Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱՂԱՏՆԵՐՆ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻՆ ԿՈՐԾԱՆՈՒՄ ԵՆ

Հունվար 29,2007 00:00

\"\"Եթե վերահսկողները խաղատներում ավելի հաճախ ստուգայցեր կազմակերպեն՝ հսկայական գումարի խախտումներ կհայտնաբերեն:

Հայաստանում ներկայումս կա 14 խաղատուն եւ 54 շահումով խաղի կենտրոն: Համենայնդեպս, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը 2007-ի դրությամբ՝ միայն այդքան լիցենզիա է տրամադրել: Ամենատարբեր հաշվարկներով՝ խաղատների օրական միջին շրջանառությունը կազմում է ավելի քան 2 մլն դրամ: Մեր երկիրը, ճիշտ է, Լաս Վեգաս չէ, բայց այստեղ խաղատների բիզնեսը նույնպես հաջողված է՝ մի քանի պատճառներով: Նախ, խաղատներից մեկում աշխատող մեր աղբյուրի տեղեկատվությամբ՝ դատելով խաղատան այցելուների թվից՝ հայերը շատ խաղամոլ են եւ ազարտի մեջ շուտ են ընկնում: Նրա խոսքերով՝ «պարտված հայ խաղամոլները դժվարությամբ են հաշտվում տանուլ տվածի հետ ու կորցրածը ետ բերելու ակնկալիքով պատրաստ են խաղասեղանին դնել ամեն ինչ՝ սկսած գրպանի վերջին կոպեկից մինչեւ ամուսնական մատանին»: Բացի այդ, մեր երկրում խաղատների բիզնեսի հաջողությունը պայմանավորված է նաեւ այս ոլորտի թույլ վերահսկողությամբ եւ օրենսդրորեն նախատեսված պատիժների մեղմ լինելով: Պատկերացրեք՝ խաղատների թույլ տված ամենակոպիտ խախտման դեպքում անգամ խաղատան ղեկավարությունը պատժվում է առավելագույնը 200 հազար դրամով, այն էլ՝ տարեկան մեկ անգամ: Տուգանքի այդ չափը՝ խաղատան օրվա եկամուտների համեմատությամբ, չնչին է: Հավանաբար՝ այդ է պատճառը, որ խաղատները գրեթե ամեն օր խախտում են օրենքը:

Օրինակ՝ «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքի համաձայն, «21 տարին չլրացած անձանց մուտքը խաղասրահ արգելվում է»: Սակայն գրեթե ոչ մի խաղատուն այդ դրույթին չի հետեւում: Փորձելու համար, թե որքանով են, օրինակ, Ծովակալ Իսակովի պողոտայում տեղակայված խաղատները գործում օրենքի շրջանակներում, մենք 18-ամյա մի երիտասարդի խնդրեցինք մտնել խաղասրահներ. Փարաքարի ճանապարհի ոչ մի խաղատանը նրա համար ներսուդուրս անելու որեւէ արգելք չստեղծվեց: Խաղատան մեր աղբյուրի տեղեկատվությամբ՝ խաղատունն անչափահասներից ավելի շատ եկամուտ է ունենում, քան մեծերից: Խաղատներին լիցենզիա տվողն ու նրանց գործունեությունը վերահսկողը ֆիննախն է: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց նախարարության շահումով խաղերի եւ խաղատների կարգավորման ու լիցենզավորման վարչության պետ Մանուկ Վարդանյանը, իրենք օրենքի ընդունումից ի վեր (2003թ. դեկտեմբերի 13) ընդամենը 2 դեպք են արձանագրել, երբ խաղատունը չի արգելել 21 տարեկանից փոքր անձանց մուտքը, որի համար էլ պատժել է ամենամեծ տուգանքի չափով՝ 200 հազարական դրամով: Զարմանալի չէ, որ ողջ 2006-ի ընթացքում՝ բոլոր խաղատները միասին, ֆիննախը հայտնաբերել է 350 մլն դրամի խախտում: Նկատենք, որ վերահսկողները խաղատներում ստուգայցեր են կազմակերպում տարեկան մեկ, լավագույն դեպքում՝ երկու անգամ: Սա հավաստիացրեց նաեւ պարոն Վարդանյանը: Եթե նախարարության համապատասխան պաշտոնյաները գոնե ամիսը մեկ հանպատրաստից այցելեին խաղատուն ու հաշվեին այնտեղ մուտք գործող անչափահասների թիվը, պետբյուջե կրկնակի շատ գումար կմտներ՝ միայն օրենքի այդ դրույթի խախտման գծով:

Օրենքի 6-րդ հոդվածի համաձայն, խաղատունը խաղային ավտոմատի շահագործումից ստացված հասույթի առնվազն 86 տոկոսը պետք է շահում տա: Խաղատունը պարբերաբար փաստաթղթային տեսքով հաշվետվություններ է ներկայացնում վերահսկող մարմնին: Հաշվի առնելով, որ ֆիննախը տարեկան միայն մեկ անգամ է այցելում խաղատներ եւ ողջ տարվա ընթացքում բավարարվում է միայն խաղատան ղեկավարության ներկայացրած հաշվետվություններով՝ խաղատունը, բնականաբար, իր իսկ շահերից ելնելով՝ հասույթի չափը քիչ կներկայացնի, եւ ավտոմատի շահագործումից կարող է ոչ թե 86 տոկոս, այլ 1 տոկոս շահում տալ: Մանուկ Վարդանյանի տվյալներով, համենայնդեպս, հաշվետվություններում խաղատները ոչ թե 86, այլ նույնիսկ 90 տոկոսի շահում են ներկայացնում:

Ի դեպ, օրենքում խաղատան սահմանումն այսպես է. «Խաղատուն է այն խաղասրահը, որտեղ անց է կացվում կենդանի խաղ (խաղեր) եւ շահագործվում է քսանից ավելի մեքենայացված խաղ»: Ստացվում է՝ եթե որեւէ օբյեկտում լինի ոչ թե 20-21, այլ՝ 19 մեքենայացված խաղ, այն այլեւս խաղատուն չի կոչվի եւ խաղատան համար նախատեսված ոչ մի օրենսդրական դրույթ այլեւս այդ կառույցի վրա չի տարածվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել