Լրահոս
Օրվա լրահոսը

Որտեղի՞ց է սկսվում հայրենիքը

Հոկտեմբեր 24,2007 00:00

Մտահոգություն երիտասարդական թեմաներով եւ ոչ միայն

Վերջին շրջանում մի քանի ամոթալի դեպքեր ինձ ստիպեցին իմ եւ ընկերներիս մշտական մտահոգությունների մասին բարձրաձայն արտահայտվել:

Սկսեմ Երեւանի ծննդյան 2789-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում հոկտեմբերի 12-ին Հյուսիսային պողոտայում «Մարաթուկ» համույթի մասնակցությամբ ցուցադրված ազգային կոխի ելույթներով՝ ազգագրական ծիսակատարությունից: Բարձր մակարդակով անցկացված միջոցառումն ուղեկցվեց ազգային-հայրենասիրական երգերով, պարերով: Սակայն հանդիսատեսների խիստ նկատելի սակավությունը չապահովեց ակնկալվող տոնական մթնոլորտը: Ներկաները 30-40-ն էին, որոնց մեծամասնությունը լրագրողներ, լուսանկարիչներ եւ միջոցառման կազմակերպիչներ էին: «Հասարակ» հանդիսատեսի թիվը չէր անցնում 20-ից: Ներկա էին նաեւ «ոսկի» երիտասարդության մի քանի «դեմքեր», որոնք զվարճանում էին՝ ակնհայտ հեգնանք ցուցաբերելով: Մայրաքաղաքի բնակիչները անտարբեր էին միջոցառման հանդեպ: Եթե «Մարաթուկի» փոխարեն ելույթ ունենար մեր էստրադայի «աստղերից» որեւէ մեկը, համոզված եմ, որ հաշված րոպեների ընթացքում երկրպագուների պակաս չէր ունենա, տարածքում էլ ասեղ գցելու տեղ չէր լինի:

Հոկտեմբերի 16-ին էլ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Միսս Հայաստան» գեղեցկության եւ նրբագեղության ամենամյա մրցույթը: Ժյուրիի անդամ, ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանի հարցին, թե ով է նախագծել օպերայի եւ բալետի թատրոնի շենքը, եզրափակիչ դուրս եկած 7 մասնակիցներից եւ ոչ մեկը չկարողացավ ճիշտ պատասխանել: Կարծում եմ, որ գեղեցկությունն արժեք չունի, եթե այն կրողը զուրկ է տարրական ինտելեկտից: Մանավանդ հարցն ամենեւին բարձրագույն մաթեմատիկային կամ միջուկային զենքին չէր վերաբերում:

Ինչ տեղի ունեցավ հոկտեմբերի 18-ին Ազատության հրապարակում՝ «Նոր ռադիոյի» մեկամյակին նվիրված միջոցառման ժամանակ, կարծում եմ, շատերի ուշադրությունից չի վրիպել: Ավտոմեքենայի խաղարկության արդյունքում եզրափակիչում հայտնված 5 մասնակիցներին տարբեր բնույթի հարցեր տրվեցին՝ հաղթողին որոշելու համար: 3-րդ փուլում անհրաժեշտ էր թվարկել մեր մայրաքաղաքները: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ մասնակիցներից ոչ մեկը չկարողացավ թվարկել Հայաստանի բոլոր մայրաքաղաքները: Բայց այն, որ Մեծ Հայքը, Տուրուբերանը, Ալեքսանդրապոլը կամ էլ, օրինակ, Կոստանդնուպոլիսը Հայաստանի մայրաքաղաքների շարքին են դասվում, ես չեմ իմացել իմ ողջ դպրոցական եւ համալսարանական տարիների ընթացքում: Եվ այդ «բացահայտումները» տեղի ունեցան այն ժամանակ, երբ Հ1-ի ուղիղ եթեր հեռարձակվող միջոցառմանը հետեւում էին բազմաթիվ հայաստանցիներ եւ սփյուռքահայեր: Պետք է նաեւ նշել, որ այդ նույն մասնակիցները նախորդ փուլերի հարցերին պատասխանելիս որեւէ խնդիրներ չունեցան, երբ պահանջվում էր առավելագույն թվով ներկայացնել ավտոմեքենաների անվանումներ եւ հայ երգիչ-երգչուհիների անուններ:

Կարելի է անվերջ խոսել նման երեւույթների մասին, սակայն նախեւառաջ անհրաժեշտ է գիտակցել ազգային ինքնությանը հավատարիմ մնալու աշխատանքների կարեւորությունը, պետք է երիտասարդներին դաստիարակել ազգային-հայրենասիրական գաղափարներով, համատեղ պայքարել մեր հասարակության մեջ արդեն արմատներ գցած օտարամոլության դեմ եւ գոնե հասնել այն բանին, որ հեռուստատեսությամբ օրական 20 անգամ չհնչի մի երգ, որում օգտագործվում են «սիրահարվա», «քո համար», «իմ նման» եւ այլ անկապ արտահայտություններ: Հետաքրքիրն այն է, որ հայերենն ամբողջությամբ աղավաղող այդ «երգիչը» իրեն բավական լավ է զգում տեսահոլովակում՝ հայկական Եռագույնի ֆոնի վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել