Լրահոս
Օրվա լրահոսը

«Դարի հանցագործը» մեկ ծառ է կտրել

Հունվար 29,2007 00:00

«Անտառի տերերը» գործ են սարքում

Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը հունվարի 18-ին մերժեց Գագիկ Չատինյանի պաշտպան, փաստաբան Արմեն Մանուկյանի միջնորդությունը: Փաստաբանը միջնորդել էր Վրաստանի Գյուլիբաղ գյուղի բնակիչ, ՌԴ քաղաքացի Գագիկ Չատինյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ կալանքը այլընտրանքային պատժամիջոցով՝ գրավով փոխարինել: Գ. Չատինյանը հունվարի 18-ից տեղափոխվեց Վանաձորի մեկուսարան:

Թումանյանի տարածքի ոստիկանության քննիչ Կարեն Մոսինյանի կողմից 2006թ. ապրիլի 21-ին հարուցվել է քրեական գործ: «Դարի հանցագործ» 2 անչափահաս երեխաների հորը, քաղցկեղով տառապող կնոջ ամուսնուն՝ Գ. Չատինյանին մեղադրում են, թե նա իբր «ապօրինի հատել» է 22 ծառ եւ դրանք «ԳԱԶ-66» մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով «արտահանել»: Ու կտրել է այն անտառից, որի տերը նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի եղբայր Հովիկ Քոչինյանն է: Իրականում Գ. Չատինյանը անտառապահ Արկադի Վերմիշյանին տվել էր «ԿամԱԶ» ավտոմեքենայի պահեստամաս, որի գումարը անտառապահը հայտարարել է, թե՝ չունի:

Ա. Վերմիշյանը «ԿամԱԶ»-ի ավտոմասերի փոխարեն Չատինյանին առաջարկել է «անտառի իր տարածքից» 1 (մեկ) ծառ կտրել, այն տեղափոխել Գյուլիբաղ: Գ. Չատինյանը կտրել է այդ մի ծառը, սակայն Վերմիշյանը հասցնում է տեղեկացնել «անտառի տերերին»:

Չատինյանին Թումանյանի ոստիկանության ավագ քննիչ Ռուդոլֆ Ստեփանյանն հրավիրում է իր մոտ, ասում՝ բացատրի, թե ինչո՞ւ ես կտրել 5 հատ ծառ: Չատինյանն ասում է, որ կտրել է 1 ծառ, իսկ քննիչը համառում է, թե «5 ծառը վերցրու քո վրա, գումարն էլ կտանք»: Եվ, իրոք, Գյուլիբաղ գյուղում իր միամիտ օրն անցկացնող Չատինյանի հորը՝ Գառնիկին անծանոթ մեկը հանձնում է 550 դոլար, որից Գագիկը տեղյակ չէր: Երբ Գագիկը տուն է գալիս, հայրը որդուն է հանձնում գումարը՝ 550 դոլարը: Մեր հերոսը այն հաջորդ օրը հանձնում է քննիչ Կարեն Մոսինյանին: Թումանյանի ոստիկանները «վիզ են դնում» «ծառը գրպանը գցել»: Ավագ քննիչ Ռուդոլֆ Ստեփանյանը ծեծի է ենթարկում Գ. Չատինյանին, ստիպելով, որ Գագիկն ընդունի, որ ծառեր է կտրել: Գագիկը հրաժարվում է: Ոստիկաններն ազատ են արձակում նրան ու նա արդեն Վրաստանի Հանրապետության տարածքում գտնվող հայրենի գյուղում էր: Սակայն որոշ ժամանակ անց, Ալավերդու ոստիկանապետի տեղակալ Աշոտ Տիտանյանը վրաց ոստիկանապետ Մամեդի օգնությամբ Սադախլոյից առեւանգում են «անտառի թշնամուն» եւ տեղափոխում Հայաստանի տարածք՝ Ալավերդու ոստիկանության բաժին: Ստիպում են՝ «Ծառը վերցրու քո վրա»: Գ. Չատինյանը հրաժարվում է, տեր կանգնելով միայն այն ծառին, որը կտրել էր եւ որն այդպես էլ չտարավ տուն: Հարցին խառնվում է գլխավոր «անտառասերը»՝ տարածքի դատախազ Արծվիկ Ասատրյանը: Նա իր ձեռքն ընկած խեղճուկրակին ասում է, որ «եւ փաստաբան է, եւ դատախազ, եւ դատավոր, եւ ամեն ինչ»: Ոստիկանն էլ վերցրել էր Չատինյանի՝ ՌԴ քաղաքացու անձնագիրը:

Պաշտպանը դիմում է ոստիկան Ա. Տիտանյանին՝ իր պաշտպանյալի անձնագիրը վերադարձնելու համար, սակայն «ոստիկանը չգիտեր, թե որ բաճկոնի գրպանում է թողել անձնագիրը», ասում է փաստաբան Ա. Մանուկյանը: Առաջարկում են Չատինյանին հրաժարվել իր փաստաբանից: Չատինյանը չի հրաժարվում: Արդյունքում նրան կալանավորում են՝ չկատարած հանցանքի համար: Կալանավայրում Գագիկն իմանում է, որ իր նկատմամբ անգամ «հետախուզում» է հայտարարված եղել: Այս քաշքշուկի ընթացքում նա բնակվում էր եղբոր տանը՝ Վանաձորում: Մինչդեռ քննիչը հայտարարել էր, թե Չատինյանը հնարավոր է խուսափի քննությունից: Չատինյանը տեղեկանում է նաեւ, որ Հայաստանի պետությանը հասցրել է 1.491.000 դրամի վնաս:

Փաստաբանը վերաքննիչ բողոքով դիմել է ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարան եւ ՀՀ գլխավոր դատախազին:

Հ. Գ. Տեղազննվել է անտառը: Միայն մեկ ծառն է համապատասխանում կազմված, անստորագիր ակտին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել