Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավարությունը շոուի կվերածվի՞

Հունվար 15,2007 00:00

\"\"Շուրջ մեկ ամիս է՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում է գտնվում (դատավոր՝ Մնացական Մարտիրոսյան) ռեժիսոր Արմեն Մազմանյանի դեմ հարուցված քրեական գործը: \"\"

Հիշեցնենք, որ տուժողը «ԱԼՄ» հոլդինգի եւ Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն էր: Վերջինս դատի էր տվել Մազմանյանին, երբ ռեժիսորը հուլիսի 18-ին «ԱրմենԱկոբ» հեռուստաընկերության «Խոսք առանց փողկապի» հաղորդման ժամանակ իր հասցեին ինչ-ինչ արտահայտություններ էր արել ու, ըստ Կարապետիչի, զրպարտել:

Անցյալ տարվա դեկտեմբերին նիստը հետաձգվել էր, քանի որ Ա. Մազմանյանի փաստաբան Հայկ Ալումյանը դատարանին միջնորդել էր 3 աշխատանքային շաբաթ տրամադրել իրեն՝ գործի նյութերին ծանոթանալու համար: Երեկ վերսկսված դատական նիստը կրկին հետաձգվեց, քանի որ դատարանը գրավոր դիմում էր ստացել այն մասին, որ Հ. Ալումյանը նույն ժամին մեկ այլ դատի պետք է մասնակցի: Դատարանում Տիգրան Կարապետիչի ներկայացուցիչ Էդվարդ Չինարյանը միտում տեսնելով դատական նիստի անընդհատ հետաձգվելու մեջ, հանդես եկավ միջնորդությամբ՝ շարունակել այն: Սակայն դատարանը չբավարարեց վերջինիս միջնորդությունը, ու նիստը հետաձգվեց մինչեւ հունվարի 18-ը: Նշենք, որ դատարանի դահլիճը գրավել էին Տիգրան Կարապետյանի՝ տարբեր տարիքի երկրպագուները, իսկ Ա. Մազմանյանը ներկայացել էր միայնակ:

Հիշեցնենք նաեւ, որ անցյալ տարվա վերջին կայացած ասուլիսում անդրադառնալով Տիգրան Կարապետյանի հասցեին իր կողմից արված «ջեբկիր» արտահայտությանը՝ Արմեն Մազմանյանը նշել էր, որ նման արտահայտություններ անողներին ԱԼՄ-ի սեփականատերը երբեք դատի չի տվել, ինչը, ըստ իրեն, հաստատում է փաստը: Իսկ այն, որ իր հաղորդումներից մեկի ընթացքում Տիգրան Կարապետյանն ասել է. «Ջահել ժամանակ մարդ ինչ ասես՝ անում ա», Արմեն Մազմանյանի կարծիքով, ապացուցում է, որ ասվածը ճիշտ է: Արդեն գրել ենք («Առավոտ», 30.11.2006թ.), որ Մազմանյանը շարունակում է մնալ իր կարծիքին, թե «Տիգրան Կարապետյանի թեկնածուական «բարաթը» սուտ է: Նա անգամ ինստիտուտ չի ավարտել: Վոլգոգրադում էլ հայկական բանակի գեներալ-մայորի շորերով է ման եկել՝ որպես ղարաբաղյան պատերազմի վետերան: Ահա ձեզ զեղծարարության դեպքեր, որոնցով պետք է զբաղվի մեր դատախազությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել