Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ՝ ՀԱՅՏՆԻ, ԱՅՍՏԵՂ՝ ՆՈՐԱՀԱՅՏ

Հունվար 23,2007 00:00

\"\"Հայաստանում միակ բրիտանական ռոք հնչեցնող «VO.X» դուետը կարծում է, որ ոչ ոքի չի խանգարում

Շուրջ կես տարի է՝ երեւանյան հեռուստաալիքներով պտտվում են «VO.X» ռոք դուետի «Նոր օրվա երգ» եւ «Նոր տարվա երգ» ստեղծագործությունները: Առաջիկայում պատրաստ կլինի նաեւ նոր՝ «Made in Yerevan» ալբոմը: Ծնունդով երեւանցի ամուսիններ Արամը եւ Գայան մինչեւ վերջերս սովորում եւ ստեղծագործում էին Անգլիայում: Նրանք այնտեղ 2003, 2004 թթ. ճանաչվել են լավագույն բրիտանական խումբ: Հանդիպեցինք Արամ եւ Գայա Րիաններին (Բաղդասարյան ազգանվան կրճատ ձեւը):

– Դուք նորեկ եք հայաստանյան երաժշտական շուկայում, բայց տեղյակ ենք, որ հայտ եք ներկայացրել «Եվրատեսիլին» մասնակցելու համար…

Արամ- Մենք կոմերցիոն առումով ենք նորեկ, այնինչ 20 տարուց ավելի է՝ ստեղծագործում ենք եւ շուրջ 1000 երգ ունենք՝ 4 լեզվով (հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն): Մեր առաջին համատեղ նախագիծը Հայաստանում 1999-ին, այսինքն՝ մեր ուսանողական տարիներին է եղել: Խոսքը «Passions of Cain» անգլերեն ռոք-օպերայի մասին է, որից ժամանակին պարբերաբար հատվածներ էին հաղորդվում ռադիոյով եւ հեռուստատեսությամբ: 2000-ին, որպես անկախ ռոք դուետ, Մեծ Բրիտանիայում թողարկել ենք «Hand on the Plough» ալբոմը, որտեղ զետեղված էին 10 համաշխարհային հիթեր՝ նոր մատուցմամբ: Մեր «No Matter» եւ «Gone with the wind» ստեղծագործություններն էլ հաղթանակներ են բերել Բրիտանական ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ, հնչել այդ երկրի բոլոր ռադիոկայաններով, իսկ մենք քանիցս հրավիրվել ենք BBC հեռուստաընկերություն: Բրիտանիայում մասնագետների կողմից բարձր գնահատականի է արժանացել նաեւ 2006թ. սկզբին թողարկված մեր «Lifewise» ալբոմը: Այժմ ունենք 7 տեսահոլովակ: Գուցե մեր անգլերեն երգերը լսելիս Հայաստանում ժողովուրդը մտածել է, թե արտասահմանյան կատարողներ ենք: Ցավում եմ, որ չնայած մեր ստեղծագործական կենսագրությանը, ստացվում է, թե նորեկ ենք, ինչ է թե հայաստանցի ունկնդրի աչքի առաջ չի կայացել մեր աճը: Ամեն դեպքում, կարծում եմ՝ արժանի թեկնածու ենք Հայաստանի երաժշտական շուկայում տեղ ունենալու համար: Ինչ վերաբերում է «Եվրատեսիլին», այո՛, հայտ ենք ներկայացրել: Թող ժյուրին որոշի, մեր՝ «Ես իմ սիրած էակինն եմ» երգը հարմա՞ր է, թե՞ ոչ: Քանի որ գիտենք, թե ինչ անակնկալներ կարող են լինել «Եվրատեսիլում», հիշյալ երգում օգտագործել ենք տարբեր ոճեր ու ժանրեր՝ օպերետային էլեմենտներ, ռոք, տեխնո եւ այլն: Բացի դրանից, «VO.X»-ին արդեն հաջողվել է գրավել եվրոպացի ունկնդրին:

– Ովքե՞ր են ձեր երգերի տեքստերի եւ երաժշտության հեղինակները, տեսահոլովակների ռեժիսորները…

Գայա- Երկուսս էլ ստեղծագործում ենք: Արամը եւ մեր պրոդյուսերն է, եւ ռեժիսորը, եւ գործիքավորողը: Մի խոսքով, ամեն ինչ ինքներս ենք անում:

– Հայաստանցի երգիչ-երգչուհիները չեն թաքցնում, որ այստեղ երաժշտական դաշտը սեփականաշնորհված է որոշ անհատների կողմից: Մտավախություն չունե՞ք, որ ձեր ճանապարհը կփակվի՝ նրանց թելադրած «խաղի կանոններին» չենթարկվելու դեպքում:

Արամ-Մեր բախտը բերել է այն առումով, որ ոչ մեկին չենք խանգարում, ոչ էլ մեզ են խանգարում, որովհետեւ Հայաստանում միակն ենք այս ոճի մեջ (նկատի ունի իրենց ներկայացրած բրիտանական ռոքը- Գ. Հ.): Նույնիսկ կարող եմ որպես երգահան եւ գործիքավորող իմ ծառայություններն առաջարկել մեր մյուս ռոք խմբերին:

– Հայաստանում միայն CD թողարկելով հնարավոր չէ ապրել, դուք այլ ոլորտում զբաղվա՞ծ եք:

Գայա- Մասնագիտությամբ թարգմանիչներ ենք եւ աշխատում ենք համապատասխան գրասենյակում: Ափսոս, որ այդ աշխատանքի պատճառով հաճախ զրկված ենք ամբողջ օրը ստեղծագործելու հնարավորությունից: Ի դեպ՝ Անգլիայում մեր CD-ները դեռ վաճառվում են…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել