Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՐԱԶԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբեր 15,2007 00:00

Ես պատրաստակամորեն «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանին հանձնում եմ իր շահած 1000 դոլարը՝ 2004թ. հունվարին մեր միջեւ կայացած գրազի առթիվ։ Ցանկանում եմ նաեւ այդ կապակցությամբ հանդես գալ հետեւյալ մեկնաբանությամբ:

Ես վստահեցնում եմ պարոն Աբրահամյանին, որ մեր նախաձեռնած Ազգային հեղափոխության գործընթացն անպայման հասնելու է տրամաբանական հանգուցալուծման, եւ Հայաստանում արձանագրվելու է ժողովրդահաճո իշխանափոխություն: Դրա համար գալիք նախագահական ընտրությունները կլինեն ամենապատեհ առիթն ու միջոցը:

2004թ. հունվարի 28-ին իր թերթի առաջնորդողում Արամ Աբրահամյանը մեզ համար անհասկանալի եւ իշխանական դաշտին ներհատուկ տեղեկացվածությամբ համոզմունք էր հայտնել, թե Ռոբերտ Քոչարյանը մինչեւ 2008 թվականը կշարունակի պաշտոնավարել, ու այդ առթիվ առաջարկում էր ընդդիմադիր գործիչներին գրազ գալ իր հետ։ Ձեռնոցը, ինչպես ասում են, նետված էր, եւ ես ընդունեցի այն՝ նախեւառաջ ընդդիմության վարկը բարձր պահելու համար, եւ արդյունքում, ինչպես արդեն հայտնի է, միայն ես գրազ եկա գլխավոր խմբագրի հետ։ Լինելով պրագմատիկ եւ իրատես քաղաքական գործիչ եւ հասկանալով Հայաստանում առկա ներքաղաքական ու երկրի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական մթնոլորտը՝ բնականաբար ցանկանում էի, որպեսզի դարաբաղյան կլանը օր առաջ հեռանար իշխանությունից: Հետեւաբար չէի կարող համաձայնել պարոն Աբրահամյանի թեզին, քանի որ ինքս հետագայում ԶԼՄ-ներով հայտարարել եմ, որ 2003թ. ընտրություններից հետո Ռոբերտ Քոչարյանն արդեն իսկ դարձավ ամենաերիտասարդ թոշակառուն: Բացի այդ, ՀՀ իշխանությունների արկածախնդիր ղեկավարման եւ ամեն րոպե սպասվող ֆորս-մաժորային իրավիճակի պարագայում պետք չէր բացառել ոչինչ:

Ինչեւէ, ես կարծում եմ, որ սա այն դեպքը չէ, երբ պարոն Աբրահամյանը պետք է ուրախանա գրազը շահելու առթիվ, եթե իրեն համարում է հիմնականում ընդդիմադիր կեցվածք դրսեւորող օրաթերթի գլխավոր խմբագիր։ Իսկ եթե Արամ Աբրահամյանը, այնուամենայնիվ, ուրախ է գրազը շահելու առթիվ, ապա թող խղճի մտոք վայելի իր վաստակած 1000 դոլարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել