Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ո՞ՒՐ ԵՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՂԵՐԸ

Հունվար 25,2007 00:00

\"\"Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտում տարիներ շարունակ փոշիացվել են բյուջեի գումարները

ԳԱԱ մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտում էլ, ի թիվս մյուսների, մոտ երկու ամիս առա\"\"ջ ընտրվեց նոր տնօրեն: Հիշեցնենք՝ իբրեւ տնօրենի թեկնածու առաջադրված էին ինստիտուտի նախկին փոխտնօրեն Աննա Բոյաջյանը (վերջինիս թեկնածությունն առաջադրել էր ակադեմիկոս Ռաֆայել Ստամբոլցյանը) եւ ինստիտուտի լաբորատորիաներից մեկի վարիչ Աստղիկ Փեփոյանը: Վերջինս նախկին տնօրենի թեկնածուն էր, եւ ինստիտուտում կայացած գիտխորհրդի ընտրություններում ստացել էր ձայների մեծամասնությունը: Սակայն ԳԱԱ նախագահությունը չհաստատեց գիտխորհրդի ընտրությունը եւ ընտրեց Աննա Բոյաջյանին: Եվ դրանից հետո ինստիտուտում կրքերը չեն հանդարտվում: Ինչպես վերջերս մեզ հետ զրույցում ասաց նախկին տնօրեն Կոնստանտին Ղարագյոզյանը, խմորումներն ինստիտուտում դեռ շարունակվում են. «դա հեշտ լուծվող հարց չէ, որովհետեւ ունիկալ երեւույթ է, երբ նախագահությունը չի հաստատում գիտխորհրդի ընտրությունը եւ ընտրում է գիտության հետ կապ չունեցող մեկի կողմից առաջադրված թեկնածուին»:

Այս առիթով մեկնաբանություն խնդրեցինք նոր տնօրենից: Նա փոխանցեց, որ կոնֆլիկտն ստեղծված էր արհեստականորեն, որովհետեւ նախկինում ինքը երբեւէ որեւէ մեկի հետ խնդիրներ չի ունեցել, եւ իրականում պայքարը ոչ թե իր եւ Ա. Փեփոյանի միջեւ էր, այլ իր եւ նախկին տնօրենի, «որովհետեւ նա միշտ մարդկանց ասում էր՝ դուք, ընտրելով Փեփոյանին, ընտրում եք ինձ: Նա ուզում էր անցկացնել այն թեկնածուին, որի ընտրության պարագայում ինքը կպահպաներ իր իշխանությունը»: Ինչ վերաբերում է գիտխորհրդի ընտրությանը, ապա տիկին Բոյաջյանը նախ ասում է, որ ինստիտուտի գիտխորհուրդը կոլեկտիվի կողմից ընտրված գիտխորհուրդ չի եղել, ինչը պահանջվում է կանոնադրությամբ: Բացի դրանից, այնտեղ մեծ մասամբ եղել են նախկին տնօրենի մարդիկ, եւ, բնականաբար, տնօրենի թեկնածուին պետք է ձայն տային. «Գիտխորհուրդը մեզ մոտ գրպանային էր. եթե նայեք կազմը, կտեսնեք, որ միայն մի լաբորատորիայից 7-8 հոգի ներկայացված է այդ կազմում, եւ դա տնօրենի լաբորատորիան էր: Ամեն տարի տնօրենն ասում էր՝ այս 2-ը պետք է դառնան գիտխորհրդի անդամներ, ու դառնում էին: Չկար քննարկում, ընտրությունը հիմնավորված չէր»:

Ա. Բոյաջյանին հիշեցրինք Կ. Ղարագյոզյանի՝ ԳԱԱ նախագահության նիստում արված այն հայտարարությունը, որ 10 տարի լինելով փոխտնօրեն, տիկին Բոյաջյանը չի արդարացրել իրեն: «Որպես փոխտնօրեն՝ իմ եւ նրա միջեւ կոնֆլիկտ չի եղել, միայն կային անհամաձայնություններ հետեւյալի շուրջ. ես գտնում էի, որ մարդիկ պիտի գնահատվեն ըստ իրենց գիտելիքների, աշխատանքների, հոդվածների, մարդիկ պիտի գան աշխատանքի, որ չի կարելի տալ նույն աշխատավարձն այն մարդկանց, ովքեր աշխատանքի շատ քիչ են գալիս, երեւում են հազվադեպ եւ նրանց, ովքեր առավոտից երեկո այստեղ են ու այս ծանր պայմաններում աշխատում են: Ու պարզ է, որ տնօրենին դուր չէին գա իմ այդ հայացքները, որովհետեւ նրա լաբորատորիան ամենամեծն էր ու ամենաշատն այնտեղ էին համատեղության կարգով աշխատում ու բացակայում աշխատանքից»:

Ի դեպ, երեկ ինստիտուտի կոլեկտիվն ընտրել է նոր գիտխորհուրդ, ներկա է եղել նաեւ բաժանմունքի ղեկավար Վիլեն Հակոբյանը, ինչը, մեր տեղեկություններով, դուր չի եկել որոշ ընդդիմադիր գիտաշխատողների, որոնք կարծում էին, թե բաժանմունքի ղեկավարն իր ներկայությամբ կարող էր ճնշում գործադրել կոլեկտիվի վրա: Ա. Բոյաջյանը մեզ փոխանցեց, որ գիտխորհրդի կազմն ընտրելիս հաշվի է առել նաեւ իրեն ժամանակին դեմ արտահայտված մարդկանց կարծիքը, որ Վ. Հակոբյանը միայն հրավիրված է եղել, եւ հետո՝ 23 հոգուց 16-ը իր՝ գիտխորհրդի նախագահ դառնալուն կողմ է քվեարկել, եւ միայն 6-ը՝ դեմ:

Նոր տնօրենն ինստիտուտում սկսել է գիտաշխատողների որակավորում անցկացնել, ինչը նախկին տնօրենը վերջին 10 տարիներին չի իրականացրել:

Ինչպես հայտնի է, ԳԱԱ նախագահության որոշմամբ, նախկին տնօրենները դարձել են տնօրենի խորհրդականներ: Այս ինստիտուտի պարագայում, տնօրենին դեռեւս հայտնի չէ, թե Կ. Ղարագյոզյանն ինչ խորհուրդներ պիտի տա իրեն: Մանավանդ որ՝ Ա. Բոյաջյանի կարծիքով, իր տնօրինության շուրջ 20 տարիների ընթացքում պրն Ղարագյոզյանը բյուջեից հատկացված գումարները, մեղմ ասած, ոչ նպատակային է ծախսել, ինչն էլ բերել է նրան, որ ինստիտուտում այսօր աշխատանքի համար չկան նորմալ պայմաններ: «Հիմա նայելով գումարներին, տեսնում եմ, որ մարդկային պայմաններ կարելի է ստեղծել հենց բյուջեից եկող գումարներով: Կարելի էր ամեն տարի մի նոր սարք, ռեակտիվ գնել, ինչը չէր արվում»:

Մենք արդեն մի անգամ անդրադարձել ենք այս ինստիտուտում ջեռուցման համակարգի ներդրման համար մի քանի տարի առաջ ծախսված 30 մլն դրամին ու դրա հետագա ճակատագրին: Դրան անդրադարձավ նաեւ Ա. Բոյաջյանը. «Ժամանակին նախագահությունը 30 մլն դրամ նվիրեց ջեռուցման համակարգը գործարկելու համար, բայց դրանից հետո մեծ պարտքեր կուտակվեցին, որովհետեւ արդյունավետ չէր դա աշխատեցնել՝ խորհրդային շրջանից մնացած հին խողովակներն ու հին ռադիատորները լվանալով ու տեղադրելով, երբ խողովակներից անընդհատ կաթում էր, շենքն էլ նորմալ չէր տաքանում: Ու իզուր գումարներ գնացին»:

Նշենք, որ ինստիտուտն ուսումնասիրում է բջջի ակտիվության կարգավորման մոլեկուլային մեխանիզմները, որոնց խաթարումն է հենց ընկած մի շարք ծանր հիվանդությունների հիմքում: Այս կարեւոր գործով զբաղվելու համար չկան բավարար պայմաններ, եւ այսօր ինստիտուտի պանելային շենքում սարսափելի ցուրտ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել