Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄՈՒՏԻԼՈՎՉԻԿՈՒԹՅԱՄԲ» ՉԵՄ ԶԲԱՂՎԵԼՈՒ»

Դեկտեմբեր 07,2007 00:00

\"\"Նախագահական ընտրություններում Իսրայել Հակոբկոխյանը կսատարի «ամենաազգասեր տղուն»

Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը մեկ շաբաթ առաջ նամակ էր գրել «հայոց թագավորին», որպեսզի վերջինս միջնորդի գրավ դնել աշխարհի չեմպիոնի իր մեդալները՝ հարմար պայմաններով վարկ վերցնելու եւ նախագահական մրցապայքարին մասնակցելու համար: Բռնցքամարտիկի դիմումն առ «հայոց թագավորն» այդպես էլ անարձագանք է մնացել: Բայց այդ ամենից Հակոբկոխյանն իր համար հետեւություններ է արել. «Հայ մարդը եւ նրա արած գործն իր երկրում գնահատականի չեն արժանանում: Ես կարող էի այլ ձեւեր գտնել այդ գումարը ունենալու համար՝ դրսում լավ ընկերներ ունեմ, թեկուզ մարզական աշխարհի իմ հակառակորդները, բայց չարժե մեր տան մեջ գործ բռնելու համար դրսից փողեր բերենք»: Բացի այդ՝ «Ղեկավարության թեւի տակ շատ մարդիկ կան, որ ինձ գումար են պարտք. գնում ես ուզելու, ասում են՝ ռեկետ ա անում, բայց ես էդ փողերը ստանալու եմ, հարցը դրանում չի. ուղղակի ես էնքան մեծ ցավ ապրեցի ու դասեր քաղեցի, որ մի ժամանակ ինձ բոլորը միաբերան՝ ղեկավար, թե հասարակ մարդ, ասում էին՝ դա քո համար չես անում, մեր ազգի համար ես անում: Էսօր բանից պարզվեց, որ էդ փողատերերը էնքան անարժան մարդիկ գտնվեցին իրենց ազգի ոչ թե մարդու, այլ արժեքի հանդեպ: Էդ մեդալները ազգային արժեքներ են: Բայց ես դրանից ավելի ցավերի եմ դիմացել, դրան էլ կդիմանամ: Միգուցե շատ դեռահասներ էսօր ծաղրանքով են վերաբերվում իմ էս քայլին, բայց իրանք էլ թող հասկանան, որ էդ իրանց գլխովն էլ ա գալու: Ես էսօր փորձելու եմ հասկանալով մոտենալ մարզիկներին, որ էսօր վաճառվում են կամ կանգնում են ուրիշ պետության դրոշի տակ, որովհետեւ հայ մարդու գործը Հայաստանում գնահատանքի արժանի չի»: Ինչեւէ, Հայաստանում «ազգի արժեքները հարգող» եւ «ազգը սիրող» մարդու ապարդյուն որոնումներից բռնցքամարտիկը հիասթափված չէ. «Կգա ժամանակը, ընտրությունները թող վերջանան, կտեսնեք, որ այդ մեդալների գինն էնքան բարձր ա, որ միգուցե Ալիեւն իրան պատռի, որպեսզի Ադրբեջան երկրում էդպիսի մեդալներ լինեն: Հայաստանաբնակները կհասկանան դրանց արժեքը»:

Այս իրավիճակից բռնցքամարտիկն իր համար մի բան էլ է ճշտել. «Քաղաքականություն, քաղաքականություն, որ էդքան ասում են, ինձ էլ ասում են՝ դրա մեջ դու չկաս, ես շփվելով հասկացա, որ դա խառնակչություն ա՝ «մուտիլովկա», խաբս տալ: Ես շնորհակալ եմ մարդկանց, որ ասում են՝ դու դրա մեջ չկաս, որ իմ ճիշտ գնահատականը գիտեն. խառնակչության, «մուտիլովկայի» մեջ ես ոչ կամ, ոչ էլ կարող եմ լինել: Էս «մուտիլովչիկները», որ գնում են ուրիշներից հարցնում են, թե գնան իրենց երկրում ո՞նց ապրեն ու իրանց օրենքներն էլ պարտադրում են մեր վզին, շատ սխալվում են, որ հայերի մեջ կգտնվեն մարդիկ, ովքեր կհամաձայնեն եվրոպացու օրենքներով ապրել: Շատ «մուտիլովչիկների» ուղեղները այսօր ճարպակալած են, միայն լեզվի կենտրոններն են զարգացնում, որ լեզվով իրենց գործունեությունը ցույց տան: Բայց լեզվով մի ժամանակ միայն մի տեսակի մարդիկ էին իրանց գործը ցույց տալիս: Էս մոլորակ որ ինձ ուղարկել են՝ իմ կատարողականությունը ստուգելու համար են ուղարկել, ոչ թե լեզվիս հանճարությունը տեսնելու»: Իսկ ինչպե՞ս է վարվելու Իսրայել Հակոբկոխյանն այսուհետ, որեւէ մեկին պաշտպանելո՞ւ է: «Մեջներից ջոկելու եմ ամենաազգասեր տղուն ու փորձելու եմ ամեն կերպ, որ ինքը հասնի հաջողության: Քարոզարշավը սկսելուց հետո դա կարճ ժամանակում կերեւա»: Իսկ «ամենաազգասեր տղեն» հայտնի կդառնա այն ժամանակ, երբ՝ «Մի հատ հանդիպեն՝ դեմ-հանդիման, իրար աչքերի մեջ նայեն ու կարողանան իրար հարցերի պատասխանել, սենց՝ առանձին-առանձին, բոլորն էլ իրանց ներկայացնում են, որ ամենակարգին տղեն են, որ հադիպեցին՝ էն վախտ կերեւա: Թե չէ՝ հետեւից ամեն ինչ էլ կարան խոսան»:

«Ես վատ մարդ եմ, բայց լավ հայ եմ»,- ասում է բռնցքամարտիկը եւ բացատրում. «Ամեն մարդ չէ, որ ճշմարտությունը պատրաստ ա լսել, իսկ ես իմ կյանքում երբեք ճիշտը չեմ սիրել: Ոստիկանն իրա ճիշտն ունի, «մուսրը»՝ իրա, ամպագույն տղեն՝ իրա ճիշտը, տղամարդ տղեն՝ իրա եւ այլն: Ես իմ կյանքում անում եմ այն, ինչ կուզեի, որ իմ հանդեպ անեին: Էսօրվա «մուտիլովչիկները» եկել են իմ նման տղերքի համար ուզում են օրենքներ գրել ու ներկայանալ ազգի փրկիչներ: Ես էս իմ արած քայլով եւս մեկ անգամ համոզվեցի, որ Հայաստանն իսկական հայերի կարիք ունի: Ես անպայման կփորձեմ իմ ապրելակերպով ու էությամբ նպաստել, որ Հայաստանն առաջին հերթին լինի հայի համար: «Մուտիլովչիկությամբ» չեմ զբաղվելու, բայց ապրելու եմ ազգիս ցավով ու դարդով»: «Ես, որ սխալվել, սակայն չեմ ստել: Կորցրել եմ հաճախ, բայց նորից գտել: Ես, որ սայթաքել ու վայր եմ ընկել. ընկել եմ, սակայն երբեք չեմ ծնկել»,- Սեւակին մեջ է բերում մեր զրուցակիցը եւ հավելում, որ. «Ես երբեք ծնկի չեմ եկել, իսկ մնացածներդ՝ ծնկի եկողներ, գնացեք ձեր գեները ստուգեք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել