Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՍ ԸՆԴԱՄԵՆԸ ՁԵՐ ԳՈՐԾԻՔՆ ԵՄ

Նոյեմբեր 07,2007 00:00

\"\"Երիտասարդությանը ասում է ՀՀ առաջին նախագահը

Նոյեմբերի 3-ին Երեւանի «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի ունեցավ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը երիտասարդության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էին շուրջ 1700 երիտասարդներ, որոնք ներկայացնում էին հանրապետության բոլոր մարզերը, եւ քաղաքական տարբեր ուժեր: Հանդիպումը անցավ բացառիկ ջերմ մթնոլորտում. ստորեւ ներկայացնում ենք հանդիպման պաշտոնական սղագրությունը: Հանդիպումը սկսվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի բացման խոսքով:

– Սիրելիներս. ինձ համար շատ հաճելի է մասնակցել այս հանդիպմանը: Վաղուց այսքան գեղեցիկ երիտասարդություն չէի տեսել: Հոկտեմբերի 26-ին ես ձեզ տեսա Ազատության հրապարակի հարթակից: Այսօր դուք այստեղ եք՝ բարեկամական զրույցի համար:

Իմ խորին համոզմամբ այսօր Հայաստանում սկսվում է մի նոր շարժում, նոր սերնդի շարժում: 19-17 տարի է անցել 88-90 թվականների մեր առաջին համազգային շարժումից: Փոխվել է սերունդ. նրանք, ովքեր 88 թվականին 10-15 տարեկան էին, այսօր արդեն 30-35 տարեկան են: Ես ընդամենը այդ առաջին շարժման եւ ձեր նոր ձեւավորվող շարժման միջեւ կամուրջ եմ: Նոր շարժումը բոլորովին այլ բովանդակություն ունի, այլ նպատակներ, այլ խնդիրներ: Եվ կարծում եմ՝ ձեզ պիտի առաջնորդի նախեւառաջ այն, որ սա ձեր շարժումն է: Ես ընդամենը ձեր գործիքն եմ՝ արտահայտելու համար ձեր կամքը:

Ես կուզեի, որ դուք մի փոքր պատկերացում ունենայիք առաջին շարժման մասին՝ հենց սկզբնաղբյուրից, հանձին նրա ղեկավարության անդամներից մեկի: Երբ ասում են Հայոց համազգային շարժում, դա կուսակցական պատկանելության նշանակություն չուներ այն ժամանակ: Դա իսկապես համաժողովրդական շարժում էր, որում ընդգրկված էին մեր հասարակության բոլոր շերտերը՝ անխտիր: Նույնիսկ շարքային կոմունիստները: Թվում էր, թե մենք պայքարում էինք կոմունիստական ռեժիմի դեմ, բայց մեր շարժման ամենաակտիվ խավերից մեկը հենց շարքային կոմունիստներն էին: Չխաբվեք կոմունիստական կուսակցության այն գաղափարախոսությամբ, թե նա էր Խորհրդային Միության առաջատար կամ ղեկավար մարմինը: Ոչ: Ընդամենը այդ կուսակցության վերին խավն էր, որ օգտվում էր բոլոր բարիքներից, իսկ շարքային կոմունիստները ընդամենը շիրմա էին ծառայում նրանց համար: Մի փաստ հիշեմ. 88 թվականի հունիսին Մոսկվայում տեղի էր ունենալու, եթե չեմ սխալվում, կոմկուսի 19-րդ կոնֆերանսը, որին հենց Ղարաբաղ կոմիտեի նախաձեռնությամբ ուղղվեց մի պետիցիա, որը ստորագրել էին հայաստանցի 40 հազար շարքային կոմունիստներ: Ստորագրահավաքը կազմակերպեց Հայոց համազգային շարժումը, այն ժամանակ՝ «Ղարաբաղ» կոմիտեն: Ես հիշում եմ՝ այսօրվա տեխնիկան չկար, համակարգիչներ չկային, մենք աշխատում էինք պապենական մեթոդներով, թղթի երկար փաթեթներով աշխատող նախկին համակարգիչների վրա, եւ 40 հազար ստորագրության քաշը 38 կիլոգրամ էր: Այդ փաթեթը Սիլվա Կապուտիկյանը տարավ Մոսկվա, իհարկե, մի քանի հոգու օգնությամբ: Ինչու եմ բերում այս օրինակը. նշելու համար, որ դա իսկապես համազգային շարժում էր, որում ընդգրկված էին բոլոր խավերը՝ աշխատավորությունը եւ մեր իսկական մտավորականությունը: Իսկական մտավորականություն ասելով ես նկատի չունեի եւ այսօր էլ չունեմ նոմենկլատուրային մտավորականությանը, որը միշտ էլ ծառայել է ռեժիմին: Ես նկատի ունեմ ուսուցիչների, ինժեներների, գիտաշխատողների, բժիշկների, արվեստագետների հսկայական բանակը: Դա էր այդ շարժման կորիզը: Մեր գյուղացիությունը թվում էր, թե ամռանը պետք է զբաղված լիներ հողի հետ կապված աշխատանքներով, բայց գյուղացիության ողջ ակտիվ, գիտակից զանգվածը մասնակցում էր Երեւանի Ազատության հրապարակում կազմակերպվող բոլոր հանրահավաքներին: Իսկ ովքեր չէին մասնակցում, հանրահավաքից մեկ-երկու ժամ հետո տեղեկացվում էին. մենք միշտ պատրաստում էինք հատուկ տեղեկատվական թերթիկներ, որոնք երկու ժամ հետո հասնում էին Հայաստանի ամենահեռավոր շրջանները: Ու քանի որ երբեմն կես միլիոնանոց, երբեմն նույնիսկ մեկ միլիոնանոց միտինգներ էին լինում՝ թվում էր, թե մենք հանճարեղ կազմակերպիչներ էինք: Բայց այդպես չէր: «Ղարաբաղ» կոմիտեն 11 հոգի էր եւ նրան կից՝ կարելի է ասել, շուրջ 300 ակտիվ գործիչներ: Ճիշտ է, սա արդեն բավականին մեծ ուժ էր, բայց այն ընդամենը կոորդինացնում, ուղղորդում էր շարժումը: Շատերը մեր մասին իսկապես մեծ կարծիքի էին, մտածում էին, թե ունենք հզոր կազմակերպություն, երբ ուզենք՝ կարող ենք ողջ հանրապետությունը կանգնեցնել գործադուլի. երեք ժամում մենք կարող էինք Ազատության հրապարակում 100 հազարանոց հանրահավաք կազմակերպել: Այնպիսի մեխանիզմ էր ստեղծված, ընդ որում՝ մենք չէինք ստեղծել, տարերայնորեն այդպիսի մեխանիզմ էր ձեւավորվել, որ հեռախոսներով, մեքենաներով շրջաններին տեղեկացնելու միջոցով՝ երեք ժամվա ընթացքում հարյուր հազար մարդ միշտ կանգնած էր Ազատության հրապարակում:

Մենք ընդամենը կոչ էինք անում, ասենք, անցնել գործադուլի: Մյուս օրը ստանում էինք՝ չեմ չափազանցում, հազարավոր որոշումներ՝ կոլեկտիվներից: Միշտ այդպես էր լինում, արխիվը կա, պահպանվում է՝ կնքված որոշումներով: Ամբողջ կոլեկտիվներ, հսկայական գործարաններ մեկ մարդու պես կանգնում էին գործադուլի: Կարելի է ասել՝ արդեն 88-ի հունիսից Շարժումը մի այլընտրանքային իշխանություն էր, որը շատ ավելի մեծ հեղինակություն ուներ եւ շատ ավելի մեծ հարցեր էր լուծում, քան պաշտոնական իշխանությունները: Եթե ասեմ, թե ինչպիսի հարցեր, դուք կզարմանաք: Մենք ստեղծել էինք ուժեղ իրավաբանական մարմին, որտեղ բնակչությունից ստանում էինք ցանկացած տիպի բողոքներ: Ասենք՝ հարեւանների հետ ցանկապատի վեճ, հարս ու սկեսուրի կռիվ: Ինչ ասես. չկար մի հարց, որ մեզ չհասներ: Եվ կարող եմ հավաստիացնել, որ մեր համապատասխան բաժինների միջամտությամբ լուծվում էր այդ հարցերի 80-90 տոկոսը: Հատուկ բաժին էր ստեղծված խորհրդային բանակի զորակոչից խուսափողների եւ խորհրդային բանակից փախուստի դիմածների համար, եւ այն ղեկավարում էր Երջանիկ Աբգարյանը: Մենք, այո, այն ժամանակ կոչ էինք անում, որ հայ զորակոչիկները չծառայեն Հայաստանից դուրս: Մենք գտնում էինք, որ մեր երիտասարդները պետք է ծառայեն բանակում, որովհետեւ, ինչպես հետագա իրադարձությունները ցույց տվեցին, դա անհրաժեշտ դպրոց էր, բայց մեր գլխավոր պահանջներից մեկն այն էր, որ Հայաստանի բնակիչները պետք է ծառայեն միայն Հայաստանում: Եվ ովքեր Ռուսաստանից հաջողեցնում էին փախչել, արձակուրդ էին գալիս՝ չէին վերադառնում եւ այլն, մենք նրանց պահում էինք: Խորհրդային բանակը նրանցից ոչ մեկին չկարողացավ ետ վերադարձնել:

Շարժման ժամանակ մենք նաեւ տեսանք ժողովրդական ստեղծագործության ասեմ, թե նախաձեռնության՝ մի հսկայական դպրոց: Ամեն անգամ մենք՝ «Ղարաբաղ» կոմիտեի անդամներս, գալիս էինք Ազատության հրապարակ եւ զարմանում: Դա մի հսկայական բացօթյա ցուցահանդես էր: Ամբողջ հրապարակի շուրջ ցուցատախտակներ էին, դրանց վրա պատկերներ, եւ կարելի էր զարմանալ մեր ժողովրդի սրամտության, ճաշակի, էսթետիկայի վրա: Գրվում էին բանաստեղծություններ. ցանկացած մեկը բանաստեղծություն էր գրում, փակցնում այդ ցուցատախտակներին, փակցվում էին նաեւ լուսանկարների հրաշալի շարքեր: Մենք անգամ չէինք ճանաչում այն մարդկանց, ովքեր դա անում էին: Յուրաքանչյուր մարդ իրեն զգում էր ոչ թե որպես հանդիսատես, որ գալիս է հրապարակ թատրոն դիտելու, այլ այդ պրոցեսի ուղղակի մասնակից: Մեզնից ոչնչով չէին տարբերվում. համարձակության, քաջության տեսակետից նրանք գուցե ավելի խիզախ էին: Նրանք էին գնում տանկերի դեմ, նրանք էին, որ չէին վախենում խորհրդային բանակի եւ, հետագայում, այսպես կոչված՝ սպեցնազի մահակներից: Դա պարզվեց՝ մանավանդ երբ մեզ բանտարկեցին: Երկրաշարժից հետո ուղղակի մղձավանջային վիճակ էր Հայաստանում. հայտարարված էր արտակարգ դրություն, պարետային ժամ, բայց նույնիսկ դա չխանգարեց, որ այդ զանգվածները, հիմնականում երիտասարդներ, ցույց տան իրենց դիմադրական ոգին: Մեր բանտարկությունը չկոտրեց շարժումը: Իհարկե, եղավ մի պահ, երբ ողջ ժողովրդով զբաղված էին միայն աղետյալների վիճակով, բայց դա կարճ տեւեց: Մեզ բանտարկել էին 88-ի դեկտեմբերի 10-ին, բայց արդեն փետրվարից շարժումը սկսեց վերակենդանանալ: Մենք տեղյակ չէինք, իհարկե: Մենք Մոսկվայում էինք:

Բանտարկության ամենամեծ տառապանքը ազատազրկումը չէ, 36 կոպեկ արժողությամբ օրապահիկը չէ: Դուք չեք պատկերացնի 36 կոպեկն ինչ էր. ասենք՝ այսօրվա 70 դրամը: Հենց այդքանով առավոտյան, կեսօրին, երեկոյան պետք է սնվեր խորհրդային բանտարկյալը: 24 տարի ԽՍՀՄ ամենաբարձր շրջանակներում քննարկվում էր 36 կոպեկը 41 կոպեկ դարձնելու հարցը, եւ դա չլուծվեց անգամ բանտից մեր դուրս գալուց հետո: Բայց դա չէր տառապանքը. ամենամեծ տառապանքը մեկուսացումն էր արտաքին աշխարհից: Չկար ոչ մի ինֆորմացիա, բանտախցում աշխատում էր միայն Մոսկվայի քաղաքային ռադիոցանցը, այն էլ, եթե հանկարծ ինչ-որ քաղաքական կամ ուզբեկական գործին վերաբերող նյութ էր լինում, այդ ժամանակ ռադիոն ուղղակի անջատում էին: Ստանում էինք «Պրավդա» եւ «Իզվեստիա» թերթեր, բայց երկու օրը մեկ դրանց մեջ մենք տեսնում էինք կտրված ամբողջական կտորներ:

Սա էր խնդիրը՝ մեզ լիովին անջատել իրարից, անջատել արտաքին աշխարհից: Երեքուկես ամիս, ես դա հետո եմ պարզել, գտնվել եմ մի խցում, որի կողքի խցում գտնվել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ալեքսան Հակոբյանը: Ես դա չեմ իմացել երեքուկես ամիս: Հետո վերջում, մայիսին, երբ պարզ էր, որ մեզ ազատ են արձակելու, ինձ տարան այդ խուց, եւ այդ խցի բնակիչներն ինձ ասացին, որ այդտեղ եղել է Ալեքսան Հակոբյանը, որի մասին շատ լավ հուշեր էին պահպանել:

Ուզում եմ ասել, որ շարժումը մեզանով չէր պայմանավորված: «Ղարաբաղ» կոմիտեին կարող էին ձերբակալել, ձերբակալեցին: Դա է միայն հայտնի. բայց պետք է իմանաք, որ դեկտեմբերի 10-ից հետո ձերբակալվեց Ղարաբաղյան շարժման ողջ ակտիվը. 600 հոգի, որոնք առնվազն մեկ ամիս բանտարկվեցին Սովետաշենի բանտում, իսկ շատերը՝ «ռեցիդիվիստները», բանտարկվեցին եւս մեկ ամիս: Չկոտրվեց շարժումը, որովհետեւ, ասացի, դա մեզնով չէր պայմանավորված. ոչ 11-ով, ոչ 600-ով: Այդ ժամանակ ամբողջ ժողովուրդը «Ղարաբաղ» կոմիտեի անդամ էր: Մենք մի ուրիշ բան էլ էինք արել. դեռեւս 88-ի սեպտեմբերին մենք զգացել էինք, թե ինչպես են զարգանում իրադարձությունները, եւ կանխատեսել էինք, որ մեզ վաղ թե ուշ պետք է ձերբակալեն: Մենք ստեղծեցինք մի գաղտնի «Ղարաբաղ» կոմիտե, այդ 11-ից դուրս, որում ընդգրկված էին հինգ հոգի՝ Երջանիկ Աբգարյան, Դավիթ Շահնազարյան, Ալբերտ Բաղդասարյան, Ավետիք Իշխանյան, Արշակ Սադոյան: Հետո նրանց ոչ ֆորմալ գումարվեցին նաեւ Վիտյա Այվազյանը եւ Սմբատ Հակոբյանը: Այդ յոթն էին, որոնք գաղտնի էին պահվում, ոչ ոք նրանց մասին չգիտեր: Ես հիշում եմ այսպիսի մի դեպք. 1989 թվականի հունվարի 9-ն էր՝ իմ ծննդյան օրը: Նախորդ երեկոյան ձերբակալել էին «Ղարաբաղ» կոմիտեի դրսում մնացած անդամներին: Ձերբակալվել էին նաեւ գաղտնի կոմիտեի անդամները. բայց նրանց ոչ թե որպես կոմիտեի անդամ էին ձերբակալել, այլ որպես ակտիվիստներ: Հայտնի էր արդեն, որ մեր դեմ քրեական գործ են հարուցել եւ մեզ կարող են երկար պահել:

Հայաստանում, Երեւանի բանտում շատ հեշտ էր հաղորդակցությունը՝ Մոսկվայի նման չէր. նամակներ էլ էին փոխանակվում, միջանցքով գոռում էին, իրար ինչ-որ լուրեր փոխանցում. ստեղծվել էր մի կոմուտատոր: Շատ երկար կլոր միջանցք էր Սովետաշենի բանտը. եթե չեք տեսել, շուտով կարող է տեսնեք (ներկաները այս ռեպլիկին արձագանքեցին բուռն ծիծաղով եւ ծափահարություններով): Ամեն խցից կարելի էր երկու խուց տեսնել՝ կողքերը եւ դիմացը: Հնարավոր չէր մի ծայրից մյուսը խոսել. կենտրոնում Բաբկեն Արարքցյանի խուցն էր, դրա կողքը՝ Ալեքսան Հակոբյանինը, որը ամենահզոր ձայնն ուներ: Մենք այս ծայրից փոխանցում էինք՝ Ալեքսան, Վազգեն Մանուկյանին փոխանցիր այսինչ բանը: Վազգեն՝ Լեւոնը քեզ փոխանցում է սա: Ստանում էր պատասխանը՝ ետ էր փոխանցում, եւ այլն: Ուրեմն,

 

 

երբ ես գաղտնի կոմիտեի անդամների ձերբակալության լուրը ստացա, զգացի, որ նրանք տաքացել են: Զգացի, որ նրանք «թասիբի» են ընկել, տղայություն են ուզում անել. իբր՝ ոնց նրանց տանում են, մեզ էլ թող տանեն: Ես մի ճառ ասացի, հետո Ալեքսանը նույն ճառը փոխանցեց բոլորին: Լսեք՝ «Ղարաբաղ» կոմիտեն 11 հոգի է, ուրիշ «Ղարաբաղ» կոմիտե չկա, հասկացա՞ք: Դուք ուրիշ բանի համար եք, դուք ուրիշ խնդիր ունեք լուծելու: Այսպես՝ մի կես ժամանոց ճառ եմ ասել, եւ նրանք համոզվել են ու խոստացել, որ չեն բացահայտվելու: Եվ իսկապես այդ տղաներն իրենց գործն արեցին: Մենք բանտարկված էինք, եւ երկու ամիս հետո, փետրվարին (դա Սումգայիթի զոհերի հիշատակի օրն էր) արտակարգ դրության, պարետային ժամի պայմաններում, այդ մարդիկ առաջին ցույցը կազմակերպեցին դեպի Ծիծեռնակաբերդ: Հետո նույնը տեղի ունեցավ մարտի 8-ին, կանանց շնորհիվ: Ռուսներն էլ, խորհրդային բանակն էլ հարգում էին այդ տոնը, չկարողացան խանգարել, եւ դա իսկապես դարձավ զանգվածային ցույց: Ինչու եմ այս ամենն ասում. սա առաջին ինֆորմացիան էր, որ բանտում ինձ հասավ արտաքին աշխարհից: Այդ ժամանակ արդեն, մարտին, խորհրդային կենտրոնում էլ խլրտումներ էին սկսվել: Արդեն ընթանում էին Ժողովրդական պատգամավորների համագումարի ընտրարշավի միջոցառումները. Սախարովը, մոսկովյան դեմոկրատները առաջընթաց էին արձանագրում: Խլրտումներ էին սկսվել նաեւ դատախազության մարմիններում, սկսում էր քանդվել, փլվել ուզբեկական գործը: Այդ խլրտումները մենք զգացինք՝ նույնիսկ իմ քննիչի վերաբերմունքից, որը ազգությամբ ղազախ էր, Երուբաեւ ազգանունով մտավորական մի մարդ: Ես որեւէ ասելիք չունեմ նրա մասին, որեւէ ճնշում չեմ տեսել նրա կողմից: Միայն ամենահարգալից վերաբերմունք՝ առաջին օրից: Բայց մարտից սկսեցի զգալ, որ նա կամաց-կամաց դառնում է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ: Նա արդեն ինձ գաղտնի թերթեր էր բերում. ինձ հրավիրում էր իբր հարցաքննության, ինքը ինչ-որ բաներ էր տպում, սուրճ էր պատրաստում ինձ համար, շոկոլադ էր հյուրասիրում:

Ոչ «Պրավդա» էր, ոչ «Իզվեստիա»՝ «Մոսկովսկիյե նովոստի», «Արգումենտի ի ֆակտի» եւ 4-5 ժամ թույլ էր տալիս կարդալ: Ամբողջությամբ ինֆորմացվում էի եւ վերադառնում խուց: Հաճախ ինձ հարցաքննում էր Գդլյանի կաբինետում: Գդլյանը «Մատրոսկայա տիշինա» բանտում ուներ իր մշտական գրասենյակը, որտեղ հարցաքննում էր ուզբեկական գործով կալանվածներին: Ի դեպ, այդպիսի կարգ կար. ես կարող էի միայն քննիչի հետ հանդիպել, ոչ ոք իրավունք չուներ հարցաքննության ժամանակ սենյակ մտնել՝ եթե ոչ դատախազությունից: Եվ ահա, մի անգամ քննիչս գաղտնի գրասենյակ բերեց մի հայ տղայի, Սիմոն անունով, որը, ինչպես պարզվեց, նույնպես քննիչ էր, ընդգրկված Գդլյանի խմբում՝ կարծեմ Ղազախստանից, թե Ուզբեկստանից: Այդ քննիչն էր, որ առաջին անգամ ասաց, որ Երեւանում տղաներն արդեն սկսել են. մարտի 8-ին հզոր ցույց է տեղի ունեցել, ամեն ինչ լավ կլինի: Ես հասկացա, որ իսկապես ամեն ինչ լավ է: Սիմոնի գնալուց հետո Երուբաեւն ինձ ասաց, որ Սախարովը գնացել է դատախազություն, ամեն ինչ տակնուվրա արել, ընդգրկել է լավ փաստաբանների (Սախարովն էր մեր փաստաբաններին ընտրել), եկել է արտասահմանյան թղթակիցների ուղեկցությամբ, ձեր գործն էլ քանդվում է:

Այսօր այս ամենը պատմում եմ՝ գաղտնի կոմիտեի գործունեությունը ընդգծելու համար: Այդ տղաները մեր բացակայության ժամանակ ոչ միայն պահեցին շարժումը, այլեւ շատ ավելի հզորացրին: Հունիսի մեկին էր, թե մայիսի 31-ին, երբ մեզ բաց թողեցին, տղաները մեզ բերեցին Մատենադարանի հրապարակ: Առաջին իսկ խոսակցություններից ես տեսա, որ մենք իրենցից ահագին ետ ենք ընկել: Շատ կներեք, ինչպես ասում են՝ տղաների «դուխը ելել իրենց ուտում էր»: Եվ մենք կոմիտեի 11 անդամներով պայմանավորվեցինք, որ պետք է մեկ շաբաթ ընդհանրապես չխոսենք. մեկ շաբաթ ոչ մի լրագրողի հետ չհանդիպենք, ոչ մի հրապարակային ելույթ չունենանք, մինչեւ իրավիճակը հասկանանք: Իսկապես, շարժումը այնքան էր առաջ գնացել, որ եթե, ասենք, 88 թվականին անկախության գաղափարը հեռավոր մի բան էր թվում, այդ օրը մենք տեսանք, որ մեր ողջ ժողովուրդը վարակվել է այդ գաղափարով: Եթե 88 թվականին մենք դեռ համոզված էինք, որ կարելի է երկխոսություն վարել Հայաստանի կոմունիստական իշխանությունների հետ, եւ աշխատում էինք այդ ուղղությամբ՝ գնում էինք կենտկոմ, մեզ հրավիրում էին, զանազան հարցեր էին լուծվում, կարողանում էինք խուսափել բախումներից ու սուր դրսեւորումներից, մենք հիմա տեսանք, որ շարժումն այլեւս անհաշտ է, բացարձակապես չի ուզում Սուրեն Հարությունյանի հետ խոսել, կենտկոմի հետ շփվել: Խզումը բացարձակ էր, եւ դա չվերականգնվեց ու այդպես էլ մնաց: Արդեն ջրբաժանը տեղի էր ունեցել: Այնպես որ, ես պետք է ասեմ, որ եթե հայտնի են միայն «Ղարաբաղ» կոմիտեի 11 անդամները՝ այն հինգը, գումարած երկուսը՝ նույնքան վաստակ ունեն, որքան մենք: Բայց սա էլ ամբողջը չէ. դա ամենեւին տեղի չէր ունենա, եթե ինչպես քիչ առաջ ասացի, յուրաքանչյուր հայ իրեն շարժման մաս չզգար:

Բացառությունները շատ քիչ էին, եւ դրա վավերագիրը 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեն էր, որի տակ ստորագրեց մեր ժողովրդի ավելի քան 98 տոկոսը: Այսինքն՝ այստեղ բոլորը կային. եւ դեմոկրատները, եւ ազգայնականները, եւ կոմունիստները: 98 տոկոսն այլ բան չի կարող նշանակել: Իսկ դա տեղի ունեցավ այն պատճառով, որ յուրաքանչյուրն իրեն զգում էր ոչ թե հանդիսատես, այլ մասնակից: Եվ իմ կոչը ձեզ սա պետք է լինի: Երբ հոկտեմբերի 26-ին ես եկել էի Ազատության հրապարակ՝ զգում էի, որ մենք միասին ենք, մեկ ենք, եւ եթե այս զգացումը փոխանցվի նաեւ ձեզ, ես կարծում եմ մեր հաղթանակն անխուսափելի է: Եթե կան հարցեր, ես մեծ սիրով կպատասխանեմ:

Ալեքսանյան Ալիսա (Հայաստանի ազատական, առաջադիմական կուսակցություն). Նախ ասեմ, որ ողջունում եմ ձեր թեկնածության առաջադրումը նախագահական առաջիկա ընտրություններում: Եթե ենթադրենք, որ պարոն Սերժ Սարգսյանը եւ իշխանությունները իրենց սովորության համաձայն կեղծիքների միջոցով հաղթեն նախագահական ընտրություններում, դուք պատրա՞ստ եք շարունակել պայքարը:

– Ի՞նչ նկատի ունեք պայքար ասելով. այսինքն՝ գնալ ցանկապատե՞ր կոտրել:

Ա. Ա. – Ցանկապատեր չկոտրել, բայց համենայնդեպս շարունակել……

– Ուրեմն ասեմ շատ հստակ. ես կարծում եմ բանը դրան չի հասնելու: Կարծում եմ, որ մենք թույլ չենք տա որեւէ կեղծիք: Դա կախված է նաեւ ձեզանից. եթե մեզանից յուրաքանչյուրը դառնա զինվոր, այս գործի նվիրյալ, նրանք ոչինչ անել չեն կարող: Ուրեմն, մենք գործը պետք է անենք ոչ թե ընտրություններից հետո, այլ ընտրություններից առաջ: Ավելին, մենք մեր կողմից օրենքի ոչ մի խախտում թույլ չենք տալու: Դրա կարիքը չունենք: Մեր ամենահզոր շարժման ժամանակ, երբ հրապարակում կես միլիոն մարդ էր հավաքվում կամ մեկ միլիոն, որեւէ սիզամարգ չէր տրորվում: Հանրահավաքի մասնակիցները իրենց ետեւից հավաքում էին հանրահավաքի ընթացքում կուտակված ողջ աղբը: Դա էր մեր ուժը, մենք կոմունիստական իշխանություններին հաղթեցինք ոչ միայն մեր կազմակերպվածությամբ, այլ օրենքի տառը մինչեւ վերջ հարգելով: Մենք նրանց դեմ այդպես պետք է պայքարենք. թող իրենք օրենքը խախտեն, թող գիշեր-ցերեկ խախտեն: Միշտ էլ չարը վերջ է ունենում, նրանք տասը տարի դա արեցին, այս անգամ չի հաջողվի:

Ա. Ա. – Պարոն Տեր-Պետրոսյան, լիովին համաձայն եմ ձեզ հետ, բայց ուղղակի հաշվի առնելով այն հանգամանքը, որ իշխանությունները իրենց ձեռքում կենտրոնացրել են բոլոր ուժերը, եւ ընդդիմությունը իր ձեռքում չունի ոչ մի ուժ, ի՞նչ ձեւով եք դուք պայքարելու:

– 60 հազարանոց հանրահավաքը ուժ չէ՞, այս գեղեցիկ երիտասարդությունը ուժ չէ՞: Ձեզնից յուրաքանչյուրը հաջորդ անգամ իր հետ հանրահավաքի է բերելու տասը մարդ: Արդեն դառնալու եք բյուր:

Մանուկյան Արսեն (ԵՊՀ ուսանող). Քաղաքական ասպարեզ ձեր վերադարձից ես գոնե ակնկալում եմ գաղափարական լուրջ պայքար: Դուք ունենալու եք նախընտրական ծրագիր: Տնտեսության մեջ ո՞ր ուղղություններին եք զարկ տալու, ո՞ր ուղղություններով եք առաջնորդվելու, տնտեսության ո՞ր ուղղություններն են դառնալու լոկոմոտիվային, որոնց հիման վրա պետք է զարգանա Հայաստանի տնտեսությունը:

– Դուք ուզում եք ժամանակից շուտ իմ ծրագիրը բացահայտե՞լ՝ չի լինի: Մի բան կասեմ. ես տեսնում եմ, որ Հայաստանը ունի մեկ գերխնդիր. ինչպիսի տնտեսական ճյուղ էլ ուզում եք ծրագրել, զարգացնել, ինչպիսի արդյունաբերություն էլ ուզում եք ունենալ, եթե չլուծվի Ղարաբաղի հարցը ու չվերացվեն շրջափակումները, ոչ մի լուրջ բան չի ստացվի: Հասկացեք. կան ֆիզիկական լիմիտներ: Եթե մի երկիր չունի ճանապարհ դեպի արտաքին աշխարհ, եթե մի երկիր իր հարեւանների հետ ընդհանուր շուկա չունի, այդպիսի երկիրը լուրջ զարգացման հնարավորություն չի կարող ունենալ: Կարելի է գոյատեւել, կարելի է գոյությունը քարշ տալ, բայց լուրջ զարգացման մասին խոսելն ուղղակի ծիծաղելի է: Օրինակ բերեմ՝ աշխարհի բոլոր երկրներում հիմնական տնտեսական գործընկերը անմիջական հարեւաններն են: Մեր ամենաբնական տնտեսական գործընկերները պետք է լինեին Ադրբեջանը եւ Թուրքիան: Եվ այդպես էր Խորհրդային Միության ժամանակ. դուք չեք պատկերացնի, թե ինչքան սերտաճած էին Հայաստանի եւ Ադրբեջանի տնտեսությունները: Մանավանդ միջին բիզնեսի, «ցեխավիկների», գյուղատնտեսական ապրանք արտադրողների շրջանակներում, որոնց միջեւ սերտ կապեր էին հաստատված: Դա բնական շուկա էր. Հայաստանը ընդամենը երեք միլիոնանոց շուկա է, իսկ միայն Վրաստանի եւ Ադրբեջանի հետ դառնում է 15 միլիոնանոց շուկա: Այսօր Հայաստանի արդյունաբերությունը խեղդվում է ուղղակի: «Ջերմուկը», «Բջնին», հայկական ծխախոտը այսօր կարող էին տասնյակ անգամ ավելի շատ վաճառվել Ադրբեջանում, քան Հայաստանում: Միայն մի օրինակ՝ Հայաստանում շատ լավ ոչխարաբուծություն կար, Ադրբեջանը այդքան լեռներ չուներ, եւ ահա Հայաստանում արտադրված ամբողջ բուրդը իրացվում էր Ադրբեջանում: Մեր «ցեխավիկների» նույնիսկ ոչ այնքան որակյալ արտադրանքը համարյա ամբողջությամբ տարվում էր Նախիջեւան, Կիրովաբադ: Իհարկե, հիմա ժամանակները փոխվել են, արտադրությունն ուրիշ պահանջներ ունի, բայց գլխավորը ճանապարհներն են եւ շուկան: Աշխարհի բոլոր հզոր պետությունները, անցյալում անգամ՝ Հռոմ, Մակեդոնական կայսրություն, Արաբական խալիֆաթ, Բյուզանդիա, հզորացել են բացառապես ճանապարհների եւ արտաքին աշխարհի հետ բաց հարաբերությունների շնորհիվ: Աշխարհի տնտեսության, ցանկացած արդյունաբերության հիմքը առեւտուրն է, ուրիշ ոչինչ:

Տիգրանյան Արթուր, (Հայաստանի Հանրապետության քաղաքացի). Պարոն նախագահ, ի՞նչ քայլեր եք մտադիր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բանակցային կողմի կարգավիճակը վերականգնելու համար:

– Դա մեր գերագույն խնդիրն է: Դուք ծանոթ եք հոկտեմբերի 26-ի իմ ելույթին, ճի՞շտ է: Ես ասել էի, որ դա չորս ամենաանհրաժեշտ քայլերից մեկն է՝ բանակցությունները բնական փուլ տեղափոխելու համար: Ասեմ՝ շատ դժվար հարց է: Տասը տարի թե միջազգային հանրությունը, թե համանախագահները արդեն վարժվել են մի ֆորմատի, որ իրենց հարմար է, որովհետեւ ավելի հեշտ է բանակցել երկու կողմի հետ, քան երեք: Զուտ ֆիզիկապես եւ հարցերը համաձայնեցնելու առումով՝ երկուսի հետ ավելի հեշտ է խոսել, քան երեքի: Դուք այսօր էլ նման իրավիճակներ ամեն օր կարող եք տեսնել, եւ բիզնեսում, եւ, չգիտեմ, ընկերական հարաբերություններում: Եթե երկու հոգի են՝ հեշտ է, եթե երեք՝ ավելի դժվար: Սրան վարժվել է նաեւ Ադրբեջանը: Սկսած 1992 թվականից, երբ սկսվել էր բանակցային պրոցեսը, Ադրբեջանը ուզում էր Ղարաբաղին դուրս մղել այդ պրոցեսից եւ բանակցել ուղղակի Հայաստանի հետ: Որովհետեւ նա ուզում էր աշխարհի առջեւ այս հակամարտությունը ներկայացնել ոչ թե որպես մետրոպոլիայի եւ թեկուզ զուտ իրավականորեն իր մասը կազմող անկլավի, կամ էթնոտերիտորիալ միավորի հակամարտություն, այլ դա դարձնել միջպետական խնդիր: Դա նրան չհաջողվեց, մեր օրոք դա չհաջողվեց: Մենք հասանք այն բանին, որ 1994 թվականի Բուդապեշտի ԵԱՀԿ-ի գագաթաժողովում արդեն իրավականորեն ճանաչվեց, որ Լեռնային Ղարաբաղը հակամարտության երեք հավասարարժեք կողմերից մեկն է: Այս մանդատը վերահաստատվեց հաջորդ տարվա պրագյան գագաթաժողովում: Այսինքն՝ դա ցանկություն չէր, կապրիզ չէր, դա արդեն Ղարաբաղի միջազգայնորեն ճանաչված կարգավիճակն էր: Ի՞նչ տեղի ունեցավ, երբ Քոչարյանը ընտրվեց Հայաստանի նախագահ: Ղարաբաղցի լինելով, նա ուղղակի իր վրա վերցրեց նաեւ Ղարաբաղի տեսակետը ներկայացնելու գործառույթը: Միջազգային հանրությունը եւ Ադրբեջանը, ինչպես ասում են, ուրախությունից մեռան: Այդպիսի նվեր Ադրբեջանին, չգիտեմ ինչպես կարելի էր անել: Այդ օրվանից, 98 թվականից հետո Ղարաբաղը ընդհանրապես դուրս է մնացել բանակցային բոլոր պրոցեսներից: Հիմա՝ ինչպես ասացի, քանի որ այդպիսի հոգեբանական մթնոլորտ է ստեղծվել, շատ դժվար է լինելու նախկին ձեւաչափը:

Միայն մի էլեմենտ կա, որի հետ ոչ ոք չի կարող հաշվի չնստել՝ Հայաստանի հաջորդ նախագահը պետք է լինի ոչ ղարաբաղցի, որպեսզի հնարավոր լինի գործընթացը ետ պտտեցնել: Պարզ, շատ պարզ, հստակ դիրք է: Ես լինեմ, թե մի ուրիշ ոչ ղարաբաղցի, վաղը չի կարող ասել՝ ես ներկայացնում եմ նաեւ Լեռնային Ղարաբաղի տեսակետը: Կրկնեմ՝ սա դժվար է լինելու. միջազգային հանրությունը, թեկուզ վերը բերված պատճառով կարող է ինչ-ինչ դժվարություններ հարուցել մեր ճանապարհին, որովհետեւ ողջ բանակցային ձեւաչափն է փոխվում, բանակցությունների տրամաբանությունն է փոխվում:

Հակոբ Սադոյան (Հայաստանի Հանրապետության մեկ այլ քաղաքացի). Պարոն նախագահ, ընտրությունների գնալուց առաջ կներկայացնե՞ք այն թիմը, որի հետ գնալու եք, թե՞ դա կանեք նախագահ ընտրվելուց հետո:

– Գիտեմ այդ մտավախությունը եւ այդ կարծիքը: Բայց ամբողջ աշխարհում՝ գիտե՞ք ինչպես է նեկայացվում կամ ինչպես է ձեւավորվում թիմը: Երբ հայտնվում է նախագահի որեւէ թեկնածու, նրա թիմը պարզ է: Նրա թիմը այն մարդիկ են, ովքեր ջանք չեն խնայում այդ թեկնածուի հաղթանակը ապահովելու համար: Թիմը ձեւավորվում է շարժման ընթացքում, եւ դուք կտեսնեք՝ այս չորս ամսվա ընթացքում ովքեր ամենամեծ ջանքը կներդնեն այդ գործում՝ նրանք էլ կգնահատվեն՝ յուրաքանչյուրը իր վաստակի չափով: Մի քիչ բացեմ: Կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել