Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆ

Նոյեմբեր 17,2007 00:00

\"\"Իսկ կարիերիստները վախենում են զորակցության խոսք ասել Նարեկ Գալստյանին

«Առավոտը» փորձեց կուսակցությունների երիտասարդական թեւերի ներկայացուցիչներից եւ կառույցներից պարզել, թե ինչպես են գնահատում օրեր առաջ ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական երիտասարդական միության երիտասարդական թեւի ատենապետ Նարեկ Գալստյանի հետ կատարված ֆիզիկական հաշվեհարդարը: Մեզ հետաքրքրող հարցին որոշ իշխանամետ կուսակցությունների երիտասարդական թեւերի ներկայացուցիչներ չցանկացան հեռախոսով պատասխանել, փոխարենը հետաքրքրվեցին, թե ինչպես ենք իմացել իրենց բջջայինի համարը:

Համահայկական երիտասարդական հիմնադրամի մամուլի պատասխանատու, հայկական PR ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը այսպես արտահայտվեց Ն. Գալստյանի հետ կատարվածի մասին. «Ըստ իս, դա դատապարտելի երեւույթ է: Երեկ խանութում էի եւ պատահաբար «Ազատությունից» տեղեկացա կատարվածի մասին: Որպես երիտասարդ՝ ցավում եմ, որովհետեւ վաղը կարող է նույն բանը ինձ հետ պատահել: Այդքան խոսում ենք ժողովրդավարությունից, ազատությունից ու մեկ էլ նման բաներ են պատահում: Անկախ նրանից, թե մարդն ինչ գույն, սեռ, գաղափարներ ու քաղաքական նախասիրություններ ունի եւ ինչ կուսակցության ներկայացուցիչ է, մա՛րդ է, իրավուքների էդ տիպի ոտնահարումը, կրկնում եմ՝ դատապարտելի է: Մանավանդ Նարեկ Գալստյանը ոչ թե հայհոյանք էր բաժանում, այլ ինֆորմացիա, իսկ ինֆորմացիա ստանալու իրավունք բոլորն ունեն»:

ՀՀՇ երիտասարդական թեւի ղեկավար Կարեն Կարապետյանն էլ ասաց. «Այս իշխանությունները եւս մեկ անգամ փաստում են, որ իրենց իշխանությունը պահպանելու համար պատրաստ են դիմել ցանկացած անբարոյական քայլի, որովհետեւ ահաբեկել, ծեծի ենթարկել մարդուն իր քաղաքական հայացքների համար՝ մեծագույն անբարոյականություն է: Նարեկ Գալստյանի հետ կատարվածը եւս մեկ անգամ ապացուցում է, որ այս իշխանությունները այլեւս վերարտադրության որեւէ հնարավորություն չունեն եւ այդ պատճառով են դիմում նման միջոցների: Ընդհանրապես դատապարտում եմ ոչ միայն Նարեկ Գալստյանի, այլեւ ցանկացած մարդու նկատմամբ իրականացրած բռնարարքները»:

«Նոր ժամանակներ» կուսակցության երիտասարդական թեւի նախագահ Գարեգին Հակոբյանն էլ հայտնեց. «Մենք ընդհանրապես դեմ ենք խոսքի ազատության դեմ ուղղված յուրաքանչյուր նման վերաբերմունքի, առավել եւս՝ երիտասարդության դեմ ուղղված նման քայլերին, մանավանդ որ, այն կատարվում է հենց իրավապահ մարմինների կողմից»:

Ն. Գալստյանի հետ կատարվածը դատապարտել են նաեւ «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբ՝ հասարակական կազմակերպությունը, «Ժառանգություն» կուսակցությունը եւ այլք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել