Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորի տիկնիկայինի հոգսերը

Մարտ 13,2007 00:00

Դրանք ընդհանուր են մարզային բոլոր թատրոնների համար

Որոշ թատրոններ համայնքային ենթակայության անցնելով, մասնագետների գնահատմամբ հետընթաց են ապրել: Եթե ժամանակին մշակույթի նախարարությունից գոնե կանոնավոր որոշակի դոտացիա էին ստանում, ապա համայնքային ենթակայության պարագայում վիճակն այլ է: Տեղական ինքնակառավարման մարմինները դժվարանում են հարկերը հավաքել, հետեւաբար դանդաղում է նաեւ թատրոնների՝ ժամանակին ֆինանսավորումը: Օրինակ՝ Վանաձորի պետական տիկնիկային թատրոնը (ղեկավար՝ Սերգեյ Մելիքյան) քաղաքապետարանի ենթակայության ներքո գործում է շուրջ 20 տարի: 1983թ. հիմնադրված այս թատրոնի համար նույնիսկ հատուկ շենք չի կառուցվել, մասնագիտական նախագիծ չի իրականացվել, այլ հարմարեցվել է գործող ծաղկի սրահը: Վանաձորի քաղաքապետարանի ենթակայության տակ է նաեւ «Բոհեմ» թատրոնը (ղեկավար՝ Արամայիս Սարգսյան), Երգի թատրոնը (ղեկավար՝ մշակույթի բաժնի վարիչ Գառնիկ Աղաբաբյան): Այս երեք մշակութային օջախներից յուրաքանչյուրին բյուջեից տարեկան հատկացվում է 10 մլն դրամ: Չգիտես ինչու, բոլորին հավասար չափով (՞):

Նման ֆինանսի առկայության դեպքում, օրինակ, Տիկնիկային թատրոնը չի կարողանում լուծել իր հոգսերը: Նախ՝ շենքը չի ջեռուցվում, տանիքը կաթում է, պետք է վճարել պահպանման եւ այլ ծախսերի համար:

Քաղաքի շուրջ 40 դպրոցները, 20-ից ավելի նախադպրոցական հիմնարկները, մարզի 200 համայնքները սպասարկող տիկնիկայինի ներկայացումները սիստեմատիկ բնույթ չեն կրում, պատճառը դարձյալ ֆինանսական սղությունն է: Մեկ տիկնիկը երբեմն արժենում է 20 հազար դրամ, իսկ այսօրվա երեխային միայն փայտաձողիկային խաղալիքով չես զարմացնի: Իրենց հանապազօրյա հացի խնդիրը լուծելու ակնկալիքով թատրոնից հեռացել են բազմաթիվ ճանաչված դերասաններ, այդ թվում՝ Աշոտ եւ Կարինե Սարիբեկյանները:

Վանաձորի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Մելիքյանը, որը հայտնի է Չառլի մականունով, «Առավոտին» թվարկեց իրենց բազմաթիվ խնդիրները, սակայն չցանկացավ բողոքել քաղաքապետարանից՝ ենթակա անձ է: Պրն Մելիքյանն ընդամենն ասաց. «Ամիս կա՝ 20 ներկայացում ենք խաղում, ամիս էլ կա՝ ոչ մի: Ինչ վերաբերում է դերասանների աշխատավարձին, դրանք արդեն ավելացել են ու կազմում են շուրջ 20 հազար դրամ: Հաճախ մեկ տիկնիկավարը նույն ներկայացման ընթացքում ստիպված կատարում է մի քանի դեր, որոնց միանում եմ նաեւ ես: Մեզ օգնում են նաեւ Կինոյի եւ թատրոնի ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի ուսանողները: Ներկայումս խաղացանկում ունենք 6 ներկայացում: Այժմ էլ ՀՀ վարչապետի հովանավորությամբ պատրաստում ենք Գագիկ Խաչատրյանի «Գոռան լիճը» ներկայացումը»: Նշենք, որ բեմադրության երաժշտական ձեւավորումը իրականացնում է քաղաքապետարանի մշակույթի բաժնի վարիչ Գագիկ Աղաբաբյանը, որն ավարտել է Մանկավարժական համալսարանի պատմության բաժինը:

Կապվեցինք Վանաձորի մշակույթի բաժնի վարիչ Գագիկ Աղաբաբյանի հետ եւ ուղղեցինք «Առավոտի» հարցերը՝ մինչեւ ե՞րբ պետք է զուտ գոյատեւի թատրոնը, հնարավոր չէ՞ վերջինիս՝ ՓԲԸ կարգավիճակը փոխել եւ դարձնել պետական ոչ առեւտրային կազմակերպություն, ինչի արդյունքում գոնե արտաբյուջետային միջոցներ կուղղվեն թատրոն: Պրն Աղաբաբյանը, պատճառաբանելով իր զբաղվածությունը, այդպես էլ ողջ օրվա ընթացքում ժամանակ չգտավ պատասխանելու մեր հարցերին:

Վանաձորի թատրոնին մշակույթի նախարարությունը դոտացիա չի կարող հատկացնել, քանի որ այն իր ենթակայությամբ չի գործում, բայց անցյալ տարի թատրոններին պետական աջակցություն ցուցաբերող հանձնաժողովը մեկ ներկայացման սուբսիդիա է տրամադրել: Այնպես որ՝ համայնքային թատրոնների խնդիրները հենց համայնքներինն են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել