած ասեղը կարող էր իմ մահվան պատճառ դառնալ: Ասեղը կարող է անցնել արյան մեջ կամ ծակել աղիքը՝ դրանով վերջ դնել մարդու կյանքին»:

Երբ սպառողը դիմել է առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության Որակի տեսչություն՝ մանրամասնությամբ նկարագրելով, թե որտեղից, երբ է գնել, ինչպես նաեւ ներկայացնելով իր բողոքի ապացույցը՝ ասեղով վետչինայի կտորը, տեսչությունը փոխանակ այս արտառոց դեպքը քննի եւ «Բարի սամարացուն» տույժի ենթարկի, փորձել է սպառողին համոզել, որ ստորագրություն տա, թե ինքը բողոք չունի: Լ. Մարգարյանի խոսքերով. «Ցավոք, վետչինայի պիտակը չէի պահել, բայց կարծում էի, որ ներկայացրած վետչինայի կտորով կարող են լաբորատոր ստուգումների ենթարկել ու պարզել իսկությունը: Բողոքիցս 10-15 օր անց Որակի տեսչության Էրեբունու տարածքային կենտրոնի ներկայացուցիչն ինձ հրավիրում է այն խանութ, որտեղից գնել եմ վետչինան: Ես ոգեւորվեցի՝ մտածելով, քանի որ պիտակը չի պահպանվել, ուզում են անձամբ ցույց տամ, թե որ վետչինայից եմ գնել: Որակի տեսչության ներկայացուցիչը ինձ հրավիրելով խանութի տնօրենի առանձնասենյակ՝ մի 10 րոպեանոց ելույթ ունեցավ, թե իրենք զգուշացրել են ոչ միայն «Բարի սամարացուն», այլեւ մյուս արտադրողներին, հետո բացատրեց, որ արտադրություն է եւ ամեն ինչ էլ կարող է պատահել, մանավանդ որ այնտեղ հիմնականում կանայք են աշխատում: Հետո էլ, թե՝ «ես գիտեմ, որ խանութից բողոք չունեք, հիմա դեպք է՝ եղել է, կարեւորը որ վատ բան չի պատահել ու քանի որ էլ բողոք չունեք, գրեք, որ չեք բողոքում»: Ես ասացի, որ խանութի դեմ բողոք չունեմ, որ ես բողոքում եմ «Բարի սամարացու» դեմ: Ես իհարկե չհամաձայնեցի գրել, որ չեմ բողոքում ու պահանջեցի, ինչպես օրենքն է պահանջում, իմ դիմումին գրավոր պատասխանել»:

Որոշ ժամանակ անց տուժած սպառողը Որակի տեսչությունից ստանում է հետեւյալ պատասխանը. «Ներկայացված մսամթերքի քանակը քիչ է եւ չի համապատասխանում լաբորատոր փորձարկման տալու համար, ինչն էլ մեզ հնարավորություն չի տալիս օտար մարմնի առկայությունը մսամթերքի մեջ որոշելու: Ինչ վերաբերում է՝ ում արտադրանքն է, ապա ձեր կողմից չի ներկայացվել հիմնավորող որեւէ փաստաթուղթ (գնման չեկ, պիտակ), որը կարող էր հիմք ծառայել հետագա գործողությունների համար: Ուստի մեր կողմից որեւէ միջոցառում չի կարող ձեռնարկվել՝ փաստերի անբավարարության հետեւանքով»: Նկատենք, որ ասեղը չէր կարող մսամթերքի ամբողջ քանակի մեջ լինել, ուստի նմուշառում կատարելու անհրաժեշտություն չկա, չէ՞ որ սպառողը ներկայացրել էր հենց վետչինայի այն կտորը, որի մեջ եղել է ասեղը ու ասեղն էլ հետն է ներկայացրել: «Ես չգիտեմ ինչպես կարելի է կառուցել քաղաքացիական հասարակություն, որի մասին այսքան խոսում ենք: Ինչպես կարող են քաղաքացիներն իրենց իրավունքները պաշտպանել, եթե ես, որ հասարակական կազմակերպության ղեկավար եմ, չեմ կարողանում իմ՝ սպառողիս իրավունքները պաշտպանել»,- ասաց Լ. Մարգարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել