Լրահոս
Օրվա լրահոսը

«ՅՈՒՐԱՆ ԲԱՑԱՌԻԿ ՄԱՐԴ ԷՐ»

Հունիս 28,2007 00:00

\"\"Այսօր Յուրի Բախշյանը 60 տարեկան կլիներ

Այսօր Կամերային երաժշտության տանը կնշվի պետական, քաղաքական գործիչ Յուրի Բախշյանի ծննդյան 60-ամյակը: Միջոցառման կազմակերպիչը նրա տիկինը՝ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանն է:

Երեկոյի ժամանակ կկայանա Դանիել Երաժշտի մշակումների՝ «Հայաստանը երգերում» գրքի երրորդ հատորի շնորհանդեսը, որ տպագրվել Բախշյան-Ժամկոչյան ընտանիքների հովանավորությամբ, կցուցադրվի 15 րոպեանոց ֆիլմ Յուրի Բախշյանի մասին. այն բաղկացած է 3 մասից՝ «Յուրայի հետ», «Յուրայից հետո», «Յուրան շարունակվում է»: Տիկին Բախշյանը տեղեկացրեց, որ նույն օրը Յուրի Բախշյանի անվան կրթաթոշակով կպարգեւատրվեն ոչ միայն թիվ 27 դպրոցի այս տարվա գերազանցիկները, այլեւ իրենց դպրոցն ավարտած, այժմ՝ բուհերի լավագույն ուսանողները:

Անահիտ Բախշյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ զգացողություն է ունեցել, երբ առաջին անգամ ոտք է դրել ԱԺ, որտեղ ժամանակին աշխատել է ամուսինը: Ասաց, որ շատ է հուզվել դահլիճ մտնելիս: Հետո էլ հավելեց. «Յուրայի առաջ պարտավորված եմ զգում՝ ԱԺ-ում ծառայել այնպես, ինչպես ինքն էր աշխատում: Ես խորհրդարան եմ եկել շարունակելու նրա գործը: Մեկ առ մեկ հիշում եմ բոլոր պատգամները: Օրինակ, երբ թիվ 27 դպրոցի տնօրեն էի դառնում, ասում էր՝ նախ քաղաքացի կպատրաստես, ոչի՛նչ, որ մաթեմատիկան կամ ֆիզիկան աշակերտը մի քիչ պակաս իմանա, դա հետո էլ կլրացնի… Ասում էր՝ երեխաներին դեռ դպրոցից սովորեցրու ընտրելու գործընթացը: Իսկ Յուրայի մի պատգամն ավելի ուշ սկսեցի հասկանալ: Երբ մեկ-մեկ դժգոհում էի, թե վատ են կառավարում, ինձ Յուրան ասում էր՝ բավական է խոհանոցում բամբասես, գնա որեւէ կուսակցություն մտիր, քաղաքական ուժի մաս դարձիր, հետո խոսիր: Այդ էլ արեցի՝ 2002-ից «Ժառանգություն» կուսակցության անդամ եմ»:

Տիկին Բախշյանը հայտնեց, որ այժմ ուսումնասիրում է ամուսնու՝ խորհրդարանում արված նշումները. «Դրանցից որոշները ժամանակավրեպ են, մի մասը հիմա էլ կարելի է հնչեցնել: Մի տեղ Յուրան գրել է՝ Երկու Մենք, երկու Մասիս, երկու հայ պետություն, երկքաղաքացիություն, ե՞րբ են այս երկուսները լուծվելու… իր գրառումները ինձ շատ կօգնեն: Համարում եմ, որ Յուրան կա, իմ կողքին է, իր ներկայությունը շարունակվում է ամեն ինչի մեջ»:

Տիկին Բախշյանին հարցրինք՝ Յու. Բախշյանի կուսակից՝ ՀՀԿ անդամներից ովքե՞ր են առաջինը զանգահարել, հետաքրքրվել նրա հոբելյանով, մանավանդ 15 օր է՝ օպերայի մոտ փակցված է հոբելյանական երեկոյի մասին հսկայական պաստառը: «Ոչ ոք… Բայց ես, ամեն դեպքում, Հանրապետական կուսակցություն հրավիրատոմս եմ ուղարկել, ոմանց էլ հանդիպել-հրավիրել եմ: Ով իրեն կհամարի Յուրայի զինակից, նա էլ կգա այդ միջոցառմանը»: Ա. Բախշյանը հուզմունքով խոսեց Յուրի Բախշյան մարդու մասին. «Ես շատ եմ կարոտել Յուրային… նրա ժպիտին եմ կարոտել: Յուրան բացառիկ հայ տղամարդ էր: Ծնված լինելով խորհրդային երկրում՝ նա իր ներսում ժողովրդավար էր: Գիտեր հարգել դիմացինի իրավունքը, մարդուն լսելու բացառիկ ձիրք ուներ: Մեր երեխաներին միշտ ասում էր՝ դողացեք ձեր կենսագրության յուրաքանչյուր տողի վրա… Ես լուրջ կրթություն եմ ստացել նրանից… Յուրան մանկավարժ էր, գիտեր մարդու հետ ճիշտ հարաբերվել… Այժմ ընտանիքիս անդամներից յուրաքանչյուրը յուրովի է փորձում նրա հիշատակը ապրեցնել: Լուսինե եւ Գայանե դուստրերս մասնակցել են «Հայաստանը երգերում» գրքի հովանավորությանը, մյուս դուստրս՝ Լիլիթը, ամուսնու՝ Գեւորգի հետ Հարավ-արեւմտյան թաղամասում գտնվող Յու. Բախշյանի անվան այգում այսօր ցայտաղբյուր կկանգնեցնի: Ես թիվ 27 դպրոցին Յուրայի 60-ամյակի առթիվ նվիրել եմ շարժական համակարգչային դասարան: Այդպես փորձում ենք նաեւ Յուրայի հանդեպ ունեցած անսպառ կարոտը փոքր-ինչ մեղմել»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հ. Գ. Թիվ 99 դպրոցի շրջանավարտիս հիշողություններում էլ լուսավոր ու վեհ է ֆիզիկայի ուսուցչիս՝ Յուրի Բախշյանի կերպարը: Նրան պաշտում էր ողջ դպրոցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930