Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԱՏԱՐՎԱԾ ՄԱՀԱՓՈՐՁԸ ԴԵՌ ԱՌԱՋԻՆ ԾԻԾԵՌՆԱԿՆ Է»

Ապրիլ 04,2007 00:00 Share

\"\"Այսպես են մեկնաբանում Վարդան Ղուկասյանի դեմ մահափորձը քաղաքական գործիչները եւ կանխատեսում են, որ դեռ ավելի վատ բաներ են լինելու:

Քաղաքական գործիչները տարբեր մեկնաբանություններ ունեն Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ մահափորձի վերաբերյալ: Ոմանք վստահ են, որ կատարվածը ամենաուղղակի կերպով կապված է ընտրական գործընթացների հետ, ոմանք էլ այն կարծիքին են, որ մահափորձը կապ չունի քաղաքականության հետ: Իսկ ԺՈՒԿ կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Մանուկ Գասպարյանի կարծիքով, Վարդան Ղուկասյանի դեմ կատարված մահափորձը դեռ առաջին ծիծեռնակներն են: Ըստ «Ա1+»-ի, Մ. Գասպարյանը վստահ է, որ ընտրություններից առաջ կամ դրանց ընթացքում երկու խոշոր պատերազմական գործընթաց է սկսվելու Երեւանից դուրս: Վարդան Ղուկասյանի դեմ մահափորձը Մանուկ Գասպարյանը 90 տոկոսով կապում է ընտրությունների հետ, իսկ մնացած 10 տոկոսը՝ քաղաքապետի տնտեսական գործունեության հետ. «Գյումրիի ունեցվածքի 70-80 տոկոսը գտնվում է Ղուկասյանների ընտանիքի մոտ: Բայց 90 տոկոսով քաղաքականի հետ եմ կապում: Հավանաբար, թեկնածուներից մեկին շատ է նեղում, որ մեծամասնական է դրել, այդ հողի վրա ցանկացել են վրեժ լուծել: Այդ կրակոցը հաստատ գյումրեցիների կողմից է»: Իսկ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը արձանագրեց, որ «Հայաստանը, ցավոք սրտի, անցնում է իր բնականոն կրիմինալ զարգացումներին: Շահեն Հովասափյանի սպանությունը ինչ հետեւանքներ ունեցավ, նույնն էլ՝ այս նողկալի մահափորձը»:

Մի շարք այլ քաղաքական գործիչներ եւ դիտորդներ, որոնք «Առավոտի» հետ զրուցեցին իրենց անունը չհիշատակելու պայմանով, կարծիք հայտնեցին, թե պատահական չէ, որ Վարդան Ղուկասյանի դեմ հարձակումը իրականացվել է հատկապես Գյումրիից դուրս եւ հատկապես այն օրը, երբ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի կողմից առաջարկվեց վարչապետի թեկնածու: Նրանք հիշեցնում են, որ Վարդան Ղուկասյանի՝ հանրապետական դառնալու գործում Սերժ Սարգսյանը ամենաանմիջական մասնակցությունն է ունեցել: Իսկ 2003-ի նախագահական ընտրություններում նա անվերապահորեն կատարում էր ամեն ինչ, որ Ռոբերտ Քոչարյանը նախագահ դառնա: Գյումրեցիները փաստում են, որ Վարդան Ղուկասյանի համար Ռոբերտ Քոչարյանը կուռք է: Քանի դեռ կոալիցիայից ՕԵԿ-ը դուրս չէր եկել, Վարդան Ղուկասյանը բավականին լավ հարաբերություններ ուներ նաեւ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ: Ի դեպ, ըստ գյումրեցիների, Վարդան Ղուկասյանը բավական վատ հարաբերություններ ունի «Դաշինք» կուսակցության տարածքային կառույցի հետ, ասում են՝ մի քանի անգամ հայտարարել է, որ ինքը Սամվել Բաբայանին չի սիրում: Սակայն, ըստ մեր զրուցակիցների, վարկածներից ամենից թույլը քաղաքականն է:

Հիմնականում շրջանառվում է այն վարկածը, ըստ որի՝ մահափորձն անմիջական կապ կարող է ունենալ Գյումրիի քաղաքապետի տնտեսական գործունեության եւ կրիմինալ կապերի հետ: Շատերը կարող են հիշել, թե ինչպիսի պատմությունների մեջ էր հայտնվում Գյումրիի քաղաքապետը իր բարեկամների եւ մերձավոր հարազատների կողմից տարբեր ժամանակներում կատարված սպանությունների, կռիվների, զինված ռազբորկաների եւ այլնի պատճառով: Գյումրիի «Դուետ» սրճարանում կատարված սպանությունը, ըստ նախնական տվյալների, կատարել էր քաղաքապետի որդին, սակայն այդ տեղեկությունն անմիջապես հերքվեց դատախազության կողմից: Սպանությունները կատարվել են ոչ անհայտ անձանց նկատմամբ, հիմնականում սպանվածները հայտնի անուններ են՝ ոչ պակաս կրիմինալ շրջապատով, եւ չի բացառվում, որ Գյումրիի քաղաքապետի դեմ մահափորձը իրականացրել են վրեժխնդրության նպատակով:

Չմոռանանք, որ Վարդան Ղուկասյանը եւս զենքի հանդեպ սեր է ունեցել, եւ գյումրեցիները մինչեւ հիմա էլ հիշում են, թե ինչպես էր տարերքի մեջ ընկած կրակում իրեն պատկանող «Օազիս» ռեստորանային համալիրում կամ ինչպես էր հարձակվել լրագրողների վրա: Գյումրեցիները նաեւ հիշում են Վարդան Ղուկասյանի հարուստ բառապաշարը, որը քաղաքապետը կիրառում է իր ստորադասների հետ շփվելիս:

Գյումրիում Վարդան Ղուկասյանին են պատկանում բոլոր ներքաղաքային երթուղային գծերը, Շիրակացու փողոցի գրեթե բոլոր խանութները եւ առեւտրի կետերը, անթիվ բենզալցակայանները:

Վարդան Ղուկասյանի անունը կապված է նաեւ ամենազավեշտալի հայտնի պատմության հետ, երբ քաղաքապետը չէր ուզում կատարել կառավարության որոշումն այն մասին, որ աղետի գոտու բնակարանային շինարարության ֆոնդի բնակբաժանումն այսուհետեւ պետք է իրականացնի մարզպետարանը: Քաղաքապետը այդ ժամանակ հրաժարվում էր համապատասխան փաստաթղթերը տրամադրել մարզպետարանին:

Նույն այդ ընթացքում տեղեկություններ կային, որ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը թողնելու է իր պաշտոնը: Շիրակի մարզպետ Ռոմիկ Մանուկյանի եւ քաղաքապետի հարաբերությունները այդպես էլ չլավացան: Մարզպետը ժամանակին մտադիր էր Գյումրիի քաղաքապետին անվստահություն հայտնելու առաջարկ ներկայացնել կառավարությանը: Այդ ընթացքում Գյումրիի քաղաքապետարանում հարկային տեսչության եւ մի քանի այլ գերատեսչությունների աշխատակիցներ ստուգումներ էին իրականացնում: Սակայն, ինչպես լինում է նման դեպքերում, անսպասելիորեն իրավիճակի փոփոխություն տեղի ունեցավ ու Վարդան Ղուկասյանի դեմ հարուցված գործերը իրար հետեւից փակվեցին, եւ քաղաքապետը դարձյալ սկսեց իրեն տերուտիրական զգալ: Բնականաբար, այդ «կնճիռը» լուծեց անձամբ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Եվ, որպեսզի չստացվի, թե շահագրգիռ ենք գրել քաղաքապետի միայն վատ գործերի մասին, նշենք, որ Վարդան Ղուկասյանը «լավ» բաներ եւս ունի, օրինակ՝ «Անանիա Շիրակացու» մեդալ, որը ստացել է Ռոբերտ Քոչարյանի կողմից՝ ՏԻՄ 10-ամյակի կապակցությամբ, ինչպես նաեւ համայնքների զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:

Բոլոր դեպքերում, մենք մաղթում ենք Վարդան Ղուկասյանին շուտափույթ ապաքինում եւ ուզում ենք հիշեցնել Կարեն Դեմիրճյանի վերջին խոսքերը, որ նա ասել էր 99-ի հոկտեմբերի 27-ին՝ «հարցերը այդպես չեն լուծվում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել