Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքե՞ր են մեծամասնականները

Հունվար 29,2007 00:00

Նախնական դասավորություն

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ շիկանում են կրքերը ոչ միայն ընտրացուցակներում հայտնվելու, այլեւ մեծամասնականով առաջադրվելու համար: «Տղերքը» դարձյալ որոշել են հայտնվել խորհրդարանում, թեեւ նրանց մեծ մասը օրենսդրական աշխատանքից չափազանց հեռու է: Բայց որ գալու են՝ հաստատ, եւ գալու են՝ տեղ-տեղ իրար հետ կռվելով, իրար դեմ պայքարելով եւ իրար հետ թշնամանալով: Եվ եթե այս իրավիճակում ընդդիմադիր գործիչները վախենան եւ չառաջադրվեն մեծամասնական ընտրակարգով, ապա դաշտն ամբողջությամբ թողնելու են հայտնի անուններին եւ մականուններին: Դրանից հետո եթե հանկարծ ընդդիմադիրները խոսեն այն մասին, որ տեղամասերը վերաձեւվել են իշխանության չափսերով, արդարացի չեն լինի: Դեռ մտածելու ժամանակ կա, եւ ընդդիմության լիդերները լավ կանեն խոսելու փոխարեն արդեն այսօրվանից սկսեն առաջադրման ուղղությամբ գործ անելը:

Մի քանի ընտրատեղամասեր պարզապես անձեռնմխելի են: Թիվ 1-ում, օրինակ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի դեմ, հավանաբար, ոչ ոք չի համարձակվելու առաջադրվել, թիվ 9-ում դարձյալ կառաջադրվի «Ժողպատգամավոր» խմբի անդամ Վովա Բադալյանը: Արաբկիրում, ըստ ամենայնի, կառաջադրվի Սպորտդպրոցի տնօրեն Զորի Զոհրաբյանը, իսկ այդ տարածքից «մշտական» ունեցող ՀՀԿ-ական Արմեն Մխիթարյանը խորհրդարան կգա կուսակցության ցուցակով: Լեւոն Սարգսյանին (Ալրաղացի Լյովիկ) թողնված են Արաբկիրի եւ Դավիթաշենի հատվածները, այստեղ առայժմ նոր թեկնածու չկա։

Գորիսում կառաջադրվի միայն Սաշիկ Սարգսյանը, Մարտունիում՝ Հակոբ Հակոբյանը (Արփա-Սեւան), Մելիք Գասպարյանը կառաջադրվի Վարդենիսում: Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում իր թեկնածությունը կդնի Հակոբ Հակոբյանը (Լեդի), Տավուշում՝ Արծրունի Ղալումյանը, Գավառում՝ Հրանուշ Հակոբյանը, Արտաշատում՝ Ջոնիկ Աբրահամյանը: Այս թեկնածուի դեմ եւս ոչ ոք չի առաջադրվում, թեպետ, ըստ որոշ տեղեկությունների, նախկին ՀԺԿ-ական Գրիշա Վիրաբյանը ամեն տեղ հայտարարում է, որ ինքն է առաջադրվելու, եւ նույնիսկ արդեն նախընտրական ցուցապաստառներ է պատրաստել: Նույն Արարատի մարզի մեկ այլ ընտրատարածքում դրությունը շատ ավելի լուրջ է, քանի որ այստեղ առաջադրվելու են երկու «ալկոհոլային» օլիգարխներ՝ «Ավշարի» Արայիկ Գրիգորյանը եւ «Վեդի Ալկոյի» Մանվել Ղազարյանը: Քանաքեռ-Զեյթունում առաջադրվելու է Մանուկ Գասպարյանը, բայց այստեղ իր թեկնածությունն է դնելու նաեւ «Բարգավաճ Հայաստանից» «Տոնուս-Աշոտը»՝ Աշոտ Տոնոյանը: Այստեղ, ըստ ամենայնի, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը մեծամասնականով այլեւս չի առաջադրվի, այլ ընտրությունների կգնա ցուցակով: Այս բոլոր չափուձեւերը, ցուցակները եւ պայմանավորվածությունները առայժմ միայն խոսակցական մակարդակներում են, իրականում ամեն ինչ կարող է հանկարծ, մեկ գիշերվա մեջ գլխիվայր շրջվել, եթե ոմանք իրենց այնպես չպահեն, ինչպես որ հրահանգված լինի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել