Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշմանդամին պետպատվեր չեն տրամադրել

Դեկտեմբեր 12,2007 00:00

Առաջին կարգի հաշմանդամին բուժսպասարկումն արժեցել է 105 հազար դրամ

Նոյեմբերի 28-ին «Էրեբունի» հիվանդանոցի շտապօգնությունը Քնարիկ Մխիթարյանին շնչառական խնդիրներով տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Չնայած այսօր շտապօգնության ծառայությունն անվճար է, Ք. Մխիթարյանի հարազատներից, հիվանդին տեղափոխման համար, գանձել են 10 հազար դրամ: Ք. Մխիթարյանն առաջին կարգի հաշմանդամ է. շաքարային դիաբետի պատճառով նրա աչքերը չեն տեսնում, մի ոտքն էլ անդամահատված է: Սակայն այդ հանգամանքը «Էրեբունու» բժիշկների համար որեւէ հիմք չի հանդիսացել եւ հաշմանդամ լինելով հանդերձ՝ հիվանդը այդպես էլ չի կարողացել օգտվել պետպատվերի իր իրավունքից:

Ք. Մխիթարյանի հարազատների ներկայացմամբ՝ իրենք, բացի բուժման վարձից, վճարել են նաեւ դեղորայքի համար: Նրանց պատմելով, անգամ սպիտակեղենն են տնից տարել: Չնայած տիկին Քնարիկի հարազատները մի քանի անգամ փորձել են բժիշկներին հիշեցնել, որ իրենց հիվանդը որպես հաշմանդամ անվճար բուժման իրավունք ունի, սակայն ոչ ոք բանի տեղ չի դրել՝ պահանջելով պալատի եւ բուժսպասարկման համար վճարել 95 հազար դրամ, 25 հազարը՝ 4 օր մահճակալ զբաղեցնելու, 70 հազարն էլ՝ բուժման համար:

«Եթե 1-ին կարգի հաշմանդամի հետ այսպես են վարվում, որի երկու աչքերը չեն տեսնում, ոտքն էլ կտրած է, պատկերացնո՞ւմ եք մնացածներին ինչ կանեն»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Ք. Մխիթարյանի ամուսինը: Նա բողոքով դիմել է նաեւ առողջապահության նախարարություն:

Ինչ վերաբերում է շտապօգնության ծառայության համար գումար գանձելուն, ապա «Էրեբունի» հիվանդանոցի գործադիր տնօրեն Արթուր Ռոստոմյանը «Առավոտին» պարզաբանեց, որ իրենց շտապօգնությունը վճարովի է եւ Մխիթարյաններից 10 հազար դրամը միանգամայն օրինական են գանձել: Սակայն նկատենք, որ եթե անգամ օրինական է, ապա Ք. Մխիթարյանի հարազատները պնդում են, որ դրա դիմաց իրենց դրամարկղի կտրոն չի տրամադրվել:

«Չգիտեմ՝ ինչու իրենց կտրոն չի տրվել, սակայն կարող եմ հստակ ասել, որ մեր աշխատակիցներն իրավունք ունեին Մխիթարյաններից այդ գումարը պահանջել: Ինչ վերաբերում է անվճար բուժսպասարկմանը, ապա ասեմ, որ մենք ունենք ծանուցագրեր, որտեղ կոնկրետ նշված է, թե որ դեպքում է բուժսպասարկումն անվճար: Քնարիկ Մխիթարյանը հիվանդանոց է տեղափոխվել խրոնիկ հիվանդությունների սրացման պատճառով, որի դեպքում պետպատվերը չի գործում»: Մեր հարցին, թե որպես հաշմանդա՞մ էլ տիկին Քնարիկն իրավունք չուներ օգտվել անվճար բուժօգնությունից, պարոն Ռոստոմյանն ասաց. «Երբ հիվանդին բերեցին, նրանք մեզ չեն ներկայացրել Քնարիկ Մխիթարյանի հաշմանդամության կարգը հաստատող փաստաթուղթ, ուստի մենք եթե անգամ տեսնում ենք էլ, որ հիվանդը հաշմանդամ է, չենք կարող նրան անվճար սպասարկել: Նրանք այդ փաստաթուղթը շատ ուշ են ներկայացրել»: Պարոն Ռոստոմյանի խոսքերով՝ իրենք պարտավորվում են բուժման համար գանձված գումարը Մխիթարյաններին վերադարձնել: «Ինչ վերաբերում է պալատի համար տրված գումարին, ապա տիկին Քնարիկի հարազատներն են ցանկացել, որ իրենց հիվանդը «լյուքս» պալատում պառկի, իսկ դա պետպատվերով չի նախատեսվում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել