Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՎԱՃՈՒՄՆԵՐ՝ ԱՆՏԵՍԵԼՈՎ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԱՐՎԱԾՆԵՐԸ

Նոյեմբեր 20,2007 00:00

\"\"2008 թվականի ամռանը Պեկինում անցկացվելիք Պարաօլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացնելու է միայն մի մասնակից՝ 21-ամյա Եվրոպայի փոխչեմպիոնուհի, ծանրամարտիկ Գրետա Խնձրցյանը:

Նա ունի ոչ միայն դժվար արտասանվող ազգանուն, նաեւ՝ ճակատագիր: 1988 թվականի երկրաշարժը վրա հասավ այն ժամանակ, երբ նա ընդամենը երկուսուկես տարեկան էր: Գրետան, կամ ինչպես նրան քնքշորեն անվանում են՝ Լալան, այդ օրը Լենինականի իրենց բնակարանում էր՝ ավագ քույրիկի, եղբոր եւ ծնողների հետ: Հիմա նա ոչինչ չի հիշում, տեղի ունեցածը կարողանում է վերականգնել միայն տատի եւ պապի պատմածով: Աղջնակին հայտնաբերեցին հենց նրանք՝ երկու օր համառ փնտրտուքներից հետո, երբ լսեցին տան փլատակներից լսվող փոքրիկի ձայնը: Լալան հաց ու ջուր էր ուզում: Տատն ու պապը, փորելով եւ մաքրելով քարի եւ երկաթի կույտերը, հայտնաբերեցին թոռանը, որի ոտքերը եւ գլուխը, սակայն, ճզմել էր երկաթբետոնե սալիկը:

Նրան անմիջապես հասցրին Երեւանի 1-ին հիվանդանոց, որտեղ ստիպված երկու ոտքն էլ անդամահատեցին՝ ծնկներից վերեւ: Քիչ էր մնում նրան որդեգրեր բուժքույրը՝ տեղեկանալով, որ երեխան որբ է: Բայց տատն ու պապը, Երեւանի հիվանդանոցների դռներն ընկած, վերջապես գտան իրենց թոռնիկին:

Մեկ տարի անց հարկ եղավ Միացյալ Նահանգներում կրկին վիրահատել Գրետայի ոտքերը՝ ամրացնելով պրոթեզներ: Հենց նույն տարին Գրետան վերադարձավ հարազատ Գյումրի, որտեղ մինչեւ օրս ապրում է:

«Բոլորովին վերջերս հայտնաբերեցի, որ նա ֆիզիկական լավ տվյալներ ունի: Փորձեցի այդ ուղղությամբ էլ նրան զարգացնել, եւ արդյունքը չուշացավ,- պատմում է Հայաստանի ազգային պարաօլիմպիական կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը:- Գրետան արդեն հինգ տարեկանից մասնակցում էր կոմիտեի կազմակերպած գրեթե բոլոր մարզական միջոցառումներին. ձմռանը Ծաղկաձորում զբաղվում էր դահուկասպորտով, ամռանը, Սեւանի ափին՝ սայլակավազքով: Բայց նրա իրական մարզական հատկանիշներն ի հայտ եկան 14 տարեկանում»:

Երբ լրացավ 16-ը, Լալան մեկնեց Լոս Անջելես, որտեղ մասնակցելով սայլակավազքի 20-րդ միջազգային մարաթոնին՝ իր տարիքային խմբում գրավեց առաջին տեղը, իսկ կին մասնակիցների մեջ՝ 5-րդը, ցույց տալով 3 ժամ 15 րոպե արդյունք: Ունենալով կամային բարձր հատկանիշներ՝ նա ընդհանրապես հրաժարվեց սայլակով տեղաշարժվել: Ավելին, Գրետան սկսեց զբաղվել լեռնադահուկային սպորտով: Ընդամենը մեկ ամսվա մարզումներից հետո, այն դեպքում, երբ անհրաժեշտ էր առնվազն 1-2 տարի, 2006 թվականին նա, արդեն որպես լեռնադահուկորդուհի, մեկնեց Թուրին՝ մասնակցելու Ձմեռային պարաօլիմպիական խաղերին: Ճիշտ է, 12 մասնակիցների մեջ նա այս անգամ տասներորդն էր:

Բայց Գրետան շուտ հանձնվողներից չէ: Նա սկսեց զբաղվել ծանրամարտով՝ օրական բարձրացնելով տասնյակ կիլոգրամներ: Հաջողությունը երկար սպասել չտվեց՝ 2007 թվականի հունիսի 8-15-ը մասնակցելով Եվրոպայի հաշմանդամային 8-րդ բաց առաջնությանը, Հունաստանի Կավալա քաղաքում, 48 կիլոգրամ քաշային կարգում Գրետան նվաճեց արծաթե մեդալ եւ ձեռք բերեց 2008 թվականին Պեկինում անցկացվելիք Ամառային պարաօլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք: Մրցումներին նա ընդամենը 5 կիլոգրամով զիջեց իսպանուհուն՝ բարձրացնելով 60 կիլոգրամ:

Գրետան այժմ մարզվում է Գյումրիում, Իսրայել Միլիթոսյանի դպրոցում, մարզիչ Հակոբ Փիլոսյանի մոտ, պատրաստվելով լուրջ ստուգատեսին՝ Պարաօլիմիական խաղերին: «Ես մեծ հույս ունեմ, որ կգրավեմ մրցանակային տեղը»,- վստահ է մարզուհին: Այժմ հեշտությամբ բարձրացնում է 70 կիլոգրամ, իսկ արդեն մրցումներին Գրետան, ավելացնելով մարզումների ծանրաբեռնվածությունը, պատրաստվում է բարձրացնել 110 կիլոգրամ, այն դեպքում, երբ համաշխարհային ռեկորդը կազմում է 115 կիլոգրամ:

Պեկինի խաղերի նախապատրաստման փուլը անցնում է շատ դժվար՝ Լալան ունի բազմաթիվ պրոբլեմներ: Նախ նրան պետք է տրամադրել փոխադրամիջոց, որ հասնի տնից 1 կիլոմետր հեռու գտնվող մարզադահլիճ: Ամեն անգամ, ունենալով սուղ դրամական միջոցներ, նա ստիպված է լինում տաքսի վարձել: Մարզիկի համար սնվում է շատ վատ: «Յոլա եմ տանում, հաց ու պանրով մարզիկը չի կարող բարձր արդյունքների հասնել: Երբ Հունաստանից վերադարձա արծաթե մեդալով, իշխանությունները սարեր ու ձորեր էին խոստանում, հիմա ես, փաստորեն, ոչ մի պետական աջակցություն չեմ ստանում»,- վրդովված պատմում է Գրետան: Եվրոպայի փոխչեմպիոնը նաեւ ապրում է ծանր բնակարանային պայմաններում: Այն տանը, որը ժամանակին նրան տրամադրել էին քաղաքային իշխանությունները՝ Ավստրիական թաղամասում, բացի իրենից եւ ամուսնուց բնակվում են նաեւ տատը, պապը, տատի քույրը, հորեղբայրը, հորեղբոր կինը, նրանց 5 անչափահաս երեխաները, ընդհանուր առմամբ՝ 12 հոգի: Վերջերս չդիմանալով այդ նեղվածքին, նրա ամուսին Արամը ինքնակամ մեկնեց Մեղրի՝ բանակում սպայական աշխատանք կատարելու համար: «Եթե այնտեղ ինձ համար մնալու տեղ լիներ, ես էլ կգնայի»,- խոստովանում է Գրետան: Նա չի պատրաստվում դիմել քաղաքային իշխանություններին: Լալան սովոր չէ լինել խնդրողի դերում: Բայց պետությունը ուղղակի պարտավոր է հոգալ այս հիանալի մարզուհու բոլոր հոգսերը, մի մարդու, որը ոչ միայն ապացուցել է, որ կարող է դիմակայել ճակատագրի ծանր հարվածներին, այլեւ դնել բարձ նպատակներ եւ հասնել դրանց: Եվ վերջիվերջո, չէ՞ որ Գրետան պահում է այլ երկրներում Հայաստանի պատիվը, այն էլ շատ բարձր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել