Լրահոս
Օրվա լրահոսը

Հինգ քրգործ՝ մեկ վարույթում

Հուլիս 19,2007 00:00

Հույս կա, որ Վարդանյանների ընտանիքի թշնամանքի արդյունքում տեղի ունեցած հանցագործությունները կբացահայտվեն:

Հուլիսի 7-ին «Երրորդ գյուղ» կոչվող բնակավայրի գերեզմանատանը դիմահար կրակոցով սպանվել էին երեք երիտասարդներ, որոնցից մեկը 2006թ. մարտի 4-ին Սայաթ-Նովա փողոցում սպանված «Քաղցրիկ» ՍՊԸ տնօրեն Աշոտ Վարդանյանի որդին էր՝ Արտավազդ Վարդանյանը, վերջինիս աներորդին՝ Վարդան Միքայելյանը, եւ վարորդը՝ Գրիգոր Ստեփանյանը: Հարուցվել էր քրգործ, քննությունը գտնվում էր Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների դատախազության վարույթում: Երեկ, սակայն, ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ հուլիսի 11-ին գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանի մոտ տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որին մասնակցել է նաեւ ՀՀ փոխոստիկանապետի տեղակալ, գեներալ-մայոր Արմեն Երիցյանը: Խորհրդակցության ժամանակ քննարկվել են հորեղբոր որդիներ Գագիկ եւ Աշոտ Վարդանյանների ներընտանեկան թշնամանքի արդյունքում տեղի ունեցած մի քանի հանցագործությունների փաստերի առիթով հարուցված քրգործերի նախաքննության ընթացքն ու ձեռք բերված ապացույցները: Հիշեցնենք, որ խոսքը այդ թշնամանքի արդյունքում 2004թ. հոկտեմբերի 5-ին Էդուարդ Նիկողոսյանի անհետանալու, 2006թ.-ին տեղի ունեցած Աշոտ Վարդանյանի սպանության, 2006 թ. հունիսի 11-ին տեղի ունեցած խուլիգանության, որի ընթացքում «Քաղցրիկի Աշոտի» տղան՝ Արթուր Վարդանյանը, իր մոտ գտնվող զենքից կրակել եւ ոտքի շրջանում հրազենային վնասվածք էր պատճառել Արմեն Հակոբյանին, որի պատճառով էլ այսօր գտնվում է հետախուզման մեջ, 2007թ. մայիսի 9-ին տեղի ունեցած Գագիկ Վարդանյանի որդու՝ Ստեփան Վարդանյանի սպանության եւ նույն թվականի հուլիսի 7-ին կատարված երեք երիտասարդների սպանությունների մասին է:

ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի ունեցած քննարկման արդյունքում՝ ելնելով նշված հանցագործությունների բացահայտման եւ բազմակողմանի, ամբողջական քննություն կատարելու շահերից, որոշվել է նշված քրգործերը միացնել մեկ վարույթում եւ դրա նախաքննության իրականացումը հանձնարարել ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերով քննության վարչությանը, որի պետն է ոստիկանության գնդապետ Սամվել Ծաղիկյանը: Հուլիսի 17-ին այդ որոշումը կյանքի է կոչվել. վարչությունում նախաքննություն կատարելու համար ստեղծվել է քննչական եւ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ իրականացնող խումբ:

Ի դեպ, վերը թվարկված սպանություններից երկուսը՝ Աշոտ Վարդանյանի եւ Ստեփան Վարդանյանի սպանությունները, ըստ պաշտոնական հաղորդագրության, բացահայտվել են: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Աշոտ Վարդանյանի սպանությունը կատարելու համար Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազության կողմից որպես մեղադրյալ է ներգրավվել Հայկ Կարապետյանը, իսկ Ստեփան Վարդանյանի սպանությունը կատարելու համար՝ Շենգավիթ համայնքի դատախազության կողմից՝ Հայկ Բենիկյանը: Վերջիններիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ըստ պաշտոնական աղբյուրի, ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ նշված հանցագործությունները բացահայտելու, հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Ոչ պաշտոնական մեր աղբյուրների ասելով, այս քրգործերով արդեն կան բերման ենթարկված նոր կասկածյալներ, որոնք առայժմ ձերբակալված են:

Մենք փորձեցինք այս առնչությամբ իմանալ դեռ 2004-ին իր որդուն՝ Էդուարդ Նիկողոսյանին փնտրող Գագիկ Նիկողոսյանի կարծիքը: Նա հույս ունի՞ արդյոք, որ այս հանցագործությունների համալիր հետաքննության պարագայում գոնե հնարավոր կլինի բացահայտել իր որդու անհայտացման պատճառները: Մեր հարցադրմանն ի պատասխան նա ասաց, թե լիահույս է, որ որդու սպանությունը եւս կբացահայտվի, մանավանդ որ՝ այդ գործը քննող քննիչները նախկինում իր որդու սպանության գործի հետ չեն առնչվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել