Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԲՈՅԿՈՏԻ՞ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հունվար 17,2007 00:00

«Առավոտի» հարցին, թե «Արժանապատվությունը» որոշե՞լ է ԱԺ ընտրություններին իր մասնակցության ձեւաչափը՝ կուսակցության նախագահ Լյուդմիլա Հարությունյանը պատասխանեց. «Արժանապատվությունը» հայտարարել է, որ այս ընտրությունները մեծ շանսեր չեն տալիս փոքր կուսակցություններին, իսկ դաշինքներին ներկայացվող օրենսդրական ավելի բարձր պահանջները դաշնակցելու ցանկությունից հետ են պահում ուժեղ կուսակցություններին: Այս առումով՝ պետք է իրատես լինել. փոքր կուսակցությունները, ինչպիսին է «Արժանապատվությունը»՝ որեւէ շանս կարող են չունենալ այս ընտրություններում: Այո՛, մենք գերադասում ենք չմասնակցել ընտրություններին: Սակայն դեռ հունվարն է, եւ հնարավոր է, որ առաջիկա ամսում տեղի ունենան որոշակի փոփոխություններ: Այդ ժամանակ նաեւ դիրքորոշումը կփոխվի եւ մարտավարությունը: Սակայն ես նկատել եմ, որ շատ փոքր կուսակցություններ են նման կարծիք արտահայտում: Ավելի՛ն՝ ընդդիմադիր դաշտի շատ կուսակցություններ են հասկանում, որ որեւէ լուրջ ակնկալիք չեն կարող ունենալ այս ընտրություններում: Ընդ որում՝ այս ընտրություններից շատ քիչ ակնկալիք ունի նաեւ ժողովուրդը. ընտրողների 2/3-ը չի հավատում, որ դրանք կանցնեն արդար: Այս առումով՝ նման մարտավարությունը, կարծում եմ, ինչ-որ չափով արդարացված է»:

Լյուդմիլա Հարությունյանը հետագա զրույցի ընթացքում չբացառեց դաշինքով քարոզարշավին մասնակցելու հնարավորությունը. «Կարծում եմ, մենք չպետք է լինենք խիստ պրագմատիկ եւ առաջնորդվենք միայն նրանով, թե կանցնի՞ այդ ուժը խորհրդարան կամ չի անցնի: Պետք է տեսնենք անհրաժեշտությունը՝ ձեւավորել մի հավաքական քաղաքական ուժ, որը կստեղծի մի մեծ խումբ առաջնորդներից, որոնք ունակ են ժողովրդին հասցնել ժողովրդավարության արժեքը, պահել քաղաքական դիսկուրսը, որոնք կխոսեն առաջատար գաղափարախոսությունների մասին եւ, որոնք կփրկեն Հայաստանի դեմքը որպես մի երկրի, ուր պաշտպանվում է միայն կլանի եւ բիզնեսի շահը»:

Հ. Գ. Լյուդմիլա Հարությունյանի հետ հարցազրույցը՝ վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել