Լրահոս
Օրվա լրահոսը

Ի ՎԵՐՋՈ, Ո՞Վ ԷՐ ԹԻՐԱԽԸ

Նոյեմբեր 20,2007 00:00

\"\"ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում երեկ հետաձգվեց 9 տարվա ազատազրկման դատապարտված Վիրաբ Գասպարյանի վերաքննիչ բողոքի քննությունը: Այս անգամ դատարան չէին ներկայացել նրա պաշտպանները՝ Նիկոլայ Բաղդասարյանն ու Կրոմվել Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ Վիրաբ Գասպարյանը (հայտնի է «Բանգլադեշի Վիրաբ» անունով) մեղադրվում է Հայկ Մելիքյանի («Օշականցի Հայկո» մականունով) դեմ 2004թ. նոյեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը Հալաբյան փողոցում գտնվող «Բոուլինգ» կենտրոնի եւ «Տաթեւիկ» շոգեբաղնիքի տարածքում «մահափորձ» կատարելու եւ Արագածոտնի մարզի Արեգ գյուղի բնակիչ Գեւորգ Խաչատրյանին վնասվածք հասցնելու համար: Դեպքի օրը Գ. Խաչատրյանը գտնվել էր իր «Նիվա» ավտոմեքենայի մեջ, եւ կրակոցների պահին Հալաբյան փողոցով անցնելիս պատահաբար որովայնի շրջանում ստացել էր հրազենային վնասվածք:

Նախորդ դատական նիստում ցուցմունք տված տուժող Գեւորգ Խաչատրյանն ասաց, որ իրեն փորձում են Վիրաբի հետ «թշնամի հանել», սակայն դա այդպես չէ: Ավելին, նա արեց մի հայտարարություն, որը նախաքննության ժամանակ չէր արել: Նա ասաց, որ 2004թ. նոյեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը, երբ ինքն անցնելիս է եղել Հալաբյան փողոցով, «BMW» մակնիշի կարմիր ավտոմեքենան, որտեղից կրակել են, գտնվել է իր տեսադաշտում: Ըստ նախաքննության մարմնի, իբր «BMW»-ում էր Վիրաբը: Տուժողն ասաց, որ նախաքննության ժամանակ ինքը եղել է դեղերի ազդեցության տակ, իսկ քննիչն էլ ուղղորդել է իրեն: Մասնավորապես՝ ուղղորդել, թե ասա, որ կրակոցները եղել են «Բոուլինգ» կենտրոնի եւ «Տաթեւիկ» շոգեբաղնիքի միջեւ ընկած տարածքում: Տուժողի հայրը՝ Նորիկ Խաչատրյանը «Առավոտի» հետ հեռախոսազրույցի ժամանակ ասաց, որ իրենք ուզում են իմանալ ճշմարտությունը, թե ով է վիրավորել, վնասվածք հասցրել իրենց որդուն: Նրա համոզմամբ, իր որդու վրա կրակողը Վիրաբը չի եղել:

Ի դեպ, Վիրաբ Գասպարյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանը միջնորդել էր, որպեսզի նշված տարածքում տեղատեսություն անցկացվի, սակայն դատարանը մերժել էր այն, պատճառաբանելով, թե այնտեղ ներկայումս շինարարական աշխատանքներ են կատարվում, եւ որ փոխվել է տարածքի արտաքին նկարագիրը: Սակայն ո՞ւմ տեղեկատվությունը դրվեց այդ միջնորդության մերժման հիմքում՝ այդպես էլ չհստակեցվեց: Տարածքում ասում են, որ 2 մ բարձրության պատ կա, եւ կարեւոր էր ճշտել կրակոցների ուղղությունը:

Պաշտպանական կողմի հաջորդ միջնորդությունը նույնպես մերժվեց: Նրանք միջնորդեցին, որպեսզի դատարան հրավիրվի դեպքի օրը տուժողի «Նիվայում» գտնված մորաքույրը: Հավանաբար, մորաքույրն էլ կպնդեր, որ այդ օրը տեսել է «BMW»-ից կրակոցները: Մինչ օրս գործի նյութերում իրեղեն ապացույց համարված ինքնաձիգը չկա:

Ինչ վերաբերում է հետախուզման մեջ գտնվող հաջորդ տուժողին՝ Հայկ Մելիքյանին՝ «Օշականցի Հայկին», ապա տեղեկացնենք, որ հրապարակված նախաքննական ցուցմունքում «մահափորձի թիրախ» համարվող այս տուժողը հայտարարել էր. «Չգիտեմ ի՞նչ դեպք է: Իմ հետ նման բան չի պատահել»:

Գասպարյանի պաշտպանի՝ փաստաբան Կրոմվել Գրիգորյանի տեղեկացմամբ, իր պաշտպանյալի առողջական վիճակը վատ է, նա գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոցում» եւ դեռ բուժվում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել